Շագանակագեղձի բորբոքման հետ կապված ախտանիշները կարող են պայմանավորված լինել մի շարք հիվանդություններով ու վիճակներով:
Ձեզ կարող են ուղեգրել միզասեռական համակարգի խանգարումների մասնագետի մոտ (ուրոլոգ): Ձեր բժիշկը կանցկացնի արտաքին զննում, կգնահատի ձեր ախտանիշները և հիվանդության պատմությունը ու կնշանակի հետազոտություններ, որ պարզի պատճառը և բացառի որոշակի հիվանդությունները:
Բակտերիալ վարակի ախտորոշման թեստեր
Վարակի գնահատման ախտորոշիչ թեստերը հավանաբար կներառեն հետևյալը:
- Ուղիղաղիքային (ռեկտալ) մատնային քննություն. այս միջոցառումով ձեր բժիշկը օծած և ձեռնոցով մատը ձեր հետանցքով մտցնում է ուղիղ աղիքի մեջ, որ հայտնաբերի շագանակագեղձի բորբոքումը կամ պնդացած շրջանները:
- Մեզի թեստ. բակտերիալ վարակի առկայությունը և տեսակը ստուգելու համար ձեզ հարկավոր է հանձնել մեզի նմուշ՝ ստերիլ տարայով:
- Արյան թեստ. արյան նմուշները կարող են ստուգվել վարակի նշանների և շագանակագեղձի այլ խնդիրների համար:
- Շագանակագեղձի հյութի նմուշի թեստ. որոշ դեպքերում բժիշկը կարող է ուղիղաղիքային մատնային քննության ժամանակ նուրբ մերսել ձեր շագանակագեղձը (հետպրոստատիկ մերսում)՝ շագանակագեղձի հյութը ձեր միզածորան արտազատելու համար: Մերսումից հետո մեզի նմուշը դուրս է մղում շագանակագեղձի հյութը՝ բակտերիաների ստուգման համար:
Այլ հետազոտություններ
Եթե նախնական թեստերը վարակի նշաններ չեն ցույց տալիս, դուք նաև կարող եք անցնել այլ հետևազոտություններ:
- Ուրոդինամիկ հետազոտություններ. մի շարք հետազոտություններ կարող են օգտագործվել՝ չափելու, թե որքան լավ են ձեր միզապարկը և միզուկը պահում և դուրս մղում մեզը: Այս հետազոտությունները կարող են օգնել, որ բժիշկը գնահատի ձեր միզելու հետ կապված խնդիրները և գտնի ձեր ախտանիշների աղբյուրը:
- Պատկերային հետազոտություններ. այս գործիքային հետազոտությունները կարող են նշանակվել շագանակագեղձի կառուցվածքային շեղումների, մեծացման կամ կոնքի շրջանի այլ խնդիրների հայտնաբերման համար, որոնք կարող են նպաստել ցավի առաջացմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024