Վաղաժամ սերմնաժայթքում. ախտանիշներ
27-03-2021
1 րոպե

Վաղաժամ սերմնաժայթքման գլխավոր ախտանիշը սեռական ակտը սկսելուց՝ «պենետրացիայից» հետո սերմնաժայթքումն ավելի քան մեկ րոպե հետաձգելու ունակության կորուստն է:
Այնուամենայնիվ, վաղաժամ սերմնաժայթքման խնդիրը կարող է ծագել ամենատարբեր սեռական իրավիճակներում, նույնիսկ ձեռնաշարժության (մաստուրբացիա) ընթացքում:
Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է դասակարգվել որպես՝
- առաջնային. վաղաժամ սերմնաժայթքման խնդիրն առկա է տղամարդու սեռական կյանքի հենց սկզբից (և կարող է շարունակվել ողջ կյանքի ընթացքում, եթե բուժումից դուրս մնա)
- ձեռք բերովի (երկրորդային). առաջանում է որևէ հիվանդության կամ առողջական խնդրի պատճառով նախկինում վաղաժամ սերմնաժայթքման խնդիր չնշող տղամարդկանց մոտ:
Բազմաթիվ տղամարդիկ կարող են կարծել, որ ունեն վաղաժամ սերմնաժայթքման ախտանիշներ, սակայն իրականում դրանք չհամապատասխանեն ախտորոշիչ չափորոշիչներին: Այլ տղամարդկանց մոտ կարող է գրանցվել բնական փոփոխական վաղաժամ սերմնաժայթքում, երբ լինում են և՛ վաղաժամ և՛ նորմալ սերմնաժայթքման շրջաններ:
Ե՞րբ այցելել բժշկին
Զրուցեք ձեր բժշկի կամ նրա խորհրդով՝ այլ մասնագետների հետ (օրինակ՝ սեքսոպաթոլոգ կամ ուրոլոգ), եթե սեռական հարաբերության ժամանակ սերմնաժայթքում եք ավելի վաղ, քան կցանկանայիք: Բազմաթիվ տղամարդիկ ամաչում են սեռական կյանքի հետ կապված խնդիրը բժշկին տեղեկացնելուց, ինչը ճիշտ չէ: Հիշեք, որ վաղաժամ սերմնաժայթքումը տարածված խնդիր է, որը կարելի է բուժել:
Որոշ դեպքերում զուտ բժշկի հետ զրույցը կարող է օգնել վախերի և մտահոգությունների թուլացմանը: Օրինակ, տեղեկանալով, որ հազվադեպ ի հայտ եկող վաղաժամ սերմնաժայթքումը նորմալ երևույթ է կամ սեռական ակտի սկզբից մինչև սերմնաժայթքում միջին տևողությունը մոտ 5 րոպե է, տղամարդը կարող է փարատել ավելորդ անհանգստությունները, որն էլ օգնի սեռական կյանքում վստահության վերականգնմանը:
Հոդվածը վերանայվել է՝ 28-03-2021