Պրեէկլամպսիան վաղ հայտնաբերելու առաջին քայլը հղիության ընթացքում զարկերակային ճնշումը պարբերաբար չափելն է:
Պրեէկլամպսիան ախտորոշվում է, եթե ունեք բարձր արյան ճնշում հղիության 20 շաբաթից հետո և հետևյալ նշաններից առնվազն մեկը՝
- սպիտակուց ձեր մեզի մեջ (պրոտեինուրիա), որը վկայում է երիկամային խանգարման մասին
- երիկամների հետ կապված խնդիրների այլ նշաններ
- արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) ցածր քանակություն (թրոմբոցիտոպենիա)
- լյարդի ֆերմենտների բարձրացում, որը վկայում է լյարդային խանգարման մասին (լյարդային դիսֆունկցիա)
- հեղուկ թոքերում (թոքային այտուց)
- նոր գլխացավեր, որոնք չեն անհետանում ցավազրկող դեղեր ընդունելուց հետո
- նոր տեսողության խանգարումներ:
Բարձր արյան ճնշում
Արյան ճնշման ցուցանիշը ներկայացվում է երկու թվով: Առաջին թիվը սիստոլիկ ճնշումն է, որը ցույց է արյան ճնշումը, երբ սիրտը կծկվում է: Երկրորդ թիվը դիաստոլիկ ճնշումն է, որը ներկայացնում է արյան ճնշումը, երբ սիրտը հանգստանում է:
Հղիության ընթացքում բարձր արյան ճնշումն ախտորոշվում է, եթե սիստոլիկ ճնշումը 140 միլիմետր սնդիկի սյուն (մմ ս.ս.) կամ ավելի բարձր է կամ եթե դիաստոլիկ ճնշումը 90 մմ ս.ս. կամ ավելի բարձր է:
Մի շարք գործոններ կարող են ազդել ձեր արյան ճնշման վրա։ Եթե հերթական այցելության ժամանակ ունեք բարձր արյան ճնշման ցուցանիշ, ապա ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, չորս ժամ անց կկատարի երկրորդ չափումը՝ բարձր արյան ճնշման ախտորոշումը հաստատելու համար:
Լրացուցիչ հետազոտություններ
Եթե ունեք բարձր արյան ճնշում, ձեր բժիշկը կնշանակի լրացուցիչ հետազոտություններ, որ ստուգի պրեէկլամպսիայի այլ նշանների առկայությունը:
- Արյան թեստեր. լաբորատորիայում վերլուծված արյան նմուշը կարող է ցույց տալ, թե որքան լավ են գործում ձեր լյարդը և երիկամները: Արյան թեստերը նաև կարող են չափել արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) քանակը՝ բջիջներ, որոնք օգնում են արյան մակարդմանը:
- Մեզի թեստ. ձեր բժիշկը ձեզնից կպահանջի 24-ժամյա մեզի նմուշ կամ առավոտյան մեզի նմուշ՝ որոշելու, թե որքան լավ են գործում ձեր երիկամները:
- Պտղի գերրաձայնային հետազոտություն. ձեր ընտանեկան բժիշկը, հավանաբար, խորհուրդ կտա ուշադիր հետևել ձեր երեխայի աճին, սովորաբար գերձայնային հետազոտության միջոցով (պտղի սոնոգրաֆիա): Ձեր երեխայի պատկերները, որոնք ստեղծվել են գերձայնային հետազոտության ընթացքում, թույլ են տալիս գնահատել երեխայի քաշը և արգանդում հեղուկի քանակը (ամնիոտիկ հեղուկ):
- Ոչ սթրեսային թեստ կամ կենսաֆիզիկական պրոֆիլ. ոչ սթրեսային թեստը պարզ միջոցառում է, որը ստուգում է, թե ինչպես է ձեր երեխայի սրտի զարկերը արձագանքում, երբ ձեր երեխան շարժվում է: Կենսաֆիզիկական պրոֆիլը օգտագործում է գերձայնային հետազոտություն՝ չափելու ձեր երեխայի շնչառությունը, մկանային տոնուսը, շարժումը և ձեր արգանդում ամնիոտիկ հեղուկի ծավալը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024