Skip to main content

Բուժում - Վաղաժամ էյակուլյացիա

Վաղաժամ սերմնաժայթքման բուժման ընդհանուր տարբերակները ներառում են վարքաբանական ​մեթոդները, դեղորայքը և խորհրդատվությունը:

Հնարավոր է, որ ձեզ համար արդյունավետ բուժում կամ բուժումների համակցություն գտնելը որոշակի ժամանակ պահանջի: Վաղաժամ սերմնաժայթքման բուժման ամենաարդյունավետ մոտեցումը ներառում է վարքաբանական մեթոդների և դեղորայքային բուժման միաժամանակյա անցկացում:

Վարքաբանական մեթոդներ

Որոշ դեպքերում վաղաժամ սերմնաժայթքման բուժումը կարող է կազմված լինել պարզ քայլերից: Օրինակներից է ձեռնաշարժությունը (մաստուրբացիա)՝ նախատեսվող սեռական հարաբերությունից մեկ կամ երկու ժամ առաջ: Սա կարող է ձեզ թույլ տալ հետաձգել սերմնաժայթքումը, երբ սեռական հարաբերություն եք ունենում ձեր զուգընկերոջ հետ:

Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշ ժամանակով խուսափել սեռական հարաբերությունից: Սեռական խաղերի այլ տեսակների վրա կենտրոնանալը կարող է թուլացնել ճնշումը, որը կարող եք զգալ սեռական հարաբերության ժամանակ:

Կոնքի հատակի վարժանքներ

Կոնքի հատակի թույլ մկանները կարող են դժվարացնել սերմնաժայթքման հետաձգումը: Կոնքի հատակի վարժանքները (Կեգելի վարժություններ) կարող են օգնել այս մկանների ամրապնդմանը:

Այս վարժանքները կատարելու համար կատարեք հետևյալ քայլերը:

  • Գտեք ճիշտ մկանները. ձեր կոնքի հատակի մկանները տեղորոշելու համար կեսից կտրուկ ընդհատեք միզելը: Կամ ձգեք այն մկանները, թույլ չեն տալիս, որ աղիքային գազերը դուրս գան: Սա կատարելիս դուք օգտագործում եք ձեր կոնքի հատակի մկանները: Երբ հասկանաք, թե որոնք են դրանք, կկարողանաք մարզել այս մկանները ցանկացած իրավիճակում կամ դիրքում: Այնուամենայնիվ, սկզբում ավելի հեշտ կլինի դրանք կատարել պառկած վիճակում:
  • Կատարելագործեք ձեր տեխնիկան. ձգեք ձեր կոնքի հատակի մկանները, պահեք երեք վայրկյան և ապա թուլացրեք երեք վայրկյան: Փորձեք մի քանի անգամ անընդմեջ: Երբ ձեր մկաններն ուժեղանան, փորձեք կատարել Կեգելի վարժությունները նստած, կանգնած կամ քայլելիս:
  • Մնացեք կենտրոնացած. լավագույն արդյունքների համար կենտրոնացեք միայն ձեր կոնքի հատակի մկանները ձգելու վրա: Ուշադրություն դարձրեք, որ ձեր որովայնի, ազդրերի կամ հետույքի մկանները չկծկվեն: Խուսափեք շունչը պահելուց։ Դրա փոխարեն, վարժանքի ընթացքում շնչեք համաչափ՝ առանց ընդհատումների։
  • Կրկնեք օրը երեք անգամ. նպատակ դրեք կատարել օրական առնվազն երեք վարժանք՝ յուրաքանչյուրը ձգման–թուլացման 10 կրկնությունից:

Ընդմիջում–սեղմում մեթոդ

Ձեր բժիշկը կարող է ձեզ և ձեր զուգընկերոջը խորհուրդ տալ, որ օգտագործեք ընդմիջում-սեղմում մեթոդը: Այս մեթոդը գործում է հետևյալ կերպ։

  • Սկսեք ձեր սեռական ակտիվությունը, ներառյալ առնանդամի խթանումը, մինչև զգաք, որ գրեթե պատրաստ եք սերմնաժայթքման համար:
  • Այնուհետև դուք կամ ձեր զուգընկերը կարող եք սեղմել ձեր առնանդամի ծայրը, որտեղ առնանդամի գլուխը միանում է մարմնին: Շարունակեք սեղմած պահել մի քանի վայրկյան՝ մինչև սերմնաժայթքման ցանկությունը չանցնի:
  • Կրկնեք սեղմումներն ըստ անհրաժեշտության:

Կրկնելով այնքան, որքան անհրաժեշտ է, դուք կարող եք առանց սերմնաժայթքման հասնել զուգընկերոջ մեջ «մտնելու» կետին: Որոշ ժամանակ կիրառելուց հետո սերմնաժայթքման հետաձգումը կարող է դառնալ սովորույթ, որն այլևս չի պահանջում ընմիջում-սեղում մեթոդը:

Եթե ընմիջում-սեղմում մեթոդը ցավ կամ անհարմարություն է պատճառում, կարող եք փորձել դադար–սկիզբ մեթոդը: Այս դեպքում դուք սերմնաժայթքումից առաջ դադարեցնում եք սեռական խթանումը, սպասում եք՝ մինչև ձեր սեռական գրգռվածության մակարդակը նվազի և նորից սկսում եք:

Պահպանակ

Պահպանակները կարող են թուլացնել առնանդամի զգայունությունը, որը կօգնի սերմնաժայթքման հետաձգմանը: Դեղատներում վաճառվում են այսպես կոչված «կլիմաքս կոնտրոլ» պահպանակներ, որոնք սովորականից ավելի հաստ են կամ պարունակում են տեղային անզգայացնող (թմրեցնող) նյութեր, օրինակ՝ Բենզոկային կամ Լիդոկային: Օրինակներից են՝ Trojan Extended, Durex Performax Intense և Lifestyles Everlast Intense։

Դեղամիջոցներ

Տեղային անզգայացնող (թմրեցնող) նյութեր

Վաղաժամ սերմնաժայթքումը բուժելու համար երբեմն օգտագործվում են նրբաքսուքներ (կրեմ), գելեր և սփրեյներ, որոնք պարունակում են տեղային անզգայացնող նյութ, ինչպիսիք են Բենզոկայինը, Լիդոկայինը կամ Պրիլոկայինը: Այս միջոցներով առնանդամի գլխիկն օծվում է նախատեսված սեռական հարաբերությունից 10-15 րոպե առաջ, որ նվազեցնեն զգացողությունները և օգնեն սերմնաժայթքման հետաձգմանը:

Թեև տեղային անզգայացնող միջոցները արդյունավետ են և լավ տանելի, այնուամենայնիվ, ունեն հնարավոր կողմնակի ազդեցություններ: Օրինակ, այս նյութերը կարող են երկու զուգընկերների մոտ էլ առաջացնել զգացողության և սեռական հաճույքի նվազում:

Բերանով ընդունվող (օրալ) դեղամիջոցներ

Մի շարք դեղամիջոցներ կարող են հետաձգել օրգազմը: Այս դեղերը հաստատված չեն ԱՄՆ-ի Դեղերի և սննդի գործակալության (FDA) կողմից վաղաժամ սերմնաժայթքումը բուժելու համար, սակայն որոշներն օգտագործվում են այդ նպատակով: Դրանքից են՝ հակադեպրեսանտներ, ցավազրկողներ և էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղամիջոցներ:

Այս դեղերը կարող են նշանակվել ըստ պահանջի կամ ամենօրյա օգտագործման համար: Բացի այդ, դրանք կարող են նշանակվել առանձին կամ այլ բուժման հետ միասին:

  • Հակադեպրեսանտներ. որոշ հակադեպրեսանտների կողմնակի ազդեցություններից մեկը հետաձգված օրգազմն է: Ելնելով դրանից, վաղաժամ սերմնաժայթքումը բուժելու համար օգտագործվում են սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչներ (ՍՀԸԱ): ՍՀԸԱ-ներից են՝ Պարօքսետին (Պաքսիլ, Պաքսևա, Բրիսդել), էսցիտալոպրամ (Լեքսապրո), Ցիտալոպրամ (Ցելեքսա), Սերտրալին (Զոլոֆտ) կամ Ֆլուոքսետին (Պրոզակ): Որոշ երկրներում մեկ այլ ՍՀԸԱ՝ Դապոքսետինը հաճախ օգտագործվում է որպես վաղաժամ սերմնաժայթքման առաջին բուժում, որը ԱՄՆ–ում դեռևս հասանաելի չէ: ԱՄՆ-ում օգտագործման համար հաստատված դեղամիջոցներից ամենաարդյունավետը հավանաբար Պարոքսետինն է: Այս դեղամիջոցները սովորաբար սկսում են ազդել առնվազն 5-10 օր օգտագործելուց հետո, սակայն բուժական ազդեցությունը դրսևորվում է միայն 2-3 շաբաթ հետո: Եթե ՍՀԸԱ-ները չեն բարելավում ձեր սերմնաժայթքման ժամանակը, ձեր բժիշկը կարող է նշանակել տրիցիկլիկ հակադեպրեսանտ համարվող Կլոմիպրամին (Անաֆրանիլ): Հակադեպրեսանտների կողմնակի ազդեցությունները կարող են ներառել՝ սրտխառնոց, քրտնարտադրություն, քնկոտություն և սեռական ցանկությունների (լիբիդո) նվազում:
  • Ցավազրկողներ. Տրամադոլը (Ultram, Conzip, Քդոլո) դեղամիջոց է, որն օգտագործվում է ցավը բուժելու համար: Որպես կողմնակի ազդեցություն, այս դեղամիջոցը կարող է հետաձգել սերմնաժայթքումը: Տրամադոլը կարող է նշանակվել, երբ ՍՀԸԱ-ները արդյունավետ չեն եղել: Այն չի կարող օգտագործվել ՍՀԸԱ-ի հետ համատեղ: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել՝ սրտխառնոց, գլխացավ, քնկոտություն և գլխապտույտ: Երկարատև օգտագործման դեպքում Տրամադոլը կարող է կախվածություն ձևավորել:
  • Ֆոսֆոդիէսթերազ-5–ի արգելակիչներ (ինհիբիտորներ). Ֆոսֆոդիէսթերազ-5 ինհիբիտորներ. էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար օգտագործվող որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են օգնել վաղաժամ սերմնաժայթքման կանխմանը: Այս դեղերից են՝ Սիլդենաֆիլ (Վիագրա), Տադալաֆիլ (Սիալիս, Ադցիրկա), Ավանաֆիլ (Ստենդրա) և Վարդենաֆիլ (Լևիտրա, Ստաքսին): Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել՝ գլխացավ, դեմքի կարմրություն և ստամոքսի խանգարում: Այս դեղամիջոցները կարող են ավելի արդյունավետ լինել, երբ օգտագործվում են ՍՀԸԱ-ի հետ միասին:

Խորհրդատվություն

Այս մոտեցումը ներառում է հոգեթերապևտի հետ ձեր փոխհարաբերությունների և փորձառությունների մասին զրուցելը: Սեանսները կարող են օգնել ձեզ նվազեցնելու կատարողական անհանգստությունը և գտնելու սթրեսի հաղթահարման ավելի լավ ուղիներ: Խորհրդատվությունը, ամենայն հավանականությամբ, կօգնի, երբ զուգակցվի դեղորայքային բուժման հետ:

Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է հանգեցնել մի վիճակի, երբ դուք զգաք, որ կորցնում եք ձեր սեռական զուգընկերոջ հետ նախկին մտերմությունը: Դուք կարող եք զայրանալ, ամաչել, վրդովվել և ի վերջո խուսափել ձեր զուգընկերոջից:

Ձեր զուգընկերը նույնպես կարող է հիասթափվել սեռական մտերմության փոփոխությունից: Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է պատճառ դառնալ, որ զուգընկերները ավելի քիչ կապված կամ փոխադարձ վիրավորված զգան: Այսպիսի իրավիճակներում խնդրի մասին խոսելը կարևոր քայլ է։ Փոխհարաբերությունների խորհրդատվությունը կամ սեռական թերապիան նույնպես կարող են օգտակար լինել:

Հոդվածը հրապարակվել է՝ 28-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024