Փսորիազ․ բուժում
02-05-2019
4 րոպե

Փսորիազի վերջնական բուժում գոյություն չունի, սակայն դուք կարող եք վերահսկել հիվանդության ընթացքը և մեղմացնել գանգատները:
Փսորիազի բուժումը թույլ է տալիս մեղմացնել ախտահարված մաշկի բորբոքումը և «մաքրել» մաշկի ախտահարված ու մեռուկացած շերտերը:
Բուժումը սովորաբար սկսվում է հիվանդության սրացմանը նպաստող գործոնների հայտնաբերմամբ, որ դրանք հնարավորինս վերացվեն կամ մեղմացվեն (օրինակ՝ տեղային կամ ընդհանուր վարակներ, սթրես, ալկոհոլի չարաշահում և այլն):
Տարբերում են փսորիազի բուժման երեք մեթոդ՝ տեղային բուժում, լուսաբուժում և համակարգային դեղեր:
Մեղմ ընթացքով փսորիազի բուժման մեջ սովորաբար ներառում են տեղային՝ մաշկի համար օգտագործվող միջոցներ, այդ թվում՝
- խանավացնող միջոցներ
- ձութային պատրաստուկներ
- Դիթրանոլ
- կորտիկոստերոիդային քսուկներ կամ նրբաքսուքներ (կրեմներ)
- վիտամին D-ի պատրաստուկներ:
Ձեզ նաև կարող են նշանակել լուսաբուժում, որը կարող է որոշակիորեն դանդաղեցնել մաշկի բջիջների առաջացման արագությունը:
Եթե փսորիազը պահանջում է համալիր բուժում, բժիշկը կարող է նշանակել նաև խմելու կամ ներարկման դեղեր:
Դուք ձեր հերթին կարող եք նպաստել հիվանդության վերահսկմանը, եթե՝
- խստորեն հետևեք նշանակած բուժմանը և չփորձեք ինքնուրույն ընդհատել այն (հիշեք, որ բուժումը ոչ միայն գանգատները մեղմացնելու համար է, այլև հետագա սրացումները կանխարգելելու)
- կրճատեք սթրեսը
- ձեր ապրելակերպը դարձնեք առողջ, օրինակ՝ կրճատեք ալկոհոլի օգտագործումը, չծխեք և ձեր սնունդը դարձնեք ավելի «առողջ»:
Տեղային և ընդհանուր բուժումներ
Փսորիազի ժամանակ օգտագործվող տեղային միջոցները և ընդհանուր նշանակության դեղերը ներկայացված են առանձին հոդվածում:
Լուսաբուժում (ֆոտոթերապիա)
Բուժման այս մոտեցման հիմքում ընկած է բնական կամ արհեստական ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթները: Լուսաբուժման ամենապարզ ու հեշտ տարբերակը արևի բնական ճառագայթների վերահսկվող օգտագործումն է:
Լուսաբուժման մյուս տարբերակներն են ՈւՄ ճառագայթների Ա և Բ տարբերակների օգտագործումը՝ առանձին կամ դեղերի հետ զուգակցմամբ (ՈւՄԱ և ՈւՄԲ):
- Արևաբուժում. Արևի և արհեստական ՈւՄ ճառագայթները կարող են զսպել մաշկի բջիջների արագացված առաջացումը, փոքրացնել ախտահարված մաշկի չափերը և մեղմացնել բորբոքումը: Օրվա ընթացքում արևի ճառագայթների կարճատև ազդեցությունը կարող է բարելավել փսորիազի ընթացքը, մինչդեռ ավելի ինտենսիվ ճառագայթումը կարող է սրացնել գանգատները և վնասել մաշկը: Արևի ճառագայթներով բուժումը սկսելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, որ ընտրեք ձեզ համար ամենաանվտանգ տարբերակը:
- ՈւՄԲ լուսաբուժում. ՈւՄԲ հսկվող դոզաները կարող են բարելավել թեթևից մինչև չափավոր ընթացքով փսորիազի ախտանիշները: ՈւՄԲ լուսաբուժումը (կոչվում է նաև «լայնաշերտ ՈւՄԲ») կարող է օգտագործվել, որ բուժվի փսորիազային եզակի վահանակը, տարածուն փսորիազը կամ հիվանդության այն ձևերը, որոնք տեղային բուժման նկատմամբ կայուն են: ՈւՄԲ ունի վաղ առաջացող որոշ կողմնակի ազդեցություններ՝ մաշկի կարմրություն, քոր և մաշկի չորություն, որոնք կարող են մեղմացվել խոնավացնող միջոցներով:
- Նեղփնջային ՈւՄԲ լուսաբուժում. սա փսորիազի բուժման ավելի նոր մեթոդ է, որը կարող է ավելի լավ արդյունքներ ապահովել, քան լայնաշետ ՈւՄԲ: Նեղփնջային ՈւՄԲ սովորաբար նշանակվում է շաբաթական 2-3 անգամ՝ մինչև մաշկը սկսում է վերականգվնել, որից հետո հաճախումները կարելի է դարձնել շաբաթական 1 անգամ: Այնուամենայնիվ, նեղփնջային ՈւՄԲ-ն կարող է առաջացնել ավելի ծանր և երկարատև ընթացքով այրվածքներ:
- Goeckerman-ի բուժում. որոշ բժիշկներ ՈւՄԲ զուգակցում են քարածխային ձութի տեղային բուժման հետ: Այս երկու բուժումները միասին ավելի արդյունավետ են, քան դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած, քանի որ ձթապատ մաշկն ավելի հաջող կերպով է ընդունում ՈւՄԲ ճառագայթները:
- Պսորալեն և ՈւՄԱ (ՊՈւՄԱ). Սա լուսաքիմիոբուժման տեսակ է, որի դեպքում մինչև ՈւՄԱ լուսաբուժումը օգտագործվում է լուսազգայունացնող դեղ (Պսորալեն): Արդյունքում, ՈւՄԱ ճառագայթները թափանցում են մաշկի ավելի խորը շերտեր, քան ՈւՄԲ, իսկ Պսորալենը մաշկը դարձնում է ՈւՄԱ նկատմամբ ավելի զգայուն: ՊՈւՄԱ համարվում է ավելի ագերսիվ բուժում և չափավորից մինչև ծանր ընթացքով փսորիազների դեպքում կարող է օգնել մաշկի կայուն վերականգնմանը: Վաղ կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց, գլխացավ, ախտահարված մաշկի այրոցի զգացում և քոր, իսկ երկարաժամկետ ազդեցություններից՝ մաշկի չորություն և կնճռոտում, մաշկային պեպենի առաջացում, արևի նկատմամբ մաշկի գերզգայունություն, մաշկի քաղցկեղի (այդ թվում՝ մելանոմայի) ռիսկի բարձրացում:
- Էքզիմերային լազեր. լուսաբուժման այս տեսակը կարող է նշանակվել թույլից մինչև չափավոր փսորիազի բուժման մեջ: Էքզիմերային լազերի առավելությունն այն է, որ ազդում է միայն ախտահարված մաշկի վրա՝ առանց վնասելու հարակից առողջ մաշկը (ՈւՄԲ-ի կառավարելի փունջն ուղղվում է անմիջապես փսորիազային վահանակի վրա): Բուժման այս տեսակը պահանջում է ավելի փոքրաքանակ սեսիաներ (այցելություն և միջոցառում), քան դասական լուսաբուժության մեթոդները, քանի որ օգտագործում է ՈւՄԲ-ի ավելի մեծ դոզա: Վաղ կողմնակի երևույթներից են՝ մաշկի կարմրություն և բշտակալում:
Հոդվածը վերանայվել է՝ 01-06-2021