Ոտքերի խորը երակներում արյան մակարդուկի (թրոմբի) առաջացման կանխումը կարող է օգնել թոքային էմբոլիայի կամ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիայի (ԹԶԹԷ) կանխարգելմանը:
Այդ իսկ պատճառով հիվանդանոցների մեծամասնությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում արյան մակարդումը կանխելու համար՝ նախաձեռնելով հետևյալ միջոցառումները:
- Արյունը նոսրացնող դեղամիջոցներ կամ հակամակարդիչներ (անտիկոագուլյանտներ)․ այս դեղամիջոցները հաճախ տրվում են մակարդուկի առաջացման վտանգի տակ գտնվող մարդկանց վիրահատությունից առաջ և հետո: Բացի այդ, դրանք հաճախ տրվում են այն մարդկանց, ովքեր հիվանդանոց են ընդունվել որոշակի առողջական խնդիրներով, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը կամ քաղցկեղի բարդությունները:
- Սեղմող (կոմպրեսիոն) գուլպաներ․ կոմպրեսիոն կամ հակաթրոմբոտիկ գուլպաները կայուն կերպով սեղմում են ոտքերը՝ օգնելով երակներին և ոտքերի մկաններին, որ ավելի արդյունավետ տեղափոխեն արյունը: Դրանք վիրահատության ընթացքում և դրանից հետո ոտքերում արյան կուտակումը և կանգը կանխարգելող անվտանգ, հասարակ և էժան միջոցներ են:
- Ոտքերի բարձր դիրք․ հնարավորության դեպքում և գիշերվա ընթացքում ձեր ոտքերին բարձր դիրք տալը կարող է շատ արդյունավետ լինել: Բարձրացրեք ձեր մահճակալի ոտքերի ծայրը 10-15 սմ՝ օգտագործելով խորանարդիկներ կամ գրքերով:
- Ֆիզիկական ակտիվություն․ վիրահատությունից հետո հնարավորինս շուտ շարժվելը կարող է օգնել թոքային էմբոլիայի կանխարգելմանը, ինչպես նաև ընդհանուր վերականգնման արագացմանը: Ահա թե ինչու բուժքույրը կարող է ձեզ հրահանգել, որ, նույնիսկ ձեր վիրահատության օրը, ոչ թե պասիվ պառկած մնաք, այլ վեր կենաք և, չնայած վիրահատական կտրվածքի շրջանի ցավերին, քիչ զբոսնեք:
- Օդային սեղմում (պնևմատիկ կոմպրեսիա)․ այս բուժումն օգտագործում է մինչև ազդրը կամ մինչև սրունքը հասնող բարձիկներ (մանժետներ), որոնք ամեն մի քանի րոպեն մեկ ավտոմատ կերպով փչվում և թուլացվում են: Սա մերսում և սեղմում է ձեր ոտքերի երակները՝ բարելավելով արյան հոսքը:
Կանխարգելումը ճանապարհորդելիս
Ուղևորությունների ընթացքում արյան մակարդուկների (թրոմբի) առաջացման ռիսկը ցածր է, սակայն ճանապարհորդությունների տևողությանը զուգընթաց մեծանում է: Եթե ունեք արյան մակարդուկի (թրոմբի) ձևավորման ռիսկի գործոններ և մտահոգված եք ճանապարհորդությամբ, խոսեք ձեր բժշկի հետ:
Ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալը:
- Խմել շատ հեղուկներ․ ջուրը ճանապարհորդելիս ջրազրկումը կանխելու լավագույն հեղուկն է, մինչդեռ ջրազրկումը կարող է նպաստել արյան մակարդուկի (թրոմբի) առաջացմանը։ Խուսափեք ալկոհոլից, որը նպաստում է օրգանիզմի հեղուկի կորստին:
- Պարբերաբար ընդմիջել նստած վիճակը․ ինքնաթիռով ճանապարհորդելիս ժամը մեկ կամ ավելի հաճախ վեր կացեք և քայլեք: Եթե ավտոմեքենա եք վարում, հաճախակի կանգնեք և մի քանի անգամ քայլեք մեքենայի շուրջը: Մի քանի անգամ լավ ծալեք ու տարածեք ձեր ծնկները:
- Շարժվել նստած դիրքում․ յուրաքանչյուր 15-30 րոպեն մեկ ծալեք ձեր ոտնաթաթերը և շրջանաձև շարժումներ արեք ձեր կոճերում և վեր ու վար շարժեք ձեր ոտքերի մատները:
- Հագնել օժանդակող գուլպաներ․ ձեր բժիշկը կարող է խորհուրդ կոմպրեսիոն գուլպաներ, որոնք կարող են օգնել ձեր ոտքերում արյան շրջանառությանը և հեղուկի շարժմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024