Ներբանային գորտնուկների մեծ մասն անվնաս է և անհետանում են առանց բուժման, թեև երեխաների մոտ դա կարող է տևել մեկ կամ երկու տարի, իսկ չափահասների մոտ՝ նույնիսկ ավելի երկար:
Եթե ցանկանում եք շուտ ազատվել գորտնուկներից, և տնային միջոցները չեն օգնել, խոսեք ձեր բժշկի հետ: Հետևյալ բուժումներից մեկի կամ մի քանիսի օգտագործումը կարող է օգնել:
- Սառեցնող բուժում (կրիոթերապիա). կրիոթերապիան կատարվում է կլինիկայում և ներառում է հեղուկ ազոտի քսում գորտնուկի վրա ցողացիրով (սփրեյ) կամ բամբակյա ձողիկով: Այս մեթոդը կարող է ցավոտ լինել, ուստի ձեր բժիշկը կարող է նախ թմրեցնել գորտնուկի հարակից շրջանը: Սառեցման արդյունքում ձեր գորտնուկի շուրջ ձևավորվում է բշտիկ, և մեռուկացած հյուսվածքը շերտազատվում է մոտ մեկ շաբաթվա ընթացքում: Կրիոթերապիան նաև կարող է խթանել ձեր իմունային համակարգը վիրուսային գորտնուկների դեմ պայքարելու համար: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի 2-3 շաբաթը մեկ վերադառնալ կլինիկա կրկնակի բուժումների համար, մինչև գորտնուկն անհետանա: Կրիոթերապիայի հնարավոր կողմնակի ազդեցություններն են ցավը, բշտիկները և մաշկի գույնի մշտական փոփոխությունները (հիպոպիգմենտացիա կամ հիպերպիգմենտացիա), հատկապես շագանակագույն կամ սև մաշկ ունեցող մարդկանց մոտ:
- Ավելի ուժեղ պիլինգ դեղամիջոց (Սալիցիլաթթու). Սալիցիլաթթու պարունակող գորտնուկային դեղամիջոցները ազդում են՝ հեռացնելով գորտնուկային շերտը: Դրանք նաև կարող են ամրապնդել ձեր իմունային համակարգի գորտնուկի դեմ պայքարելու ունակությունը: Ձեր բժիշկը, հավանաբար, կառաջարկի ձեզ կանոնավոր կերպով օգտագործել դեղը տանը, որից հետո երբեմն այցելել գրասենյակ: Այս մեթոդով գորտնուկը հեռացնելու համար կարող են շաբաթներ պահանջվել:
Վիրահատական և այլ միջամտություններ
Եթե Սալիցիլաթթուն և սառեցնող միջոցը չեն գործում, ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ բուժումներից մեկը կամ մի քանիսը:
- Փոքր վիրահատություն. ձեր բժիշկը կտրում է գորտնուկը կամ ոչնչացնում այն՝ օգտագործելով էլեկտրական ասեղ (էլեկտրոկոագուլյացիա և կուրտաժ): Այս մեթոդը կարող է ցավոտ լինել, ուստի ձեր բժիշկը նախ կթմրեցնի ձեր մաշկը: Վիրահատությունն ունի սպիների առաջացման ռիսկ, ուստի այն հաճախ չի օգտագործվում ոտնաթաթի գորտնուկների բուժման համար, եթե այլ բուժումները ձախողված չեն: Ոտնաթաթի վրա սպին կարող է տարիներ շարունակ ցավոտ լինել:
- Բշտիկային դեղամիջոց. ձեր բժիշկը կիրառում է Կանթարիդին, որը բշտիկ է առաջացնում գորտնուկի տակ: Մեռուկացած գորտնուկը կտրելու համար կարող է անհրաժեշտ լինել մոտ մեկ շաբաթից վերադառնալ կլինիկա:
- Իմունային թերապիա. այս մեթոդն օգտագործում է դեղամիջոցներ կամ լուծույթներ՝ խթանելու ձեր իմունային համակարգը վիրուսային գորտնուկների դեմ պայքարելու համար: Ձեր բժիշկը կարող է ձեր գորտնուկների մեջ ներարկել օտարածին նյութ (հակագին) կամ լուծույթ կամ նրբաքսուք (կրեմ) քսել գորտնուկներին:
- Լազերային թերապիա. ներկանյութի օգտագործմամբ իմպուլսային լազերային թերապիան այրում է (կոագուլացնում է) մանր արյունատար անոթները: Վնասված հյուսվածքն ի վերջո մեռուկանում է, իսկ գորտնուկն ընկնում է: Այս մեթոդը պետք է կրկնել 2-4 շաբաթը մեկ։ Ձեր բժիշկը, հավանաբար, նախ կթմրեցնի ձեր մաշկը:
- Պատվաստանյութ. մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) պատվաստանյութը հաջողությամբ օգտագործվել է գորտնուկների բուժման համար, թեև այն հատուկ ուղղված չէ այն վիրուսների դեմ, որոնք առաջացնում են գորտնուկներ:
Եթե բուժումից հետո ներբանային գորտնուկն անհետանում է, սակայն աճում է մեկ այլ գորտնուկ, սա կարող է պայմանավորված լինել այն պատճառով, որ տվյալ շրջանը կրկին ենթարկվել է ՄՊՎ-ի ազդեցությանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024