Կեղծթաղանթային կամ պսևդոմեմբրանոզ կոլիտի բուժումը սովորաբար արդյունավետ է՝ հաջող ելքով:
Այնուամենայնիվ, նույնիսկ արագ ախտորոշման և բուժման դեպքում կեղծթաղանթային կոլիտը կարող է կյանքին վտանգ ներկայացնել: Հնարավոր բարդությունները ներառում են հետևյալը:
- Ջրազրկում (դեհիդրատացիա). ծանր փորլուծությունը կարող է հանգեցնել հեղուկների և էլեկտրոլիտների զգալի կորստի: Սա դժվարացնում է ձեր օրգանիզմի գործունեությունը, խախտում նյութափոխանակությունը և կարող է արյան ճնշումը նվազեցնել մինչև վտանգավոր ցածր մակարդակների (հիպոտենզիա և կոլապս):
- Երիկամային անբավարարություն. որոշ դեպքերում ջրազրկումը կարող է զարգանալ այնքան արագ, որ երիկամների գործառույթն արագորեն վատթարանա՝ առաջացնելով երիկամային անբավարարություն։
- Թունավոր (տոքսիկ) մեգակոլոն. սա հազվադեպ հանդիպող, սակայն կյանքին սպառնացող վիճակ է, երբ հաստ աղիքը, ի վիճակի չլինելով ազատվել գազերից և կղանքից, խիստ լայնանում է: Չբուժվելու դեպքում լայնացած հաստ աղիքը կարող է նույնիսկ պատռվել՝ պատճառ դառնալով հաստ աղիքի բակտերիաների ներթափանցմանը որովայնի խոռոչ: Լայնացած կամ պատռված հաստ աղիքը պահանջում է շտապ վիրահատություն և կարող է մահացու լինել:
- Հաստ աղիքի թափածակում, որը կոչվում է պերֆորացիա. սա ևս հազվադեպ բարդություն է, որը կարող է առաջանալ հաստ աղիքի լորձաթաղանթի խոր վնասումից կամ թունավոր մեգակոլոնից հետո: Աղիքի պատի վրա առաջացած անցքով բակտերիաները թափանցում են որովայնի խոռոչ՝ հանգեցնելով կյանքին սպառնացող վարակի, որը կոչվում է պերիտոնիտ (որովայնամզի վարակ):
- Մահ. նույնիսկ թեթև և միջին ծանրության C. difficile վարակները կարող են արագ վերածվել մահացու հիվանդության, եթե ժամանակին չբուժվեն:
Բացի այդ, կեղծթաղանթային կոլիտը երբեմն կարող է կրկնվել ակնհայտ հաջող բուժումից օրեր կամ նույնիսկ շաբաթներ անց:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024