Ձեր շագանակագեղձի քաղցկեղի բուժման տարբերակները կախված են մի քանի գործոններից, ինչպիսիք են այն, թե որքան արագ է ձեր քաղցկեղը զարգանում, արդյոք այն տարածվել է և ձեր ընդհանուր առողջությունից, ինչպես նաև բուժման հնարավոր օգուտներից կամ կողմնակի ազդեցություններից:
Անհապաղ բուժումը կարող է անհրաժեշտ չլինել
Շագանակագեղձի ցածր աստիճանի (դանդաղ աճող) քաղցկեղը կարող է անհապաղ բուժման կարիք չունենալ: Ոմանց համար բուժումը երբեք կարող է անհրաժեշտ չլինել: Փոխարենը, բժիշկները երբեմն խորհուրդ են տալիս բավարարվել ակտիվ հսկողությամբ:
Ակտիվ հսկողության ժամանակ կարող են իրականացվել կանոնավոր արյան թեստեր, ուղիղաղիքային մատնային զննումներ և շագանակագեղձի բիոպսիա՝ ձեր քաղցկեղի զարգացումը վերահսկելու համար: Եթե հետազոտությունները ցույց են տալիս, որ ձեր քաղցկեղը աճում է, դուք կարող եք որոշել բուժել ձեր շագանակագեղձի քաղցկեղը, օրինակ, վիրահատությամբ կամ ճառագայթումով:
Ակտիվ հսկողությունը կարող է տարբերակ լինել այն քաղցկեղի համար, որը չի առաջացնում ախտանիշներ և ակնկալվում է, որ այն շատ դանդաղ է աճում և սահմանափակվում է շագանակագեղձի փոքր հատվածով: Ակտիվ հսկողությունը կարող է նաև դիտարկվել այն մարդկանց համար, ովքեր ունեն մեկ այլ լուրջ առողջական խնդիր կամ մեծ տարիքի են, որն ավելի է դժվարացնում քաղցկեղի բուժումը:
Շագանակագեղձի հեռացման վիրահատություն
Շագանակագեղձի քաղցկեղի վիրահատությունը ներառում է շագանակագեղձի հեռացում (արմատական պրոստատէկտոմիա), շրջակա հյուսվածքների և մի քանի ավշային հանգույցների հեռացում:
Վիրահատությունը քաղցկեղի բուժման տարբերակ է, եթե ուռուցքը սահմանափակվում է միայն շագանակագեղձով: Այն երբեմն օգտագործվում է շագանակագեղձի տարածված քաղցկեղի բուժման համար՝ այլ բուժումների հետ համատեղ:
Շագանակագեղձ հասնելու համար վիրաբույժները կարող են օգտագործել տեխնիկա, որը ներառում է հետևյալը:
- Ձեր որովայնի վրա մի քանի փոքր կտրվածք անելը. ռոբոտի օգնությամբ շագանակագեղձի լապարոսկոպիկ հեռացման ժամանակ վիրաբուժական գործիքներն ամրացվում են մեխանիկական սարքի (ռոբոտի) վրա և տեղադրվում որովայնի մի քանի փոքր կտրվածքների միջոցով: Վիրաբույժը նստում է վահանակի մոտ և օգտագործում է ձեռքի հսկիչները՝ ռոբոտին ուղղորդելու և այս միջոցով գործիքները շարժելու և վիրահատությունն իրականացնելու համար: Շագանակագեղձի քաղցկեղի վիրահատությունների մեծ մասը կատարվում է այս տեխնիկայի միջոցով:
- Ձեր որովայնի վրա մեկ երկար կտրվածք անելը. հետցայլքային վիրահատության ժամանակ վիրաբույժը մեկ երկար կտրվածք է անում ձեր որովայնի ստորին հատվածում՝ շագանակագեղձին հասնելու և այնհեռացնելու համար: Այս մոտեցումը շատ ավելի քիչ տարածված է, բայց կարող է անհրաժեշտ լինել որոշակի իրավիճակներում:
Քննարկեք ձեր բժշկի հետ, թե վիրահատության որ տեսակն է լավագույնը ձեր կոնկրետ իրավիճակի համար:
Ճառագայթային թերապիա
Ճառագայթային թերապիան օգտագործում է հզոր էներգիա՝ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար: Շագանակագեղձի քաղցկեղի ճառագայթային թերապիան կարող է ներառել հետևյալ տարբերակները:
- Ճառագայթում, որը տրվում է ձեր մարմնի դրսից (արտաքին փնջային ճառագայթում). արտաքին ճառագայթային փնջային թերապիայի ընթացքում դուք պառկած եք սեղանի վրա, մինչ սարքը շարժվում է ձեր մարմնի շուրջ՝ ուղղելով բարձր էներգիայի ճառագայթները, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները կամ պրոտոնները, դեպի ձեր շագանակագեղձի քաղցկեղը: Դուք սովորաբար անցնում եք արտաքին ճառագայթային փնջային բուժում շաբաթական հինգ օր՝ մի քանի շաբաթ շարունակ: Որոշ բժշկական կենտրոններ առաջարկում են ճառագայթային թերապիայի ավելի կարճ կուրս, որն օգտագործում է ավելի քիչ օրերի ընթացքում բաշխված ճառագայթման ավելի մեծ չափաբաժիններ: Արտաքին փնջային ճառագայթումը տարբերակ է այն քաղցկեղի բուժման համար, որը սահմանափակվում է շագանակագեղձով: Այն կարող է օգտագործվել նաև վիրահատությունից հետո՝ ոչնչացնելու քաղցկեղի ցանկացած բջիջ, որը կարող է մնալ, եթե կա քաղցկեղի տարածման կամ կրկնման վտանգ: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում, որը տարածվել օրգանիզմի այլ շրջաններ, ինչպիսիք են ոսկորները, ճառագայթային թերապիան կարող է օգնել, որ դանդաղեցվի քաղցկեղի աճը և թեթևացվեն ախտանիշները, ինչպիսիք են ցավը:
- Ձեր մարմնի ներսում տեղադրված ճառագայթում (բրախիթերապիա). բրախիթերապիան ներառում է ռադիոակտիվ աղբյուրների տեղադրում շագանակագեղձի հյուսվածքում: Շատ հաճախ, ճառագայթումը պարունակվում է բրնձի չափ ռադիոակտիվ հատիկ, որոնք տեղադրվում են ձեր շագանակագեղձի հյուսվածքի մեջ: Հատիկները երկար ժամանակ արձակում են ճառագայթման ցածր չափաբաժիններ: Բրախիթերապիան բուժման տարբերակներից մեկն է, եթե քաղցկեղը չի տարածվել շագանակագեղձի սահմաններից դուրս:
Որոշ իրավիճակներում բժիշկները կարող են խորհուրդ տալ ճառագայթային թերապիայի երկու տեսակները միաժամանակ:
Շագանակագեղձի հյուսվածքի սառեցում կամ այրում
Աբլացիոն թերապիան ոչնչացնում է շագանակագեղձի հյուսվածքը սառնությամբ կամ ջերմությամբ: Ընտրանքները կարող են ներառել հետևյալը:
- Շագանակագեղձի հյուսվածքի սառեցում. կրիոաբլացիան կամ կրիոթերապիան շագանակագեղձի քաղցկեղի դեպքում օգտագործում է խիստ սառը գազ շագանակագեղձի հյուսվածքը սառեցնելու համար: Հյուսվածքը մի քանի անգամ սառեցվում և հալեցվում է, որի միջոցով քաղցկեղային բջիջները և շրջակա առողջ հյուսվածքները մեռուկանում են:
- Շագանակագեղձի հյուսվածքի տաքացում (այրում). բարձր ինտենսիվության կենտրոնացված ուլտրաձայնային (ԲԻԿՈւ, HIFU) բուժումը օգտագործում է կենտրոնացված ուլտրաձայնային էներգիա՝ շագանակագեղձի հյուսվածքը տաքացնելու և ոչնչացնելու համար:
Այս բուժումները կարող են դիտարկվել շագանակագեղձի շատ փոքր քաղցկեղի բուժման համար, երբ վիրահատությունը հնարավոր չէ: Դրանք նաև կարող են օգտագործվել շագանակագեղձի տարածված քաղցկեղի բուժման համար, եթե այլ բուժումները, ինչպիսիք են ճառագայթային թերապիան, չեն օգնել:
Հետազոտողները ուսումնասիրում են՝ արդյոք կրիոթերապիան կամ ԲԻԿՈւ-ն շագանակագեղձի մի մասի բուժման համար կարող են տարբերակ լինել շագանակագեղձով սահմանափակված քաղցկեղի համար: Այս մոտեցումը, որը կոչվում է տեղային (ֆոկալ) թերապիա, բացահայտում է շագանակագեղձի այն հատվածը, որը պարունակում է ամենաագրեսիվ քաղցկեղային բջիջները և բուժում միայն այդ հատվածը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆոկալ թերապիան նվազեցնում է կողմնակի ազդեցությունների վտանգը: Բայց պարզ չէ, թե արդյոք այն ապահովում է ապրելիության նույն օգուտները, ինչ ամբողջ շագանակագեղձի համար նախատեսված բուժումը:
Հորմոնային թերապիա
Հորմոնային թերապիան բուժում է, որն ուղղված է ձեր օրգանիզմում արական հորմոն տեստոստերոնի արտադրության արգելակմանը: Տեստոստերոնն օգնում է շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճին: Տեստոստերոնի մատակարարման դադարեցումը կարող է հանգեցնել քաղցկեղի բջիջների մահվան կամ ավելի դանդաղ աճի:
Հորմոնային թերապիայի տարբերակները ներառում են հետևյալը:
- Դեղեր, որոնք խանգարում են ձեր օրգանիզմին, որ տեստոստերոն արտադրի. որոշ դեղամիջոցներ, որոնք հայտնի են որպես լյուտեինացնող հորմոն-ազատող հորմոնի (ԼՀԱՀ, LHRH) կամ գոնադոտրոպին-ազատող հորմոնի (ԳԱՀ, GnRH) ագոնիստներ և ներհակորդներ (անտագոնիստներ), կանխում են ձեր օրգանիզմի բջիջների տեստոստերոն արտադրելու ազդանշան ստանալը: Արդյունքում ձեր ամորձիները դադարում են տեստոստերոն արտադրել։
- Դեղեր, որոնք արգելափակում են տեստոստերոնի հասանելիությունը քաղցկեղի բջիջներին. այս դեղամիջոցները, որոնք հայտնի են որպես հակաանդրոգեններ, սովորաբար տրվում են ԼՀԱՀ ագոնիստների հետ միասին: Դա պայմանավորված է նրանով, որ ԼՀԱՀ ագոնիստները կարող են առաջացնել տեստոստերոնի ժամանակավոր բարձրացում՝ նախքան տեստոստերոնի մակարդակի նվազումը:
- Ամորձիների հեռացման վիրահատություն (օրխիէկտոմիա). ամորձիների հեռացումը արագ և զգալիորեն նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը ձեր օրգանիզմում: Սակայն, ի տարբերություն դեղորայքային տարբերակների, ամորձիները հեռացնելու վիրահատությունը մշտական է և անդառնալի:
Հորմոնային թերապիան հաճախ օգտագործվում է շագանակագեղձի տարածված քաղցկեղի բուժման համար՝ քաղցկեղի չափերը փոքրացնելու և դրա աճը դանդաղեցնելու համար:
Հորմոնային թերապիան երբեմն օգտագործվում է ճառագայթային թերապիայից առաջ այն քաղցկեղի բուժման համար, որը չի տարածվել շագանակագեղձի սահմաններից դուրս: Այն օգնում է փոքրացնել քաղցկեղը և մեծացնում է ճառագայթային թերապիայի արդյունավետությունը:
Քիմիոթերապիա
Քիմիոթերապիան օգտագործում է հատուկ դեղամիջոցներ արագ աճող, ներառյալ՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Քիմիոթերապիան կարող է իրականացվել ձեռքի երակով, դեղահաբերի տեսքով կամ երկուսն էլ:
Քիմիոթերապիան կարող է բուժման տարբերակ լինել շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար, որը տարածվել է օրգանիզմի այլ շրջաններում: Քիմիոթերապիան կարող է նաև տարբերակ լինել քաղցկեղների համար, որոնք չեն արձագանքում հորմոնային թերապիային:
Իմունոթերապիա
Իմունոթերապիան օգտագործում է ձեր իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Ձեր օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը չի կարող գրոհել ձեր քաղցկեղի վրա, քանի որ քաղցկեղի բջիջներն արտադրում են սպիտակուցներ, որոնք օգնում են նրանց «թաքնվել» իմունային համակարգի բջիջներից: Իմունոթերապիան ազդում է՝ խանգարելով այդ գործընթացը։
Շագանակագեղձի քաղցկեղի իմունոթերապիան կարող է ներառել հետևյալը:
- Ձեր բջիջների ինժեներիա՝ քաղցկեղի դեմ պայքարելու համար. Սիպուլեյցել-T (Պրովենջե) բուժումը վերցնում է ձեր սեփական իմունային բջիջներից մի քանիսը, լաբորատորիայում գենետիկորեն մշակում դրանք՝ շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարելու համար, այնուհետև բջիջները երակի միջոցով ետ ներարկում ձեր օրգանիզմ: Սա շագանակագեղձի տարածված քաղցկեղի բուժման տարբերակ է, եթե քաղցկեղն այլևս չի արձագանքում հորմոնային թերապիային:
- Օժանդակություն ձեր իմունային համակարգի բջիջներին՝ բացահայտելու քաղցկեղի բջիջները. իմունոթերապիայի դեղամիջոցները, որոնք օգնում են իմունային համակարգի բջիջներին հայտնաբերել և գրոհել քաղցկեղի բջիջների վրա, կարող են բուժման տարբերակ դիտարկվել շագանակագեղձի տարածված քաղցկեղի բուժման համար, որոնք այլևս չեն արձագանքում հորմոնային թերապիային:
Թիրախային դեղորայքային թերապիա
Թիրախային դեղորայքային բուժումը կենտրոնանում է քաղցկեղի բջիջներում առկա առանձնահատկությունների վրա: Արգելափակելով այս ոչ նորմալ կամ «թույլ» տեղերը՝ թիրախային դեղորայքային բուժումները կարող են հանգեցնել քաղցկեղի բջիջների մահվան:
Թիրախային թերապիայի դեղերը կարող են առաջարկվել շագանակագեղձի տարածված կամ կրկնվող քաղցկեղի բուժման համար, եթե հորմոնային թերապիան չի ազդում:
Որոշ թիրախային թերապիաներ գործում են միայն այն մարդկանց մոտ, որոնց քաղցկեղային բջիջներն ունեն որոշակի գենետիկ մուտացիաներ: Ձեր քաղցկեղի բջիջները կարող են փորձարկվել լաբորատորիայում՝ պարզելու, թե արդյոք այդ դեղերը կարող են օգնել ձեզ:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024