Գրադարան

Պրեէկլամպսիա. բուժում

Պրեէկլամպսիա. բուժում

Time Read 2 րոպե

​Պրեէկլամպսիայի առաջնային բուժումը կամ երեխային ծննդաբերելն է, կամ վիճակը կառավարելը՝ մինչև երեխային ծննդաբերելու լավագույն ժամանակը:

Ձեր բժշկի հետ կայացրած այս որոշումը կախված կլինի պրեէկլամպսիայի ծանրությունից, ձեր երեխայի հղիության տարիքից և ձեր ու ձեր երեխայի ընդհանուր առողջությունից:

Եթե պրեէկլամպսիան ծանր չէ, դուք կարող եք ավելի հաճախակի այցելել ձեր բժշկին, որ ստուգվի և վերահսկվի ձեր արյան ճնշումը, գանգատների կամ ախտանիշների ցանկացած փոփոխությունը և ձեր երեխայի առողջությունը: Հավանաբար, բժիշկը կառաջարկի, որ ամեն օր տանը չափեք ձեր արյան ճնշումը:

Ծանր պրեէկլամպսիայի բուժումը

Ծանր պրեէկլամպսիան պահանջում է, որ դուք լինեք հիվանդանոցում, որտեղ մշտապես կվերահսկեն ձեր արյան ճնշումը և հնարավոր բարդությունները: Ձեր բժիշկը հաճախակի կհետևի ձեր երեխայի աճին և առողջական վիճակին:

Ծանր պրեէկլամպսիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցները սովորաբար ներառում են՝

  • հակահիպերտենզիվ դեղամիջոցներ՝ արյան ճնշումը նվազեցնելու համար
  • հակացնցումային դեղեր, ինչպիսին է Մագնեզիումի սուլֆատը՝ ցնցումները կանխելու համար
  • կորտիկոստերոիդներ՝ մինչև ծննդաբերությունը ձեր երեխայի թոքերի զարգացմանը նպաստելու համար:

Ծննդաբերություն

Եթե ունեք ոչ ծանր պրեէկլամպսիա, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ վաղաժամ ծննդաբերություն 37 շաբաթից հետո: Եթե ունեք ծանր պրեէկլամպսիա, ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, խորհուրդ կտա ծննդաբերել մինչև 37 շաբաթը՝ կախված բարդությունների ծանրության աստիճանից և երեխայի առողջությունից և ծնվելուն պատրաստ լինելուց:

Ծննդաբերության եղանակը՝ հեշտոցային կամ կեսարյան հատում, կախված է հիվանդության ծանրության աստիճանից, երեխայի հղիության տարիքից և այլ վիճակներից, որոնք կքննարկեք ձեր բժշկի հետ:

Ծննդաբերությունից հետո

Ծննդաբերությունից հետո դուք պետք է ուշադիր հետևեք բարձր արյան ճնշմանը և պրեէկլամպսիայի այլ նշաններին: Նախքան տուն գնալը, ձեզ կտեղեկացնեն, թե երբ պետք է դիմել բժշկական օգնության, եթե ունեք հետծննդյան պրեէկլամպսիայի նշաններ, ինչպիսիք են ուժեղ գլխացավերը, տեսողության փոփոխությունները, որովայնի ուժեղ ցավը, սրտխառնոցն ու փսխումը:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-02-2023 վերանայվել է՝ 12-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով