Պերիտոնիտ. պատճառներ
03-06-2021
2 րոպե

Որովայնամզի վարակ կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներից:
Ավելի հաճախ պերիտոնիտ զարգանում է որովայնի խոռոչում տեղակայված օրգանների թափածակման (պերֆորացիա) կամ պատռման պատճառով:
Պերիտոնիտը որովայնի պատի տակ ընկած բարակ թաղանթի՝ որովայնազմի (պերիտոնիում) բորբոքումն է։ Շարակցահյուսվածքային որովայնամիզը ծածկում է որովայնի խոռոչի բոլոր օրգանները՝ ստամոքս, լյարդ և մարսողական մյուս օրգաններ, այդ թվում՝ բարակ և հաստ աղիներ։
Պերիտոնիտի հանգեցնող թափածակման կամ պատռման ամենատարածված պատճառները ներկայացված են ստորև:
- Բժշկական միջամտություններ, օրինակ՝ պերիտոնեալ դիալիզ. պերիտոնեալ դիալիզն օգտագործում է խողովակներ (կաթետրներ), որոնոց միջոցով հեռացվում են նյութափոխանակության արգասիքները, երբ երիկամներն այլևս անկարող են զտել արյունը: Ոչ մաքուր միջավայրի, հիգիենիկ նորմերի խախտման կամ վարակված սարքերի պատճառով պերիտոնեալ դիալիզը կարող է դառնալ որովայնի խոռոչի վարակման պատճառ: Պերիտոնիտ նաև կարող է զարգանալ որպես ստամոքսաղիքային վիրահատության, որովայնային դրենաժների օգտագործման կամ համանման միջամտությունների և խիստ հազվադեպ՝ կոլոնոսկոպիայի կամ էնդոսկոպիայի բարդություն:
- Որդանման ելունի (ապենդիքս), ստամոքսի խոցի պատռում կամ հաստ աղու թափածակում. այս վիճակներից յուրաքանչյուրը կարող է թույլ տալ, որ ստամոքսաղիքային ուղու բացվածքից բակտերիաները թափանցեն որովայնի խոռոչ:
- Պանկրեատիտ. ենթաստամոքսային գեղձի բորբոքումը (պանկրեատիտ) կարող է բարդանալ վարակով և բերել պերիտոնիտի, երբ բակտերիաները տարածվում են գեղձի սահմաններից դուրս:
- Դիվերտիկուլիտ. մարսողական խողովակի փոքր արտափքված պարկերի (դիվերտիկուլոզ) վարակը կարող է հանգեցնել պերիտոնիտի, եթե դրանցից մեկնումեկը պատռվում է և աղիների պարունակությունը լցվում է որովայնի խոռոչ:
- Տրավմա. վնասվածքը կամ տրավման կարող են առաջացնել պերիտոնիտ՝ թույլ տալով, որ բակտերիաները կամ քիմիական նյութերը դուրս գան որովայնի խոռոչ և վարակեն որովայնամիզը:
- Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ). կանանց շրջանում բարդացած ընթացքով ՓԿՕԲՀ-ը կարող է հանգեցնել պերիտոնիտի:
Առանց որովայնային պատռման զարգացող պերիտոնիտը (ինքնաբուխ բակտերիալ պերիտոնիտ) սովորաբար հանդիսանում է լյարդային հիվանդության, օրինակ՝ ցիռոզի բարդության արդյունք: Ծանր ցիռոզն առաջացնում է որովայնի խոռոչում մեծ քանակի հեղուկի կուտակում, որը բակտերիալ վարակի նկատմամբ «խոցելի է»:
Պերիտոնիտի տեսակները
Ըստ ընթացքի պերիտոնիտները լինում են սուր և քրոնիկ:
Պերիտոնիտը կարող է սահմանափակվել որովայնամզի փոքր հատվածով (սահմանափակ պերիտոնիտ) կամ տարածվել ամբողջ որովայնամզով (տարածուն պերիտոնիտ):
Բժիշկները նաև տարբերում են պերիտոնիտի հետևյալ տեսակները՝
- ինքնաբուխ կամ առաջնային պերիտոնիտ. պերիտոնիտի այս տեսակը զարգանում է, երբ որովայնամզում զարգանում է բակտերիային վարակ, օրինակ, լյարդային կամ երիկամային հիվանդությունների ժամանակ։
- երկրորդային պերիտոնիտ. պերիտոնիտի այս տեսակը զարգանում է, երբ որովայնի խոռոչի օրգաններից մեկնումեկը վարակվում կամ վնասվում է, որից հետո վարակը տարածվում է որովայնի խոռոչում։
Ըստ բորբոքային արտաքիրտի բնույթի պերիտոնիտը լինում է՝
- շճային (սերոզ)
- թարախային (ֆլեգմանոզ կամ աբսցեսային)
- ֆիբրինային
- նեխական (գանգրենոզ)։
Ռիսկի գործոններ
Պերիտոնիտի զարգացման ռիսկը բարձրացնող գործոններից են՝
- պերիտոնեալ դիալիզ. պերիտոնեալ դիալիզ ստացող մարդկանց շրջանում պերիտոնիտի հավանականությունը բարձրանում է
- այլ հիվանդություններ. բազմաթիվ հիվանդություններ կարող են բարձրացնել պերիտոնիտի զարգացման ռիսկը, յադ թվում՝ լյարդի ցիռոզ, ապենդիցիտ, Կրոնի հիվանդություն, ստամոքսի խոց, դիվերտիկուլիտ և պանկրեատիտ:
- պերիտոնիտի պատմություն. նախկինում պերիտոնիտ ունենալը բարձրացնում է կրկին ունենալու ռիսկը:
Հոդվածը վերանայվել է՝ 03-06-2021