Նախադիաբետի ճշգրիտ պատճառը անհայտ է, սակայն ընտանեկան պատմությունը և գենետիկան, ըստ երևույթին, կարևոր դեր են խաղում:
Հայտնի է այն, որ նախադիաբետով մարդիկ այլևս պատշաճ կերպով չեն յուրացնում շաքարը (գլյուկոզ):
Ձեր օրգանիզմը գլյուկոզի մեծ մասը ստանում է ձեր կերած սննդից: Երբ սնունդը մարսվում է, շաքարը մտնում է ձեր արյան մեջ: Ինսուլինը թույլ է տալիս, որ շաքարը մտնի ձեր բջիջներ՝ նվազեցնելով ձեր արյան մեջ շաքարի քանակը:
Ինսուլինն արտադրվում է ստամոքսի հետևում գտնվող գեղձի կողմից, որը կոչվում է ենթաստամոքսային գեղձ (պանկրեաս): Ձեր ենթաստամոքսային գեղձը ինսուլին է ուղարկում ձեր արյուն, երբ դուք ուտում եք: Երբ ձեր արյան շաքարի մակարդակը սկսում է նվազել, ենթաստամոքսային գեղձը դանդաղեցնում է ինսուլինի ներզատումը դեպի ձեր արյուն:
Երբ դուք ունեք նախադիաբետ, այս գործընթացը նույնպես չի գործում: Արդյունքում, ձեր բջիջները սնուցելու փոխարեն, շաքարը կուտակվում է ձեր արյան մեջ: Դա կարող է տեղի ունենալ հետևյալ պատճառներով՝
- ձեր ենթաստամոքսային գեղձը կարող է անբավարար ինսուլին արտադրել
- ձեր բջիջները դառնում են ինսուլինի նկատմամբ կայուն և թույլ չեն տալիս ներս մտնել այնքան շաքար, որքան անհրաժեշտ է:
Ռիսկի գործոններ
Բոլոր այն գործոնները, որոնք բարձրացնում են 2-րդ տիպի դիաբետի առաջացման ռիսկը, նույն կերպ բարձրացնում են նաև նախադիաբետի զարգացման հավանականությունը:
- Մարմնի քաշ. ավելորդ քաշը նախադիաբետի առաջնային ռիսկի գործոն է: Որքան շատ ճարպային հյուսվածք ունեք մկանների և մաշկի միջև, հատկապես՝ որովայնի շրջանում, այնքան ավելի ձեր բջիջներն ավելի կայուն են ինսուլինի նկատմամբ:
- Իրանի շրջանագիծ. որովայնային գիրությունը կարող է վկայել ինսուլինակայունության մասին: Ինսուլինաի նկատմամբ կայունության վտանգը մեծանում է 40 դյույմից (101,6 սմ-ից) մեծ իրանի շրջանագիծով տղամարդկանց և 35 դյույմից (88,9 սմ-ից) մեծ իրանի շրջանագիծով կանանց մոտ:
- Սննդակարգ. կարմիր (ճարպոտ) և վերամշակված միս ուտելը և քաղցրացված ըմպելիքներ խմելը կապված է նախադիաբետի բարձր ռիսկի հետ:
- Ֆիզիկական թերակտիվություն. որքան ֆիզիկապես ավելի քիչ ակտիվ եք, այնքան ավելի մեծ է նախադիաբետի ռիսկը:
- Տարիք. թեև դիաբետը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, նախադիաբետի ռիսկը մեծանում է 45 տարեկանից հետո:
- Ընտանեկան պատմություն. նախադիաբետով հիվանդանալու ռիսկը մեծանում է, եթե ունեք 2-րդ տիպի դիաբետ ունեցող ծնող, քույր կամ եղբայր:
- Ռասա կամ էթնիկ պատկանելություն. դեռևս անհայտ պատճառներով սևամորթների, լատինոամերիկացիների, ամերիկյան հնդկացնիների և բնիկ ասիացիների մոտ նախադիաբետի զարգացման հավանականությունն ավելի բարձր է:
- Գեստացիոն (հղիների) դիաբետ. եթե հղիության ընթացքում ունեցել եք դիաբետ (գեստացիոն դիաբետ), ապա դուք և ձեր երեխան նախադիաբետով հիվանդանալու ավելի մեծ ռիսկի տակ եք:
- Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ (ՊՁՀ). այս տարածված հիվանդությամբ կանայք ունեն նախադիաբետի ավելի բարձր ռիսկ: ՊՁՀ–ն ընթանում է անկանոն դաշտանով, մազերի ավելցուկ աճով (վիրիլիզացիա) և գիրությամբ:
- Քուն. մարդիկ, ովքեր ունեն օբստրուկտիվ քնի ապնոէ՝ վիճակ, որն անընդհատ խանգարում է քունը, ենթարկվում են ինսուլինի նկատմամբ կայունության ավելի բարձր ռիսկի: Ավելորդ քաշ ունեցող կամ գեր մարդկանց մոտ օբստրուկտիվ քնի ապնոէի զարգացման ռիսկը բարձր է:
- Ծխախոտի ծուխ. ծխելը կարող է մեծացնել ինսուլինի նկատմամբ կայունությունը և կարող է նախադիաբետով հիվանդ մարդկանց մոտ բարձրացնել 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը: Ծխելը նաև մեծացնում է դիաբետի հետ կապված բարդությունների ռիսկը:
Նախադիաբետի բարձր ռիսկի հետ կապված այլ վիճակները ներառում են՝
- բարձր արյան ճնշում
- բարձր խտության լիպոպրոտեիդների (ԲԽԼ) խոլեստերինի կամ լավ խոլեստերինի ցածր մակարդակ
- տրիգլիցերիդների՝ արյան ճարպի տեսակներից մեկի բարձր մակարդակ:
Մետաբոլիկ համախտանիշ
Երբ գիրության հետ միասին առաջանում են որոշ վիճակներ, դրանք կապված են ինսուլինի նկատմամբ կայունության հետ և կարող են մեծացնել դիաբետի, սրտային հիվանդության և ինսուլտի ռիսկը: Ստորև թվարկված վիճակներից երեքի կամ ավելի շատի համակցությունը հաճախ կոչվում է մետաբոլիկ համախտանիշ՝
- բարձր արյան ճնշում
- ԲԽԼ-ի ցածր մակարդակ
- բարձր տրիգլիցերիդներ
- արյան շաքարի բարձր մակարդակ
- իրանի շրջանագծի մեծ չափս:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024