Թոքային էմբոլիան կամ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիան (ԹԶԹԷ) առաջանում է, երբ նյութի մի զանգված, առավել հաճախ՝ արյան մակարդուկ (թրոմբ), հայտնվում է թոքային որևէ զարկերակի մեջ՝ արգելափակելով արյան հոսքը։
Արյան մակարդուկները կամ թրոմբներն առավել հաճախ առաջանում և դեպի թոքեր տեղափոխվում են ձեր ոտքերի խորը երակներից՝ մի վիճակ, որը հայտնի է որպես խորանիստ երակների թրոմբոզ (ԽԵԹ): Երբ արյան մակարդուկը կամ թրոմբն իր ձևավորման երակից տեղափոխվում է դեպի այլ օրգանի զարկերակ, կոչվում է թրոմբոէմբոլիա կամ պարզապես էմբոլիա։
Շատ դեպքերում առաջանում են բազմաթիվ անոթային խցանումներ: Յուրաքանչյուր խցանված զարկերակի կողմից սպասարկվող թոքերի հատվածները չեն կարողանում արյուն ստանալ, որի արդյունքում ի վերջո մեռուկանում են (նեկրոզ): Սա հայտնի է որպես թոքային ինֆարկտ: Սա ձեր թոքերի համար ավելի դժվար է դարձնում ձեր օրգանիզմի մյուս մասերին բավարար թթվածնով ապահովելը:
Երբեմն արյան անոթների խցանումներ առաջանում են արյան մակարդուկից (թրոմբից) բացի այլ նյութերից, ինչպիսիք են՝
- կոտրված երկար (խողովակավոր) ոսկորի ներսի ճարպ
- ուռուցքի մի մաս
- օդի պղպջակներ:
Ռիսկի գործոններ
Ցանկացած մարդու կարող են զարգանալ արյան մակարդուկներ (թրոմբ), որոնք հանգեցնում են թոքային էմբոլիայի, սակայն որոշ գործոններ կարող են մեծացնել ձեր ռիսկը:
Արյան մակարդուկների (թրոմբոզի) պատմություն
Դուք թոքային էմբոլիայի ավելի մեծ ռիսկի եք ենթարկվում, եթե դուք կամ ձեր արյունակից որևէ մեկը, օրինակ՝ ծնողը, եղբայրը կամ քույրը, նախկինում ունեցել եք երակային արյան խցանումներ (թրոմբոզ) կամ թոքային էմբոլիա:
Հիվանդություններ և բուժումներ
Որոշ հիվանդություններ և բուժումներ կարող են բարձրացնել թոքային էմբոլիայի ռիսկը:
- Սրտային հիվանդություն․ սրտի և արյունատար անոթների հիվանդությունները, հատկապես սրտային անբավարարությունը, ավելի հավանական են դարձնում արյան մակարդուկների (թրոմբի) ձևավորումը: Նույն կերպ, ռիսկը մեծացնում է նաև վարիկոզ երակները:
- Քաղցկեղ․ քաղցկեղի որոշ տեսակներ, հատկապես գլխուղեղի, ձվարանի, ենթաստամոքսային գեղձի, հաստ աղիքի, ստամոքսի, թոքի և երիկամի քաղցկեղները և այն քաղցկեղները, որոնք տարածվել են այլ շրջաններ (մետաստատիկ քաղցկեղ), կարող են մեծացնել արյան մակարդուկների (թրոմբի) ռիսկը: Քիմիոթերապիան իր հերթին ավելի է բարձրացնում այդ ռիսկը: Թոքային էմբոլիայի ձեր ռիսկը նաև կարող է բարձրանալ, եթե ունեք կրծքագեղձի քաղցկեղի անձնական կամ ընտանեկան պատմություն (անամնեզ) և ընդունում եք Տամօքսիֆեն կամ Ռալօքսիֆեն (Էվիստա) դեղամիջոցները:
- Վիրահատություն․ վիրահատությունը արյան մակարդուկների (թրոմբի) հետ կապված խնդիրների առաջատար պատճառներից մեկն է: Այս պատճառով մեծ վիրահատություններից, օրինակ՝ հոդերի փոխարինումից առաջ սովորաբար նշանակվում են մակարդուկների առաջացումը կանխարգելող միջոցներ:
- Խանգարումներ, որոնք ազդում են մակարդելիության վրա․ որոշ ժառանգական խանգարումներ, օրինակ՝ թրոմբոֆիլիաները, ախտահարում են արյունը՝ մեծացնելով վերջինիս մակարդվելու ունակությունը: Այլ առողջական խնդիրները, ինչպիսին է երիկամային հիվանդությունը, նույնպես կարող են մեծացնել արյան մակարդուկների (թրոմբի) առաջացման ռիսկը:
- Կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19). COVID-19-ի ծանր ախտանիշներով մարդկանց մոտ մեծանում է թոքային էմբոլիայի զարգացման ռիսկը:
Անշարժության տևական շրջաններ
Արյան մակարդուկներ (թրոմբ) ավելի հավանական է, որ առաջանան սովորականից ավելի երկար անշարժության վիճակում:
- Անկողնային ռեժիմ․ վիրահատությունից, սրտամկանի ինֆարկտից, ոտքի կոտրվածքից, տրավմայից կամ որևէ լուրջ հիվանդությունից հետո երկար ժամանակ անկողնին գամված մնալը մեծացնում է արյան մակարդման ռիսկը: Երբ ձեր ոտքերը երկար ժամանակ հորիզանական դիրքում են, արյան հոսքը ձեր երակների միջով դանդաղում է, և արյունը կարող է կուտակվել ձեր ոտքերի մեջ: Այսպիսի երակային կանգը երբեմն կարող է հանգեցնել արյան մակարդուկների (թրոմբի) առաջացման:
- Երկարատև ուղևորություններ․ ինքնաթիռով կամ ավտոմեքենայով երկար ճանապարհորդությունների ժամանակ նեղ դիրքում երկար նստած մնալը դանդաղեցնում է արյան հոսքը ոտքերում, ինչը մեծացնում է արյան մակարդուկների (թրոմբի) առաջացման ռիսկը:
Այլ ռիսկի գործոններ
- Ծխելը․ դեռևս լիարժեք չպարզաբանված պատճառներով ծխախոտի օգտագործումը մեծացնում է արյան մակարդուկների (թրոմբի) ձևավորման ռիսկը որոշ մարդկանց մոտ, հատկապես նրանց, ովքեր նաև ունեն այլ ռիսկային գործոններ:
- Ավելցուկային քաշ․ ավելցուկային քաշը և գիրությունը մեծացնում են արյան մակարդուկների (թրոմբի) ձևավորման ռիսկը, հատկապես նրանց մոտ, ովքեր նաև ունեն այլ ռիսկային գործոններ:
- Հավելյալ էստրոգեն․ որոշ հակաբեղմնավորիչների և հորմոնային փոխարինող բուժման մեջ օգտագործվող էստրոգենը կարող է խթանել արյան մակարդման գործոնները, հատկապես նրանց մոտ, ովքեր ծխում են կամ գեր են:
- Հղիություն․ չծնված երեխայի ավելացող քաշը, որը սեղմում է փոքր կոնքի երակները, կարող է դանդաղեցնել ոտքերից արյան ետհոսքը: Արյան մակարդուկների (թրոմբի) առաջացումն ավելի հավանական է, երբ արյունատար անոթներով արյան հոսքը դանդաղում է կամ արյունը կուտակվում է:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024