Շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ)

Պրոստատիտը շագանակագեղձի բորբոքային ախտահարումն է, որն ուղեկցվում է գեղձի այտուցվածությամբ:
Շագանակագեղձը (պրոստատ) միայն տղամարդկանց մոտ հանդիպող կենտ գեղձ է, որն արտադրում է սպերմատոզոիդները կենսունակ և առողջ վիճակում պահող և սերմնահեղուկի կազմության մեջ մտնող շագանակագեղձի հյութ: Գեղձը տեղակայված է միզապարկի տակ: Միզուկը՝ մեզը միզապարկից դեպի առնանդամ հասցնող խողովակն անցնում է շագանակագեղձի միջով:
Պրոստատիտը շագանակագեղձի բորբոքումն է, որը հաճախ ընթանում է ցավոտ կամ դժվարացած միզարձակմամբ (կոչվում է «դիզուրիա»): Այլ ախտանիշներից են շեքի, աճուկների կամ արտաքին սեռական օրգանների շրջանի ցավերը կամ երբեմն գրիպանման նշանները:
Պրոստատիտ կարող է զարգանալ բոլոր տարիքներում, սակայն ավելի հաճախ հանդիպում է մինչև 50 տարեկան տղամարդկանց շրջանում: Երբեմն շագանակագեղձի բորբոքման պատճառը մնում է չճշգրտված: Եթե բորբոքման պատճառը բակտերիալ վարակն է, ապա բուժումը կարող է ներառել հակաբիոտիկների նշանակում:
Կախված առաջացման պատճառից, պրոստատիտը կարող է զարգանալ աստիճանաբար կամ ի հայտ գալ հանկարծակի (սուր պրոստատիտ): Գանգատները կարող են բարելավվել արագորեն ինքնուրույն կամ բուժման շնորհիվ: Որոշ տեսակների ընթացքը կարող է տևել ամիսներ և պարբերաբար սրանալ (քրոնիկ պրոստատիտ):
Պրոստատիտի տեսակները
Ձեր ախտանիշներից և հետազոտությունների արդյունքներից կախված, բժիշկները տարբերում են պրոստատիտների հետևյալ 4 հիմնական տեսակները՝
- սուր բակտերիալ պրոստատիտ, որը հաճախ պատճառվում է բակտերիաների տարածված շտամներից, սովորաբար սկսվում է հանկարծակի՝ ուղեկցվելով գրիպանման նշաններով (բարձր ջերմություն, դող և սարսուռ, սրտխառնոց և փսխում)
- քրոնիկ բակտերիալ պրոստատիտ, որի պատճառը չբուժված սուր բակտերիալ պրոստատիտն է կամ նշանակված հակաբիոտիկների ոչ բավարար արդյունավետությունը և կարող է սրացումների միջև ընթանալ առանց որևէ ախտանիշի
- քրոնիկ պրոստատիտ կամ քրոնիկ շեքի ցավոտության համախտանիշ, որն ամենահաճախ հանդիպող տեսակն է, չունի բակտերիալ ծագում (ավելին, որևէ հստակ պատճառ չի հաջողվում առանձնացնել) և կարող է ընթանալ կայուն կամ ալիքաձև սրացումներով շեքի շրջանի ցավերով
- անախտանիշ բորբոքային պրոստատիտ, որը կարող է հայտնաբերվել պատահականորեն՝ այլ հիվանդություններ ախտորոշելիս և որևէ գանգատ չի առաջացնում և բուժում չի պահանջում:
Հոդվածը վերանայվել է՝ 16-02-2021