Թոքային էմբոլիայի կամ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիայի (ԹԶԹԷ) բուժումը կենտրոնանում է արյան մակարդուկի (թրոմբի) մեծացման և նոր մակարդուկների (թրոմբների) առաջացման կանխարգելման վրա:
Ծանր բարդություններից կամ մահվան ելքից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ նախաձեռնել բուժումը:
Բուժումը կարող է ներառել դեղամիջոցներ, վիրահատություններ և այլ միջամտություններ, ինչպես նաև շարունակական հսկողություն ու բուժում:
Դեղորայքային բուժում
Թոքային էմբոլիայի բուժման մեջ սովորաբար նշանակվում են արյունը նոսրացնող և մակարդուկները տարալուծող բազմաթիվ տեսակի դեղամիջոցներ:
- Արյունը նոսրացնողներ կամ հակամակարդիչներ (անտիկոագուլյանտներ)․ արյունը ջրիկացնող այս դեղամիջոցները կանխում են գոյություն ունեցող մակարդուկների (թրոմբների) մեծացումը և նոր մակարդուկների ձևավորումը՝ քանի դեռ ձեր օրգանիզմը պայքարում է դրանք տարալուծելու ուղղությամբ: Հեպարինը հաճախ օգտագործվող հակամակարդիչ է, որը կարող է տրվել երակով կամ ներարկվել մաշկի տակ: Այն արագ է ազդում և հաճախ տրվում է բերանային (օրալ) հակամակարդիչների հետ միասին, ինչպիսին է Վարֆարինը (Յանտովին)՝ մինչև որ բերանային դեղամիջոցն ազդի (որը կարող է ձգվել մի քանի օր): Նոր բերանային (օրալ) հակամակարդիչներն ավելի արագ են ազդում և ավելի քիչ փոխազդեցություններ են դրսևորում այլ դեղամիջոցների հետ: Այնուամենայնիվ, բոլոր հակամակարդիչ դեղամիջոցներն էլ ունեն կողմնակի ազդեցություններ, որոնցից ամենատարածվածը արյունահոսությունն է (այդ թվում՝ ներքին):
- Մակարդուկը (թրոմբը) տարալուծողներ․ թեև մակարդուկները (թրոմբները) սովորաբար ինքնուրույն քայքայվում են, որոշ իրավիճակներում նշանակված թրոմբոլիտիկները կարող են արագ տարալուծել խոշոր արյունատար անոթը խցանող մակարդուկները: Թրոմբը քայքայող այս դեղամիջոցները կարող են առաջացնել հանկարծակի և ծանր արյունահոսություն, ուստի դրանք սովորաբար վերապահված են կյանքին սպառնացող իրավիճակների համար:
Վիրահատական և այլ միջամտություններ
- Մակարդուկի (թրոմբի) հեռացում․ եթե ձեր թոքերում առկա է մեծ, կյանքին սպառնացող արյան մակարդուկ (թրոմբ), ձեր բժիշկը կարող է հեռացնել այն՝ օգտագործելով ձեր տվյալ անոթի մեջ անցկացվող բարակ, ճկուն կաթետեր:
- Երակային ֆիլտր․ կաթետերը նաև կարող է օգտագործվել օրգանիզմի հիմնական երակում՝ ստորին սիներակում հատուկ զտիչ՝ ֆիլտր տեղադրելու համար: Ստորին սիներակով ձեր ոտքերից արյունը լցվում է դեպի ձեր սրտի աջ կեսը, ուստի ֆիլտրը կարող է օգնել, որ մակարդուկները մուտք չգործեն ձեր թոքերի անոթներ: Այս միջամտությունը սովորաբար նշանակվում է միայն այն մարդկանց, ովքեր չեն կարող ընդունել հակամակարդիչ դեղամիջոցներ կամ ովքեր արյան մակարդուկներ են ունենում նույնիսկ հակամակարդիչների օգտագործման դեպքում: Որոշ ֆիլտրներ կարող են հեռացվել, երբ դրանց կարիքն այլևս չկա:
Շարունակական բուժում
Դուք կարող եք լինել մեկ այլ խորանիստ երակային թրոմբոզի (ԽԷԹ) կամ թոքային էմբոլիայի ռիսկի տակ, ուստի կարևոր է շարունակել բուժումը, օրինակ` օգտագործել հակամակարդիչներ՝ նոր մակարդուկների ձևավորման կանխարգելմանն օգնելու համար: Նման դեպքերում շատ կարևոր է կանոնավոր կերպով ձեր բժշկին այցելելը՝ բարդությունները կանխելու կամ բուժման մեջ փոփոխություններ կատարելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024