Պրեէկլամպսիայի բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Պտղի աճի սահմանափակում. պրեէկլամպսիան ազդում է դեպի ընկերք արյուն տանող զարկերակների վրա: Եթե ընկերքը բավարար արյուն չի ստանում, երեխան նույնպես կարող է չստանալ բավարար արյուն, իսկ դրա հետ՝ ավելի քիչ թթվածին և սննդանյութեր: Սա կարող է հանգեցնել աճի հապաղման, որը հայտնի է որպես պտղի աճի սահմանափակում (ռեստրիկցիա):
- Վաղաժամ ծննդաբերություն. պրեէկլամպսիան կարող է հանգեցնել չնախատեսված վաղաժամ՝ մինչև 37 շաբաթական ծննդաբերության: Միևնույն ժամանակ, պլանավորված վաղաժամ ծննդաբերությունը պրեէկլամպսիայի բուժման հիմնական մեթոդն է: Վաղաժամ ծնված երեխայի մոտ մեծանում է շնչառության և կերակրման դժվարությունների, տեսողության կամ լսողության, զարգացման հապաղման և գլխուղեղային (ցերեբրալ) կաթվածի վտանգը: Վաղաժամ ծննդաբերությունից առաջ անցկացվող բուժումը կարող է նվազեցնել որոշ ռիսկեր:
- Ընկերքի շերտազատում (անջատում). պրեէկլամպսիան մեծացնում է ընկերքի շերտազատման ռիսկը: Այս դեպքում ընկերքն անջատվում է արգանդի ներքին պատից մինչև ծննդաբերությունը: Ծանր շերտազատումը կարող է առաջացնել առատ արյունահոսություն, որը կարող է վտանգավոր լինել ինչպես մոր, այնպես էլ երեխայի կյանքի համար:
- HELLP համախտանիշ. HELLP-ը սահմանվում է որպես հեմոլիզ (արյան կարմիր բջիջների քայքայում), լյարդային ֆերմենտների բարձրացում (լյարդի դիսֆունկցիա) և արյան թիթեղիկների ցածր քանակ (թրոմբոցիտոպենիա): Պրեէկլամպսիայի այս ծանր ձևն ազդում է մի քանի օրգան համակարգերի վրա: HELLP համախտանիշը վտանգ է ներկայացնում մոր և երեխայի կյանքի համար և կարող է մոր համար առողջական խնդիրներ առաջացնել ոչ միայն հղիության, այլև ողջ կյանքի ընթացքում: Գանգատներն ու ախտանիշները ներառում են՝ սրտխառնոց և փսխում, գլխացավ, որովայնի վերին աջ շրջանի ցավ և վատառողջության զգացում: Երբեմն այն զարգանում է հանկարծակի, նույնիսկ մինչև բարձր արյան ճնշում հայտնաբերելը: HELLP համախտանիշը նաև կարող է զարգանալ առանց որևէ ախտանիշի:
- Էկլամպսիա. էկլամպսիան պրեէկլամպսիայով հղի կնոջ մոտ ցնցումների կամ կոմայի սկիզբն է: Շատ դժվար է կանխատեսել, թե արդյոք պրեէկլամպսիայով հղի կնոջ մոտ կզարգանա էկլամպսիա: Այն կարող է ի հայտ գալ առանց նախապես նկատված պրեէկլամպսիայի գանգատների կամ ախտանիշների: Ցնցումներից առաջ կարող են առաջանալ ուժեղ գլխացավեր, տեսողության խնդիրներ, հոգեկան շփոթվածություն կամ փոփոխված վարքագիծ: Սակայն, ավելի հաճախ, ախտանիշները կամ նախազգուշական նշանները բացակայում են: Էկլամպսիան կարող է զարգանալ ծննդաբերությունից առաջ, ընթացքում կամ հետո:
- Այլ օրգանների վնաս. պրեէկլամպսիան կարող է հանգեցնել երիկամների, լյարդի, թոքերի, սրտի կամ աչքերի վնասմանը, ինչպես նաև առաջացնել ինսուլտ կամ գլխուղեղի այլ վնասումներ: Այլ օրգանների վնասման չափը կախված է պրեէկլամպսիայի ծանրության աստիճանից:
- Սրտանոթային հիվանդություն. պրեէկլամպսիա ունենալը կարող է մեծացնել ապագա սրտի և արյունատար անոթների (սրտանոթային) հիվանդությունների ռիսկը: Ռիսկն ավելի մեծ է, եթե դուք ունեցել եք պրեէկլամպսիայի մեկից ավելի դեպքեր կամ վաղաժամ ծննդաբերություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024