Փսորիազի բուժումը չի սահմանափակվում միայն բժշկի նշանակած դեղերն ընդունելով:
Եթե ունեք փսորիազ, ճիշտ ապրելակերպն ու տնային պայմաններում ձեռնարկված մի շարք միջոցառումները կարող են զգալիորեն մեղմացնել ձեր գանգատները, ինչպես նաև նպաստել բուժման արդյունքների կայունացմանը:>
Փորձեք այս ինքնօգնության միջոցները՝ ձեր փսորիազն ավելի լավ կառավարելու համար: Որևէ քայլ ձեռնարկելուց առաջ տեղեկացրեք ձեր բժշկին ձեր մտադրությունների մասին:
- Ընդունեք ամենօրյա լոգանքներ. նրբորեն լվացեք, այլ ոչ թե տրորեք ձեր մաշկը ցնցուղի կամ լոգանքի ժամանակ: Օգտագործեք գոլ ջուր և թույլ օճառներ, որոնք պարունակում են ավելացված յուղեր կամ ճարպեր: Կարող նաև են օգտակար լինել լոգանքի ջրի մեջ լոգանքի յուղ, Էպսոմ աղ կամ վարսակի ալյուր ավելացնելը, որի մեջ պետք է պառկել առնվազն 15 րոպե: Լոգանքից հետո համբերեք մի քանի րոպե, մինչև ձեր մարմինն ինքնուրույն քիչ չորանա, որից հետո ախտահարված տեղամասերը նրբորեն ծածկեք մաքուր սավանով՝ առանց տրորելու:
- Պահեք ձեր մաշկը խոնավ. ամեն օր քսեք խոնավացնող միջոց։ Եթե ձեր մաշկը խոնավացնում եք լողանալուց հետո, նրբորեն չորացրեք և կիրառեք ձեր նախընտրած ապրանքը, քանի դեռ ձեր մաշկը խոնավ է: Շատ չոր մաշկի համար կարող են նախընտրելի լինել յուղերը կամ քսուքի վրա հիմնված խոնավացնող միջոցները: Դրանք մաշկի վրա ավելի երկար են մնում, քան քսուքները կամ լոսյոնները: Եթե խոնավացումը բարելավում է ձեր մաշկը, կիրառեք այդ միջոցը օրական մեկից ավելի անգամ: Եթե օդը, որտեղ դուք ապրում եք, շատ չոր է, օգտագործեք խոնավացուցիչ՝ օդը խոնավությունն ավելացնելու համար:
- Գիշերվա ընթացքում ծածկեք տուժած մակերեսները. քնելուց առաջ ախտահարված մաշկին քսեք քսուքի վրա հիմնված խոնավացնող միջոց և ծածկեք պոլիէթիլենային թաղանթով: Արթնանալուց հետո հեռացրեք դա և լվացեք թեփուկները:
- Զգուշությամբ զբաղվեք արևաբուժությամբ. հարցրեք ձեր բժշկին ձեր մաշկի բուժման համար բնական արևի լույսն օգտագործելու լավագույն միջոցի մասին: Արևի վերահսկվող քանակությունը կարող է լավացնել փսորիազը, սակայն չափից շատ արևը կարող է առաջացնել կամ վատթարացնել բռնկումները և մեծացնել մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը: Գրանցեք արևի տակ մնալու ձեր ժամանակը և պսորիազով չախտահարված մաշկը պաշտպանեք գլխարկով, հագուստով կամ արևապաշտպան քսուքով, որի արևապաշտպան գործոնը (SPF) առնվազն 30 է:
- Խուսափեք մաշկը քերծելուց. ձեզ կարող է օգնել քորի դեմ սովորական նրբաքսուքը կամ քսուքը, որը պարունակում է Հիդրոկորտիզոն կամ Սալիցիլաթթու: Եթե ունեք գլխամաշկի փսորիազ, փորձեք բուժիչ շամպուն, որը պարունակում է ածխի խեժ: Եղունգները կտրված պահեք, որ պատահաբար չվնասեք կամ չքերծեք ձեր մաշկը: Հագեք փափուկ գործվածքներ, որոնք չեն նպաստում քոր առաջացմանը:
- Խուսափեք փսորիազի հրահրիչներից (տրիգերներից). ուշադրություն դարձրեք, թե ինչն է առաջացնում կամ վատթարացնում ձեր փսորիազը, և քայլեր ձեռնարկեք այն կանխելու կամ դրանից խուսափելու համար: Վարակները, մաշկի վնասվածքները, ծխելը և արևի ուժեղ ազդեցությունը կարող են վատթարացնել փսորիազի ընթացքը:
- Պահեք զով ձեր մարմինը. շատ տաք միջավայրում լինելը կարող է առաջացնել մաշկի քոր: Հագեք թեթև հագուստ, եթե շոգ օրերին դրսում եք: Եթե ունեք օդորակիչ, օգտագործեք այն շոգ օրերին՝ ձեր տունը զով պահելու համար: Սացե խորանարդիկներ պահեք ձեր սառնարանում և քսեք դրանք քոր առաջացնող կետերին մի քանի րոպե՝ ազատվելու համար: Դուք կարող եք փորձել պահել ձեր խոնավացնող լոսյոնը սառնարանում՝ այն կիրառելիս սառեցնող ազդեցություն ավելացնելու համար:
- Ձգտեք պահպանել առողջ ապրելակերպ. փորձեք կիրառել առողջ ապրելակերպի այլ սովորություններ, որոնք կօգնեն կառավարել փսորիազը: Դրանք ներառում են ակտիվ լինելը, լավ սնվելը, ալկոհոլի օգտագործումը սահմանափակելը կամ դրանից խուսափելը և առողջ քաշի պահպանումը:
Այլընտրանքային բուժման միջոցներ
Որոշ հետազոտություններ պնդում են, որ այլընտրանքային թերապիաները (ինտեգրատիվ բժշկություն)՝ արտադրանքներն ու միջոցառումները, որոնք սովորական բժշկական օգնության մաս չեն կազմում կամ մշակվել են արևմտյան ավանդական ընթացակարգերից դուրս, մեղմացնում են փսորիազի ախտանիշները: Փսորիազով հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող այլընտրանքային բուժման օրինակները ներառում են հատուկ սննդակարգերը, վիտամինները, ասեղնաբուժությունը և տեղային բուսական արտադրանքները: Այս մոտեցումներից և ոչ մեկը հիմնավորված չէ հստակ ապացույցներով, բայց ընդհանուր առմամբ անվտանգ են և կարող են օգնել նվազեցնել քորի առաջացումը և թեփոտումը թեթև և միջին ծանրության փսորիազ ունեցող մարդկանց մոտ:
- Ալոեի մզվածքի նրբաքսուք. ալոե վերա բույսի տերևներից վերցված՝ ալոեի էքստրակտով նրբաքսուքը կարող է նվազեցնել թեփուկը, քորը և բորբոքումը: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի օգտագործել քսուքը օրական մի քանի անգամ մեկ ամիս կամ ավելի, որ տեսնեք ձեր մաշկի բարելավումը:
- Ձկան յուղի հավելումներ. ձկան յուղով բերանային (օրալ) թերապիան, որն օգտագործվում է ՈւՄԲ թերապիայի հետ համատեղ, կարող է նվազեցնել ցանի տարածումը: Ձկան յուղն ախտահարված մաշկին քսելը և օրական վեց ժամ շարունակ այն վիրակապով ծածկելը չորս շաբաթվա ընթացքում կարող է բարելավել թեփոտումը:
- Ծորենի (բարբարիս). ծորենին կիրառվում է մաշկի վրա և կարող է մեղմացնել փսորիազի ընթացքը:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024