Սուր տարածուն պերիտոնիտը բնորոշվում է արագ զարգացող ծանր ընթացքով։
Պերիտոնիտի ախտանիշները ներառում են՝
- որովայնային ցավ կամ ցավոտություն
- որովայնի փքվածություն (փորափքանք, մետեորիզմ) կամ լցվածության զգացում
- ջերմություն
- ստամոքսի խանգարում և փսխումներ
- ախորժակի բացակայություն
- փորլուծություն
- միզարձակման կրճատում (օլոգուրիա)
- ծարավի զգացում
- կղազատման կամ աղիքային գազերը դուրս հանելու անկարողություն
- հոգնածության զգացում
- շփոթվածություն:
Եթե անցնում եք պերիտոնեալ դիալիզ, պերիտոնիտի ախտանիշները նաև կարող են ներառել՝
- դիալիզի հեղուկի պղտորություն
- դիալիզի հեղուկում սպիտակ բծերի, նստվածքի կամ խցանի առկայություն, որը կոչվում է ֆիբրին:
Պերիտոնիտի ամենատարածված ախտանիշը որովայնի սուր և ուժգին ցավերն են կամ լարվածությունը (որովայնի պատի տախտականման պնդացում), որը հայտնի է որպես սուր որովայն։ Ծանր դեպքերում որովայնային ցավերն աստիճանաբար սաստկանում և տարածվում են ամբողջ որովայնով, ուղեկցվում ինքնազգացողության կտրուկ վատացմամբ, դիմագծերի սրմամբ, դեմքի գունատությամբ, անոթազարկի արագացմամբ (րոպեում մինչև 140 զարկ և ավելի) և որովայնի փքվածությամբ:
Սակայն պերիտոնիտը կարող է զարգանալ նաև ավելի քիչ, թույլ կամ անորոշ նշաններով, հատկապես քրոնիկ ընթացքի դեպքում։
Ե՞րբ դիմել բժշկին
Պերիտոնիտը կարող է կյանքին վտանգ ներկայացնել, եթե արագ բուժում չստանաք: Անմիջապես զանգահարեք ձեր բժշկին, եթե ունեք որովայնի ուժեղ ցավ կամ ցավոտություն, փքվածություն կամ լցվածության զգացում, ինչպես նաև՝
- ջերմություն
- ստամոքսի խանգարում և փսխում
- միզարձակության քչացում
- ծարավ
- կղազատման կամ աղիքային գազերը դուրս հանելու անկարողություն:
Պերիտոնիտը նաև կարող է առաջանալ կույր աղիքի որդանման ելունի պատռվածքից կամ որովայնի լուրջ վնասվածքից հետո:
- Ամնիջապես դիմեք բուժօգնության, եթե ունեք որովայնի ուժեղ ցավ: Ցավը կարող է այնքան սաստիկ լինել, որ չկարողանաք հանգիստ նստել կամ հարմար դիրք գտնել:
- Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ անհապաղ այցելեք մոտակա հիվանդանոց, եթե ավտովթարից կամ վնասվածքից հետո որովայնի ուժեղ ցավ ունեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024