Ամերիկյան դիաբետի ասոցիացիան (ADA) խորհուրդ է տալիս, որ չափահասների մեծամասնության համար դիաբետի սքրինինգը սկսվի 35 տարեկանից:
ADA-ն խորհուրդ է տալիս դիաբետի սքրինինգ կատարել մինչև 35 տարեկանը, եթե ունեք ավելորդ քաշ և նախադիաբետի կամ 2-րդ տիպի դիաբետի լրացուցիչ ռիսկի գործոններ:
Եթե ունեցել եք գեստացիոն (հղիության) դիաբետ, ձեր բժիշկը, հավանաբար, կստուգի ձեր արյան շաքարի մակարդակը առնվազն երեք տարին մեկ անգամ:
Նախադիաբետի հայտնաբերման համար կիրառվում են մի քանի արյան թեստեր:
Գլիկոզիլացված հեմոգլոբինի (HbA1c) թեստ
Այս թեստը ցույց է տալիս ձեր արյան շաքարի միջին մակարդակը վերջին 2-3 ամսվա ընթացքում:
Ընդհանուր առմամբ՝
- 5,7%-ից ցածր մակարդակը նորմալ է
- 5,7%-ից մինչև 6,4%-ը ախտորոշվում է որպես նախադիաբետ
- երկու առանձին թեստերի դեպքում 6.5% կամ ավելի բարձր մակարդակը վկայում է դիաբետի մասին:
Որոշ վիճակներ կարող են HbA1c թեստը դարձնել ոչ ճշգրիտ, օրինակ, եթե դուք հղի եք կամ ունեք հեմոգլոբինի ոչ սովորական ձև:
Իմացե՛ք ավելին գլիկոհեմոգլոբինի թեստի մասին:
Քաղցած վիճակում արյան շաքարի թեստ
Արյան նմուշը վերցվում է այն բանից հետո, երբ դուք չեք կերել առնվազն ութ ժամ կամ մեկ գիշերվա ընթացքում (քաղցած եք):
Արյան շաքարի ցուցանիշները ներկայացվում են միլիմոլներով մեկ լիտր (մմոլ/լ) կամ շաքարի միլիգրամներով մեկ դեցիլիտր (մգ/դլ) կամ շաքարի արյան համար: Ընդհանուր առմամբ, քաղցած փորին՝
- 5,6 մմոլ/լ-ից ցածր (100 մգ/դլ) մակարդակը նորմալ է
- 5,6-ից 6,9 մմոլ/լ (100-ից մինչև 125 մգ/դլ) ախտորոշվում է որպես նախադիաբետ
- երկու առանձին թեստերի դեպքում 7,0 մմոլ/լ (126 մգ/դլ) կամ ավելի բարձր մակարդակը ախտորոշվում է որպես դիաբետ:
Իմացե՛ք ավելին արյան գլյուկոզի թեստի մասին:
Բերանային (օրալ) գլյուկոզի տոլերանտության թեստ
Այս թեստը ավելի քիչ է կիրառվում, քան մյուսները, բացառությամբ հղիության ընթացքում: Դուք պետք է մի գիշերվա ընթացքում քաղցած մնաք, այնուհետև քաղցր հեղուկ խմեք ձեր բժշկի գրասենյակում կամ լաբորատոր կենտրոնում: Արյան շաքարի մակարդակը պարբերաբար ստուգվում է հաջորդ երկու ժամվա ընթացքում:
Ընդհանուր առմամբ՝
- 7,8 մմոլ/լ (140 մգ/դլ-ից) ցածր մակարդակը համարվում է նորմալ
- 7,8-ից 11,0 մմոլ/լ (140-ից 199 մգ/դլ) համապատասխանում է նախադիաբետին
- երկու ժամ հետո 11,1 մմոլ/լ (200 մգ/դլ) կամ ավելի բարձր մակարդակը վկայում է դիաբետի մասին:
Եթե ունեք նախադիաբետ, ձեր բժիշկը սովորաբար տարին մեկ անգամ ստուգում է ձեր արյան շաքարի մակարդակը:
Իմացե՛ք ավելին օրալ գլյուկոզի տոլերանտության թեստի մասին:
Երեխաները և նախադիաբետի հետազոտումը
2-րդ տիպի շաքարախտը ավելի տարածված է դառնում երեխաների և դեռահասների շրջանում, հավանաբար մանկական գիրության աճի պատճառով:
ADA-ն խորհուրդ է տալիս նախադիաբետի թեստ անցկացնել այն երեխաների համար, ովքեր ունեն ավելորդ քաշ կամ գեր են և ունեն մեկ կամ մի քանի այլ տեսակի դիաբետի ռիսկի գործոններ, ինչպիսիք են՝
- 2-րդ տիպի դիաբետի ընտանեկան պատմություն
- ռասայի կամ էթնիկ պատկանելությունը կապված է ռիսկի բարձրացման հետ
- ցածր ծննդյան քաշ
- գեստացիոն (հղիության) դիաբետ ունեցող մորից ծնված երեխաներ:
Նորմալ, նախադիաբետի և դիաբետի մասին վկայող արյան շաքարի մակարդակի միջակայքերը երեխաների և չափահասների համար նույնն են:
Նախադիաբետ ունեցող երեխաները պետք է 2-րդ տիպի դիաբետի համար ստուգվեն ամեն տարի կամ ավելի հաճախ, եթե երեխայի մոտ նկատվում է քաշի փոփոխություն կամ ի հայտ են գալիս դիաբետի գանգատներ կամ ախտանիշեր, ինչպիսիք են ուժգնացած ծարավը, միզարձակման ավելացումը, հոգնածությունը կամ մշուշոտ տեսողությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024