Թոքային էմբոլիա (ԹԶԹԷ)
Թոքային էմբոլիան կամ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիան (ԹԶԹԷ) թոքերն արյունամատակարարող զարկերակների խցանումն է մեկ կամ մի քանի մակարդուկներով։
Այդ մակարդուկները (թրոմբ) կարող են ձևավորվել ոտքերի, կոնքի, որովայնի խոռոչների երակներում կամ սրտում և արյան հոսքով տեղափոխվել ու հասնել թոքային զարկերակներ։ Նման դեպքերում, երբ արյան մակարդուկը իր ձևավորման երակից տեղափոխվում է դեպի այլ օրգանի զարկերակ, կոչվում է «թրոմբոէմբոլիա» կամ պարզապես «էմբոլիա»։
Թոքային զարկերակներ տեղափոխված թրոմբը կարող է նաև խցանել այդ անոթները։ Ծանր՝ թոքային խոշոր զարկերակները խցանող էմբոլիան կարող է լինել մահացու։
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ կամ ձեզ ծանոթ մեկնումեկի մոտ զարգացել է թոքային էմբոլիզմ, շտապ տեղափոխվեք մոտակա անհետաձգելի բաժանմունք ունեցող հիվանդանոց կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն։
Խորանիստ երակների թրոմբոզի ամենածանր բարդությունը թոքային էմբոլիան է, երբ թրոմբ մի մասը պոկվում է և արյան հունով տեղաշարժվում՝ հասնելով թոքային զարկերակներ։
Թոքային էմբոլիայի ախտանիշները
Թոքային էմբոլիայով մարդկանց մեծ մասի մոտ դրսևորվում են ծանր կամ ծայրահեղ ծանր գանգատներ և նշաններ, սակայն դրանք կարող են լինել նաև թույլ արտահայտված։
Ախտանիշներից են՝
- օդի սուր պակասի զգացում կամ հևոց ու շնչահեղձություն, հատկապես, երբ առկա է թոքային զարկերակի նոր կամ հանկարծակի խցանում
- հաճախացած շնչառություն
- կրծքավանդակի շրջանի ցավեր
- հազ կամ արյունային հազ (արյունախխում)
- ուշագնացություն
- ցածր արյան ճնշում
- սրտազարկի հաճախացում կամ անկանոնություն (առիթմիա)։
Այլ նշաններից են՝
- մեկ կամ երկու ոտքերի այտուցվածություն, սովորաբար՝ սրունքների շրջանում
- կպչուն մաշկ
- մարմնի ջերմության բարձրացում և քրտնարտադրություն
- գլխում թեթևության կամ գլխապտույտի զգացում։
Թոքային էմբոլիայի ռիսկի գործոնները
Թոքային էմբոլիայի առաջացման ռիսկը բարձրանում է, եթե դուք երկար ժամանակ չեք շարժվում, օրինակ՝ երկարատև թռիչքներ կամ հիվանդանոցային բուժում։
Ձեր ռիսկը կարող է նաև բարձրանալ, եթե՝
- ծխող եք
- խմում եք համակցված հակաբեղմնավորիչ օրալ հաբ, ստանում եք հորմոնային փոխարինող բուժում կամ ծխող եք և օգտագործում եք վերոնշյալ երկու դեղերից մեկնումեկը
- հղի եք կամ վերջերս հղիացել եք կամ ունեք ավելցուկային կշիռ
- ենթարկվել եք մեծ վիրահատական միջամտության
- ստացել եք լուրջ վնասվածք կամ տրավմա
- ստացել եք քիմիոթերապիա
- ունեք ծանր քրոնիկ հիվանդություններ, օրինակ՝ սրտանոթային խնդիրներ, քաղցկեղ կամ շնչառական անբավարարությամբ ուղեկցվող հիվանդություններ
- ունեք թրոմբոֆիլիա, որը նպաստում է արյան մակարդմանը
- ունեք վարիկոզ երակներ։
Թոքային էմբոլիայի ախտորոշումը
Թոքային էմբոլիայի ժամանակ վաղ ախտորոշումն ունի հսկայական նշանակություն և կարող է կյանք փրկել։ Ձեզ լսելսու և զննելուց հետո անհետաձգելի բաժանմունքի բժիշկը նշանակում է մի շարք հետազոտություններ, այդ թվում՝
- արյան հետազոտություններ (մակարդելիության թեստեր և այլն)
- էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)
- կրծքավանդակի օրգանների և անոթների պատկերման հետազոտություններ, օրինակ՝ կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), սրտի սոնոգրաֆիա (էխոսրտագրություն) և այլն։
Թոքային էմբոլիայի բարդությունները
Փոքր էմբոլիան կարող է առաջացնել սակավաթիվ խնդիրներ, սակայն թոքային խոշոր զարկերակների էմբոլիան ունի ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացք և կարող է բերել սուր սրտային և շնչառական անբավարարությունների և հանկարծամահության։
Սովորաբար թոքային էմբոլիա ախտորոշված 3 մարդուց 1-ի մոտ հիվանդությունը կրկնվում է։
Թոքային էմբոլիայի բուժումը
Թոքային էմբոլիայի անհետաձգելի բուժօգնությունը ներառում է՝
- դիմակով թթվածին
- հակամակարդիչ և թրոմբը լուծող դեղեր
- կենսականորեն կարևոր օրգանների գործունեության կայունացում
- մակարդուկը հեռացնելու վիրահատություն (խիստ ծանր դեպքերում)։
Թոքային էմբոլիայի կանխարգելումը
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ առկա է թոքային էմբոլիայի բարձր ռիսկ, ապա պետք է հրաժարվեք ծխախոտից, եթե ծխող եք։
Կանխարգելիչ այլ միջոցառումներից են՝
- որևէ առիթով հիվանդանոցային բուժման դեպքում հնարավորինս վաղ ակտիվացում և տևական անշարժությունից խուսափում
- դեղեր, սեղմող գուլպաներ և հակամակարդիչներ, երբ անձն ի վիճակի չէ քայլելու։
Հոդվածը վերանայվել է՝ 16-02-2021