Պրեէկլամպսիայի ճշգրիտ պատճառը, հավանաբար, ներառում է մի քանի գործոններ:
Մասնագետները կարծում են, որ այն սկսվում է ընկերքից՝ այն օրգանից, որը սնուցում է պտուղը հղիության ընթացքում: Վաղ հղիության ընթացքում ձևավորվում և զարգանում են նոր արյունատար անոթներ, որ թթվածին և սննդանյութեր մատակարարեն ընկերքին:
Պրեէկլամպսիայով կանանց մոտ այս արյունատար անոթներն ըստ երևույթին ճիշտ չեն զարգանում կամ նորմալ չեն գործում: Ընկերքում արյան շրջանառության հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել մոր արյան ճնշման անկանոն կարգավորմանը:
Հղիության ընթացքում բարձր արյան ճնշման այլ խանգարումներ
Պրեէկլամպսիան հղիության ընթացքում զարգացող բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) խանգարումներից մեկն է, բայց ոչ միակը: Հղիության ընթացքում նաև կարող են առաջանալ հետևյալ խանգարումները:
- Գեստացիոն (հղիության) հիպերտենզիան բարձր արյան ճնշում է, որը սկսվում է 20 շաբաթից հետո և կապ չունի երիկամների կամ այլ օրգանների խնդիրների հետ: Գեստացիոն հիպերտենզիայով որոշ կանանց մոտ կարող է զարգանալ պրեէկլամպսիա:
- Քրոնիկ հիպերտենզիան բարձր արյան ճնշում է, որը եղել է մինչև հղիությունը կամ առաջացել է մինչև հղիության 20 շաբաթը: Բարձր արյան ճնշումը, որը շարունակվում է հղիությունից ավելի քան երեք ամիս անց, նույնպես կոչվում է քրոնիկ հիպերտենզիա:
- Քրոնիկ հիպերտենզիա՝ բարդացած պրեէկլամպսիայով առաջանում է այն կանանց մոտ, ովքեր մինչև հղիությունն ունեցել են քրոնիկ բարձր արյան ճնշում և հղիության ընթացքում զարգանում է բարձր արյան ճնշման և մեզի մեջ սպիտակուցի վատթարացում կամ առողջական այլ բարդություններ:
Ռիսկի գործոններ
Պրեէկլամպսիայի բարձր ռիսկի հետ կապված հիվանդությունները և վիճակները ներառում են՝
- պրեէկլամպսիա նախորդ հղիության ընթացքում
- բազմապտուղ հղիություն
- քրոնիկ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- հղիությունից առաջ 1-ին կամ 2-րդ տիպի դիաբետ
- երիկամային հիվանդություն
- աուտոիմուն խանգարումներ
- արտամարմնային բեղմնավորման օգտագործում:
Պրեէկլամպսիայի զարգացման չափավոր ռիսկի հետ կապված հիվանդությունները և վիճակները ներառում են՝
- առաջին հղիություն
- գիրություն
- պրեէկլամպսիայի ընտանեկան պատմություն
- 35–ից բարձր մոր տարիք
- բարդություններ նախորդ հղիության ընթացքում
- նախորդ հղիությունից հետո ավելի քան 10 տարվա ընդմիջում:
Այլ ռիսկի գործոններ
Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ սևամորթ կանանց մոտ պրեէկլամպսիայի ավելի մեծ ռիսկ կա՝ համեմատած այլ կանանց հետ: Կան նաև որոշ ապացույցներ Հյուսիսային Ամերիկայի բնիկ կանանց շրջանում աճող ռիսկի մասին: Սա կարող է կապված լինել ոչ միայն կենսաբանական տարբերությունների, այլև նախածննդյան խնամքի հասանելիության, առողջության վրա ազդող քրոնիկ սթրեսային գործոնների կամ ցածր եկամուտների հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024