Թոքային էմբոլիան կամ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիան (ԹԶԹԷ) կարող է դժվար ախտորոշել, հատկապես, եթե ունեք սրտային կամ թոքային հիվանդություն:
Այդ պատճառով, ձեր բժիշկը, հավանաբար, կուսումնասիրի ձեր հիվանդության պատմությունը (անամնեզ), կանցկացնի ֆիզիկական քննություն (բուժզննում) և կնշանակի որոշ հետազոտություններ, որոնցից առավել կարևորները ներկայացված են ստորև:
Արյան թեստեր
Ձեր բժիշկը կարող է նշանակել արյան թեստ, որ ստուգի թրոմբ լուծող նյութի՝ D դիմերի (D-dimer) մակարդակը: D դիմերի բարձր մակարդակը կարող է վկայել արյան մակարդուկի (թրոմբի) հավանականության բարձրացման մասին, սակայն, բազմաթիվ այլ գործոններ նույնպես կարող են բարձրացնել այս ցուցանիշը:
Արյան թեստերը նաև կարող են չափել ձեր արյան մեջ թթվածնի և ածխաթթու գազի քանակները: Թոքերի արյունատար անոթի խցանումը կարող է նվազեցնել արյան մեջ թթվածնի մակարդակը:
Բացի այդ, արյան թեստեր կարող են նշանակվել՝ պարզելու, թե արդյոք ունեք արյան մակարդելիության վրա ազդող որևէ ժառանգական խանգարում: Նման դեպքերում ձեր բժիշկը կարող է նշանակել արյան մակարդելիության գործոնների ընդլայնված թեստավորում:
Կրծքավանդակի ռենտգեն
Այս ոչ ինվազիվ հետազոտությունը ցույց է տալիս ձեր սրտի և թոքերի վիճակը: Ռենտգեն հետազոտությունը չի կարող ախտորոշել թոքային էմբոլիան, սակայն կարող է օգնել նմանատիպ ախտանիշներով այլ խնդիրների բացառմանը:
Գերձայնային հետազոտություն
Ոչ ինվազիվ հետազոտությունը, որը հայտնի է որպես դուպլեքս գերձայնային հետազոտություն և երբեմն կոչվում է դուպլեքս սքան կամ կոմպրեսիոն գերձայնային հետազոտություն, օգտագործում է ձայնային ալիքներ՝ երակների անցանելիությունը ստուգելու համար: Սա նաև թույլ է տալիս ստուգել խորանիստ երակներում արյան մակարդուկների (թրոմբի) առկայությունը: Այս հետազոտությունը կարող է օգտագործվել ազդրի, ծնկան և սրունքի երակների, երբեմն՝ նաև ձեռքերի արյունատար անոթները հետազոտելու համար:
Գավազանաձեւ գործիքը, որը կոչվում է տվիչ (տրանսդյուսեր), տեղափոխվում է ձեր մաշկի վրայով՝ ձայնային ալիքներն ուղղելով դեպի հետազոտման ենթակա երակներ։ Այդ ալիքներն այնուհետև արտացոլվում են համակարգչի էկրանին՝ ստեղծելով շարժվող գունավոր պատկերներ: Մակարդուկների բացակայությունը նվազեցնում է խորանիստ երակային թրոմբոզի (ԽԵԹ) հավանականությունը, իսկ դրանց առկայության դեպքում սովորաբար անմիջապես սկսվում է բուժումը:
Համակարգչային տոմոգրաֆիկ թոքային անգիոգրաֆիա
Համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորումը ստեղծում է ռենտգենյան ճառագայթներ՝ ձեր ներքին օրգանների խաչաձև հատված պատկերներ՝ շերտագրեր ստեղծելու համար: ԿՏ թոքային անգիոգրաֆիան, որը նաև կոչվում է ԿՏ թոքային էմբոլիայի հետազոտություն, ստեղծում է եռաչափ (3D) պատկերներ, որոնք կարող են հայտնաբերել այնպիսի փոփոխություններ, ինչպիսին է ձեր թոքերի զարկերակների մեջ էմբոլիան: Որոշ դեպքերում ԿՏ սքանավորման ընթացքում ձեր ձեռքից տրվում է կոնտրաստային նյութ` թոքային զարկերակների ուրվագծերն առավել տեսանելի դարձնելու համար:
Վենտիլյացիոն-պերֆուզիոն սքանավորում
Երբ առողջական վիճակի պատճառով անհրաժեշտություն կա խուսափել ճառագայթման ազդեցությունից կամ կոնտրաստային նյութով ԿՏ սքանավորումից, կարող է կատարվել վենտիլյացիոն-պերֆուզիոն (V/Q) սքանավորում: Այս հետազոտության ընթացքում փոքր քանակությամբ ռադիոակտիվ նյութը, որը կոչվում է տրեյսեր, ներարկվում է ձեր ձեռքի երակի մեջ: Տրեյսերը քարտեզագրում է արյան հոսքը, որը կոչվում է պերֆուզիա, և այն համեմատում է ձեր թոքերի օդային հոսքի հետ, որը կոչվում է վենտիլյացիա (օդափոխություն): Այս հետազոտությունը կարող է օգտագործվել՝ պարզելու, թե արդյոք արյան մակարդուկներն առաջացնում են թոքային հիպերտենզիա (թոքային զարկերակներում արյան ճնշման բարձրացում):
Թոքային անգիոգրաֆիա
Այս թեստը հստակ պատկերացում է տալիս ձեր թոքերի զարկերակներում արյան հոսքի մասին: Սա համարվում է թոքային էմբոլիայի ախտորոշման ամենաճշգրիտ միջոցը: Սակայն, հետազոտության կատարման համար պահանջվում է բարձր հմտություն և, բացի այդ, այն ունի հնարավոր բարդությունների ռիսկեր, ուստի, սովորաբար նշանակվում է, երբ մյուս հետազոտություններով ախտորոշումը վերջնական չէ:
Թոքային անգիոգրաֆիայի ժամանակ բարակ, ճկուն խողովակը, որը կոչվում է կաթետեր, տեղադրվում է մեծ երակի մեջ, սովորաբար՝ ձեր աճուկում, և անցկացվում է ձեր սրտի միջով դեպի թոքային զարկերակներ: Այնուհետև հատուկ ներկանյութ (կոնտրաստ) է ներարկվում կաթետերի մեջ: Ռենտգենյան հետազոտությունը կատարվում է, երբ կոնտրաստային նյութը շարժվում է ձեր թոքերի զարկերակների երկայնքով:
Որոշ մարդկանց մոտ այս միջամտությունը կարող է առաջացնել սրտի ռիթմի ժամանակավոր խանգարում (առիթմիա): Բացի այդ, կոնտրաստային նյութը կարող է առաջացնել երիկամների վնասման ռիսկի բարձրացում, առավել ևս, եթե հետազոտվողն ունի երիկամային անբավարարություն:
ՄՌՏ
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ախտորոշիչ պատկերային մեթոդ է, որն օգտագործում է մագնիսական դաշտ և համակարգչային գեներացվող ռադիոալիքներ՝ ձեր ներքին օրգանների և հյուսվածքների մանրամասն պատկերներ ստեղծելու համար: ՄՌՏ սովորաբար առաջարկվում է միայն հղի կանանց՝ երեխայի ճառագայթումից խուսափելու համար, և այն մարդկանց, ում երիկամները կարող են վնասվել այլ պատկերային հետազոտությունների ժամանակ օգտագործվող կոնտրաստային նյութերից:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024