Շագանակագեղձի քաղցկեղ

Շագանակագեղձը միայն տղամարդկանց մոտ հանդիպող փոքր (ընկույզի չափ) կենտ գեղձ է, որը գտնվում է առնանդամի և միզապարկի միջև։
Շագանակագեղձը շրջապատում է միզածորանը՝ միզապարկից դեպի առնանդամ ձգվող խողովակը։
Այս գեղձը մասնակցում է սերմնահեղուկի (սպերմա) արտադրությանը և ապահովում սպերմատոզոիդների կենսունակությունը։
Շագանակագեղձի քաղցկեղն առաջանում է, երբ գեղձի ձևափոխված բջիջները սկսում են անվերահսկելի կերպով բազմանալ։ Տղամարդու տարիքին զուգահեռ քաղցկեղի այս տեսակի հանդիպման հավանականությունը մեծանում է։
Շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ քաղցկեղային գերաճած հյուսվածքները սկսում են սեղմել միզուկը։ Քաղցկեղի վաղ փուլերում ավելի հաճախ հանդիպում են հետևյալ նշանները՝
- հանկարծակի սկսվող կամ հաճախացած միզելու ցանկություն
- միզելու հետ կապված դժվարություններ (օրինակ, դժվարությամբ է սկսում միզելը կամ չի կարողանում միզել, թեև միզելու սուր ցանկությունը կա կամ մեզի շիթը դառնում է դանդաղ ու բարակ)
- միզելուց անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ)
- մեզի կամ սերմնահեղուկի մեջ արյան առկայություն
- ցավեր գոտկատեղում, որովայնի ստորին շրջանում, աճուկներում։
Քաղցկեղի վաղ նշանները կարող են նմանվել շագանակագեղձի ադենոմայի նշաններին, և ձեր բժիշկը քաղցկեղը հաստատելու կամ ժխտելու համար ձեզ կարող զննել և նշանակել որոշ հետազոտություններ (օրինակ՝ փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա և արյան PSA-ի լաբորատոր որոշում)։
Հոդվածը վերանայվել է՝ 14-02-2021