Առողջական խնդիրներ

Պոչուկային (պիլոնիդալ) կիստա

Պոչուկային (պիլոնիդալ) կիստա

Time Read 4 րոպե

Պոչուկային կամ պիլոնիդալ կիստան մաշկային ախտաբանական գրպանիկ է, որը սովորաբար պարունակում է մազեր և մաշկի մնացուկներ:

Պոչուկային կիստան տարբեր աղբյուրներում կարող է ներկայացվել տարբեր անվանումների ներքո, օրինակ՝ «պիլոնիդալ կիստա» (թարգմանաբար՝ մաշկաբնային կիստա), «պիլոնիդալ հիվանդություն», հայ վիրաբույժների կողմից ավելի հաճախ օգտագործվող՝ «էպիթելային պոչուկային ուղի» կամ «էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում»: Այս հոդվածում մենք կօգտագործենք հայկական իրականության մեջ ավելի տարածված «պոչուկային կիստա» տերմինը (թեև Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգչում հիվանդության անվանումը «պիլոնիդալ կիստա» է):

Ի՞նչ է պոչուկային կիստան

Ինչպես հուշում է անվանումը, սա պոչուկի շրջանում առաջացած կիստա է: Այն գրեթե միշտ տեղակայված է պոչուկի վրա՝ հետույքային ճեղքի (միջին գծի) գագաթին:

Պոչուկային կիստան սովորաբար առաջանում է, երբ մազը ծակում և ներաճում է մաշկի մեջ: Եթե այս կիստան վարակվում է, առաջանում է հաճախ խիստ ցավոտ թարախակույտ (աբսցես): Կիստան կարող է դրենավորվել («չորացվել») փոքր կտրվածքով կամ վիրահատական ճանապահով ամբողջովին հեռացվել:

Պոչուկային կիստան ամենահաճախը հանդիպում է 15-24 տարեկան պատանիների և երիտասարդ տղամարդկանց շրջանում և ունի կրկնվելու հակում: Այս հիվանդության նկատմամբ ավելի ռիսկային են այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ անցկացնում են նստած վիճակում (օրինակ՝ վարորդներ, համակարգչային մասնագետներ):

Պոչուկային կիստայի պատճառները

Պոչուկային կիստայի առաջացման հստակ պատճառը լիարժեք պարզ չէ: Սակայն հիվանդությունը հաճախ առաջանում է, երբ տվյալ շրջանի «անկազմակերպ» մազերը թափանցում են մաշկի մեջ: Շփումը և ճնշումը, օրինակ՝ երբ մաշկը հարվում է մաշկին, կիպ հագուստը, հեծանիվ վարելը, երկար ժամանակ նստած մնալը և նմանատիպ գործոնները, «ստիպում են» մազին, որ ներաճի մաշկի հաստության մեջ: Այսպիսի մազը ճանաչելով որպես օտար մարմին, օրգանիզմն իր պաշտպանական մեխանիզմներով դրա շուրջը ձևավորում է «պաշտպանական» կիստա:

Պոչուկային կիստայի առաջացման մեջ նշանակություն ունեն նաև մազապարկիկի (ֆոլիկուլ) գրգռումը (օրինակ՝ կիպ հագուստի կամ պոչուկասրբանային շրջանի խիստ քրտնոտության պատճառով), ներաճած մազի կողմից մաշկի գրգռումը և հորմոնային տեղաշարժերը:

Ռիսկի գործոններ

Որոշ գործոններ կարող են բարձրացնել ձեզ մոտ պոչուկային կիստայի առաջացման հավանականությունը, օրինակ՝

  • արական սեռ
  • երիտասարդ տարիք (պոչուկային կիստան սովորաբար առաջանում է 20 տարեկանի շրջակայքում)
  • գիրություն
  • ֆիզիկապես ոչ ակտիվ («նստակյաց») ապրելակերպ
  • երկարատև նստած վիճակ պահանջող մասնագիտություններ, աշխատանք կամ զբաղմունք
  • մարմնի ավելցուկային մազակալում (այդ թվում՝ պոչուկասրբանային շրջանում)
  • կոպիտ կամ սրածայր մազեր:

Որոշ մարդիկ կարող են ծնվել պոչուկային կիստայով:

Պոչուկային կիստայի ախտանիշները

Քանի դեռ պոչուկային կիստան վարակված և բորբոքված չէ, դուք կարող եք որևէ գանգատ չնշել:

Վարակվելու դեպքում կիստան վերածվում է այտուցված զանգվածի՝ թարախակույտի, որն առաջացնում է ուժեղ և խիստ տհաճ ցավեր:

Ցավերից բացի դուք կարող եք նաև նշել՝

  • բորբոքված շրջանի ուռածություն կամ կարմրություն
  • այդ շրջանից (կամ աբսցեսից) թարախային կամ արյունային տհաճ հոտով արտադրություն
  • որոշ դեպքերում՝ նաև ընդհանուր բորբոքային նշաններ (օրինակ՝ բարձր ջերմություն):

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե դուք նկատել եք պոչուկային կիստայի գանգատներից կամ ախտանիշներց մեկումեկը, ապա այցելեք ձեր բժշկին: Նման դեպքերում անհրաժեշտ է բժշկի կողմից ախտահարված շրջանի զննում:

Պոչուկային կիստայի բարդությունները

Եթե քրոնիկ վարակված պոչուկային կիստան համարժեք բուժումից դուրս է մնում, ապա կարող է քիչ բարձրանալ մաշի քաղցկեղի տեսակներից մեկի՝ տափակ բջջային կարցինոմայի հավանականությունը:

Պոչուկային կիստայի ախտորոշումը և բուժումը

Պոչուկային կիստան ախտորոշվում է բժշկի կողմից ախտահարված շրջանը զննելով:

Եթե առկա է ձևավորված թարախակույտ, որն ուղեկցվում է ուժեղ ցավերով, ապա բժիշկ-վիրաբույժը կիստան դատարկելու համար կատարում է փոքր կտրվածք (կոչվում է «թարախակույտի բացազատում»): Լուրջ վարակի դեպքում նա կարող է նաև նշանակել որևէ հակաբիոտիկ:

Եթե հիվանդությունը կրկվում է (որը հաճախ տեղի է ունենում), ապա առաջանում է կիստան ամբողջովին հեռացնելու վիրահատության անհրաժեշտություն:

Վիրահատությունից հետո վիրաբույժը կարող է՝

  • վերքը թողնել բաց, երբ դրվում է ոչ կիպ վիրակապ, որպեսզի վերքը լավանա «ներսից՝ մինչև դուրս» և փոքրանա կրկնվող կիստայի վարակման ռիսկը (պահանջում է ապաքինման ավելի երկար ժամանակ)
  • փակել վերքը՝ դնելով կար, որի ժամանակ ապաքինման տևողությունը կրճատվում է, սակայն մեծանում է կրկնվելու ռիսկը:

Վերքի խնամքը խիստ կարևոր է: Զրուցեք ձեր բժշկի հետ այդ թեմայով:

Պոչուկային կիստայի կանխարգելումը

Պոչուկային կիստայի կանխարգելման համար՝

  • պահեք պոչուկասրբանային շրջանը մաքուր և չոր
  • կանոնավոր կերպով լվացեք նույն շրջանը թույլ օճառով, վերջում լավ պարզաջրեք (որպեսզի օճառի հետք չմնա) և լավ չորացրեք փափուկ սրբիչով (առանց տրորելու)
  • անհրաժեշտության դեպքում կարգավորեք ձեր մարմնի քաշը (այդ թվում՝ սննդակարգի օգնությամբ)
  • խուսափեք երկար ժամանակ նստած մնալուց:

Եթե նախկինում ունեցել եք պոչուկային կիստաներ, գուցե ցանկանաք նաև կանոնավոր կերպով սափրել տվյալ շրջանը կամ օգտագործեք մազահեռացման միջոցներ, որպեսզի նվազեցնեք կրկնվելու ռիսկը:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-05-2020 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով