Պրոստատիտ. ախտանիշներ
14-02-2021
1 րոպե

Շագանակագեղձի բորբոքման ախտանիշները կախված են պատճառից և սովորաբար ներառում են միզարձակման խնդիրների հետ կապված գանգատներ և այլ նշաններ::
Սա բացատրվում է շագանակագեղձի անատոմիական տեղակայմամբ. այն գտնվում է կոնքի խոռոչում, միզապարկից ցած և առաջ, շրջագրկում է միզապարկի վզիկը և միզուկի սկզբնական (շագանակային) հատվածը: Միզապարկից մեզը հեռացնող միզուկն անցնում է գեղձի միջով, ուստի շագանակագեղձի բորբոքումն ու այտուցն ազդում են միզարձակման վրա:
Պրոստատիտի ախտանիշներից են՝
- միզելիս ցավ կամ այրոցի զգացում (դիզուրիա)
- դժվարամիզություն, օրինակ՝ մեզի շիթի դանդաղում (որոշ դեպքերում` ընդհուպ մինչև սուր միզակապություն)
- հաճախացած միզարձակում, հատկապես՝ գիշերային ժամերին (նոկտուրիա)
- անզուսպ միզարձակման ցանկություն
- պղտոր մեզ
- մեզում արյան հետքեր կամ արյունամիզություն (հեմատուրիա)
- ցավեր վերցայքային շրջանում, աճուկներում կամ գոտկատեղում
- ցավեր շեքի շրջանում (փոշտի և հետանցքի միջև ընկած շրջան)
- ցավեր կամ անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ) առնանդամի կամ ամորձիների շրջանում
- ցավոտ սերմնաժայթքում
- երբեմն` գրիպանման նշաններ, բարձր ջերմություն և դող (բակտերիալ պրոստատիտի ժամանակ):
Ե՞րբ այցելել բժշկին
Եթե ունեք շեքի շրջանի ցավեր, դժվարացած կամ ցավոտ միզարձակում կամ ցավոտ սերմնաժայթքում, հանդիպեք ձեր բժշկին: Չբուժվելու դեպքում պրոստատիտի որոշ տեսակներ կարող են առաջացնել վարակի վատթարացում ու տարածում կամ այլ առողջական խնդիրներ:
Հոդվածը վերանայվել է՝ 07-04-2021