Թոքային էմբոլիայի ախտանիշները կարող են մեծապես տարբերվել՝ կախված նրանից, թե ձեր թոքերն ինչ չափով են ներգրավված, ինչ չափի է արյունատար անոթի խցանումը և արդյոք ունեք պատճառ հանդիսացող թոքային կամ սրտային որևէ հիվանդություն:
Թոքային էմբոլիայի ընդհանուր ախտանիշները ներառում են հետևյալը՝
- Շնչարգելություն և հևոց․ այս ախտանիշը սովորաբար հայտնվում է հանկարծակի: Օդի պակասի զգացումն առաջանում է նույնիսկ հանգիստ պայմաններում և սաստկանում է, երբ ֆիզիկական գործ եք անում:
- Կրծքավանդակային ցավեր․ դուք կարող եք զգալ, որ կարծես սրտամկանի ինֆարկտ եք տանում: Ցավը հաճախ սուր է և զգացվում է, երբ խորը շնչում եք: Ցավը կարող է խանգարել խորը շունչ քաշելուն: Դուք նաև կարող եք ցավ զգալ, երբ հազում եք, կռանում եք կամ մի կողմի վրա թեքվում եք:
- Ուշագնացություն․ դուք կարող եք ուշաթափվել, երբ ձեր սրտի ռիթմը կամ արյան ճնշումը կտրուկ ընկնում են: Սա կոչվում է ուշագնացություն կամ սինկոպե:
Թոքային էմբոլիայի այլ ախտանիշներից են՝
- հազ, որը կարող է լինել արյունային լորձով (արյունախխում կամ հեմոպտիզիզ)
- արագացած (տախիկարդիա) կամ անկանոն (առիթմիա) սրտազարկ
- գլխապտույտ կամ ուշագնացության զգացում (նախաուշագնացություն)
- առատ քրտնարտադրություն
- ջերմություն
- ոտքի ցավ կամ այտուց կամ երկուսն էլ, սովորաբար՝ սրունքի ետին շրջանում
- կպչուն, գունաթափված կամ կապտավուն մաշկ, որը կոչվում է ցիանոզ:
Ե՞րբ դիմել բժշկին
Թոքային էմբոլիան կարող է լինել կյանքին սպառնացող: Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք անբացատրելի շնչարգելություն և հևոց, կրծքավանդակային ցավ կամ գիտակցության կորուստ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024