Դուք կարող եք նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը, եթե հետևեք այս խորհուրդներին:
- Ընտրեք առողջ սննդակարգ՝ հարուստ մրգերով և բանջարեղենով. կերեք տարբեր տեսակի մրգեր, բանջարեղեններ և ամբողջահատիկավոր մթերքներ: Մրգերն ու բանջարեղենները պարունակում են բազմաթիվ վիտամիններ և սննդարար նյութեր, որոնք կարող են նպաստել ձեր առողջությանը: Արդյոք դուք կարող եք կանխել շագանակագեղձի քաղցկեղը սննդակարգի միջոցով, դեռ պետք է վերջնականապես ապացուցվի: Սակայն տարբեր մրգերից և բանջարեղեններից կազմված առողջ սննդակարգը կարող է բարելավել ձեր ընդհանուր առողջությունը:
- Ընտրեք առողջ սնունդ հավելումների փոխարեն. ոչ մի հետազոտություն ցույց չի տվել, որ հավելումները դեր են խաղում շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցման գործում: Փոխարենը, ընտրեք վիտամիններով և միներալներով հարուստ մթերքներ, որ կարողանաք պահպանել վիտամինների առողջ մակարդակը ձեր օրգանիզմում:
- Շաբաթվա օրերի մեծ մասը զբաղվեք ֆիզիկական վարժանքներով. վարժանքը բարելավում է ձեր ընդհանուր առողջությունը, օգնում է պահպանել քաշը և բարելավում է տրամադրությունը: Փորձեք վարժանքներ անել շաբաթվա օրերի մեծ մասը։ Եթե դուք նոր եք ֆիզիկապես ակտիվանում, սկսեք դանդաղ և աշխատեք ամեն օր ավելի շատ ժամանակ տրամադրել ֆիզիկական վարժանքներին:
- Պահպանեք առողջ քաշը. եթե ձեր ընթացիկ քաշը առողջ է, աշխատեք պահպանել այն՝ ընտրելով առողջ սննդակարգ և անելով ֆիզիկական վարժանքներ շաբաթվա մեծ մասը: Եթե ձեզ անհրաժեշտ է նիհարել, ավելացրեք ավելի շատ ֆիզիկական վարժանքներ և նվազեցրեք օրական ընդունված կալորիաների քանակը: Հարցրեք ձեր բժշկին առողջ նիհարման ծրագիր կազմելու համար:
- Զրուցեք բժշկի հետ շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի մասին. եթե դուք ունեք շագանակագեղձի քաղցկեղի քաղցկեղի շատ բարձր ռիսկ, դուք և ձեր բժիշկը կարող եք դիտարկել դեղորայք կամ այլ բուժում՝ ռիսկը նվազեցնելու համար: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ 5-ալֆա ռեդուկտազի պաշարիչների ընդունումը, ներառյալ Ֆինաստերիդը (Պրոպեցիա, Պրոսկար) և Դուտաստերիդը (Ավոդարտ), կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ընդհանուր ռիսկը: Այս դեղամիջոցներն օգտագործվում են շագանակագեղձի մեծացման (ադենոմա) և մազաթափության դեմ պայքարելու համար: Այնուամենայնիվ, որոշ ապացույցներ ցույց են տալիս, որ այս դեղամիջոցներն ընդունող մարդիկ կարող են շագանակագեղձի քաղցկեղի ավելի ծանր ձևեր (բարձր աստիճանի շագանակագեղձի քաղցկեղ) ստանալու ռիսկ ունենալ: Եթե մտահոգված եք շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկով, խոսեք ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024