Կեղծթաղանթային կամ պսևդոմեմբրանոզ կոլիտի բուժման տարբերակները հետևյալն են:
- Հնարավորության դեպքում հակաբիոտիկի կամ այլ դեղամիջոցի օգտագործման դադարեցումը, որը ենթադրվում է, որ առաջացնում է ձեր ախտանիշները. երբեմն սա կարող է բավարար լինել ձեր վիճակը մեղմացնելու կամ առնվազն ձեր ախտանշանները, օրինակ՝ փորլուծությունը թեթևացնելու համար:
- Այնպիսի հակաբիոտիկով բուժում սկսելը, որոնք, ամենայն հավանականությամբ, արդյունավետ կլինեն C. difficile-ի դեմ. եթե դեռ ունեք ախտանիշներ, ձեր բժիշկը կարող է օգտագործել ձեր վարակի դեմ մեկ այլ հակաբիոտիկ: Սա թույլ է տալիս սովորական բակտերիաներին նորից աճել՝ վերականգնելով ձեր հաստ աղիքի բակտերիաների առողջ հավասարակշռությունը: Ձեզ կարող են հակաբիոտիկներ տալ բերանով (օրալ), երակով կամ քթով ստամոքս մտցված խողովակի միջոցով, որը կոչվում է նազոգաստրալ զոնդ: Առավել հաճախ օգտագործվում է Վանկոմիցին կամ Ֆիդաքսոմիցին (Դիֆիցիդ), սակայն դեղամիջոցի վերջնական ընտրությունը կախված է ձեր վիճակից: Եթե այս դեղամիջոցները հասանելի չեն կամ դուք չեք կարող օգտագործել դրանք (օրինակ՝ ունեք անտանելիություն), ձեր բժիշկը կարող է նշանակել Մետրոնիդազոլ (Ֆլաժիլ): Ծանր ընթացքով հիվանդության դեպքում բժիշկը կարող է ձեր նշանակել բերանային (օրալ) Վանկոմիցին՝ համակցված ներերակային Մետրոնիդազոլի կամ Վանկոմիցինով հոգնայի հետ:
- Կղանքային (ֆեկալ) մանրէների փոխպատվաստում (FMT). եթե ձեր վիճակը ծայրահեղ ծանր է կամ ունեցել եք վարակի մեկից ավելի կրկնություններ, ձեզ կարող է առաջարկվել առողջ դոնորի կղանքի փոխպատվաստում՝ ձեր հաստ աղիքում բակտերիաների հավասարակշռությունը վերականգնելու համար: Դոնորական կղանքը կարող է տրվել նազոգաստրալ խողովակի միջոցով, ներմուծվել հաստ աղիք կամ տեղադրվել պարկուճի մեջ, որը կուլ եք տալիս: Բժիշկները կարող են նշանակել համակցված հակաբիոտիկային բուժում, որին հաջորդում է ֆեկալ մանրէների փոխպատվաստումը:
Կեղծթաղանթային կոլիտի ախտանիշները կարող են բարելավվել բուժումը սկսելուց մի քանի օրվա ընթացքում:
Կրկնվող կեղծթաղանթային կոլիտի բուժումը
C. difficile-ի նոր, ավելի ագրեսիվ շտամների բնական առաջացումը դժվարացրել է կեղծթաղանթային կոլիտի բուժումը, ինչպես նաև հաճախակի դարձրել կրկնվող դեպքերը: Յուրաքանչյուր կրկնության հետ ավելանում է մեկ այլ կրկնություն ունենալու ձեր հնարավորությունը:
Նման իրավիճակներում բուժման տարբերակները հետևյալն են:
- Հակաբիոտիկների կրկնություն. ձեզ կարող է անհրաժեշտ լինել հակաբիոտիկներով բուժման երկրորդ կամ երրորդ փուլ՝ ձեր վիճակը կարգավորելու համար: Նման բուժումը կարող է տևել ավելի երկար, քան սովորական բուժման դեպքում:
- Վիրահատություն. վիրահատությունը կարող է առաջարկվել այն մարդկանց, ովքեր ունեն օրգանային անբավարարություն, հաստ աղիքի պատռվածք կամ որովայնի պատի լորձաթաղանթի (որովայնամզի) բորբոքում, որը կոչվում է պերիտոնիտ: Վիրահատությունը սովորաբար ներառում է հաստ աղիքի ամբողջական կամ մի մասի հեռացում: Սա հայտնի է որպես ընդհանուր (տոտալ) կամ մասնակի (սուբտոտալ) կոլէկտոմիա: Վերջերս ներդրված վիրահատության մեկ այլ տեսակ, երբ լապարոսկոպիկ եղանակով ստեղծվում է հաստ աղիքի կանթ, որը ներսից լվացվում-մաքրվում է, ավելի քիչ ինվազիվ է և ցույց է տվել դրական արդյունքներ: Այս միջամտությունը հայտնի է որպես հանգուցային իլեոստոմիա և հաստ աղիքի լվացում (լավաժ):
- Կղանքային (ֆեկալ) մանրէների փոխպատվաստում (FMT). այս մեթոդն օգտագործվում է կրկնվող կեղծթաղանթային կոլիտի բուժման համար: Դուք ստանում եք առողջ, մաքրված կղանք՝ պարկուճով, նազագաստրալ զոնդով կամ անմիջապես ձեր հաստ աղիք ներմուծմամբ:
- Բեզլոտոքսումաբ (Զինպլավա). ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) հաստատել է մարդու մոնոկլոնալ հակամարմին Բեզլոտոքսումաբի օգտագործումը C. difficile վարակի կրկնության (ռեցիդիվի) ռիսկը նվազեցնելու համար: Հակաբիոտիկների հետ համատեղ օգտագործվող Բեզլոտոքսումաբը զգալիորեն նվազեցնում է վարակի կրկնությունը: Այնուամենայնիվ, արժեքը կարող է սահմանափակող գործոն լինել:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024