Պրեէկլամպսիայի բնորոշ նշանը բարձր արյան ճնշումն է, պրոտեինուրիան կամ երիկամների կամ այլ օրգանների վնասման մյուս նշանները:
Դուք կարող եք նկատելի ախտանիշներ չունենալ: Պրեէկլամպսիայի առաջին նշանները հաճախ հայտնաբերվում են պլանային նախածննդյան (պրենատալ) այցերի ժամանակ:
Բարձր արյան ճնշման հետ մեկտեղ, պրեէկլամպսիայի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- մեզում սպիտակուց (սպիտամիզություն կամ պրոտեինուրիա) կամ երիկամների հետ կապված խնդիրների այլ նշաններ
- արյան մեջ թրոմբոցիտների մակարդակի նվազում (թրոմբոցիտոպենիա)
- լյարդի ֆերմենտների ավելացում, որոնք վկայում են լյարդային խնդիրների մասին
- ուժեղ գլխացավեր
- տեսողության փոփոխություններ, ներառյալ տեսողության ժամանակավոր կորուստ, մշուշոտ տեսողություն կամ լույսի նկատմամբ զգայունություն
- հևոց, որը առաջանում է թոքերում հեղուկի կուտակման պատճառով
- ցավ վերորովայնում, սովորաբար՝ աջ կողմի կողերի տակ (աջ թուլակող)
- սրտխառնոց կամ փսխում:
Քաշի ավելացումն ու այտուցը բնորոշ են առողջ հղիությունների ժամանակ։ Այնուամենայնիվ, քաշի հանկարծակի ավելացումը կամ փոս ընկնող (երբ սեղմել-թողնելուց հետո փոսիկ է մնում) այտուցի հանկարծակի ի հայտ գալը, հատկապես ձեր դեմքին և ձեռքերին, կարող է պրեէկլամպսիայի նշան լինել:
Ախտանիշները չծնված երեխայի մոտ
Չծնված երեխայի մոտ պրեէկլամպսիայի հիմնական նշանը ներարգանդային աճի դանդաղումն է (նրանց շուրջ 1/3-ը ծնվում է մարմնի ցածր քաշով)։ Պատճառն այն է, որ աճող պտուղն ընկերքով չի ստանում համարժեք արյունամատակարարում և մեծանում է թթվածնաքաղցի (հիպօքսիա) պայմաններում: Ավելի հազվադեպ պտղի թթվածնաքաղցը կարող է հանգեցնել նորածնի ֆիզիկական և մտավոր զարգացման դանդաղեցման:
Ե՞րբ դիմել բժշկին
Համոզվեք, որ հաճախում եք ձեր նախածննդյան այցերին, որ ձեր բժիշկը կարողանա վերահսկել ձեր արյան ճնշումը: Անմիջապես կապ հաստատեք ձեր բժշկի հետ կամ դիմեք անհետաձգելի բուժօգնություն, եթե ունեք ուժեղ գլխացավեր, մշուշոտ տեսողություն կամ տեսողական այլ խանգարումներ, սաստիկ որովայնի ցավ կամ ուժեղ հևոց:
Գլխացավերը, սրտխառնոցը, մարմնի ջարդվածությունը ու ցավերը հղիության սովորական գանգատներ են, ուստի դժվար է իմանալ, թե արդյոք նոր ախտանիշները պարզապես հղիության մի մասն են, թե կարող են վկայել լուրջ խնդրի մասին, հատկապես, եթե դա ձեր առաջին հղիությունն է: Եթե մտահոգված եք ձեր ախտանիշներով, դիմեք ձեր բժշկին:
Պրեէկլամպսիա կարող է զարգանալ նաև ծննդաբերությունից հետո, ուստի, կապ հաստատեք ձեր բժշկի կամ բուժքրոջ հետ, եթե գտնում եք, որ դրա անհրաժեշտությունը կա:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024