Ճառագայթային հիվանդության ախտանիշների ծանրության աստիճանը կախված է օրգանիզմի կլանած ճառագայթման քանակից:
Իսկ կլանված ճառագայթման չափն իր հերթին կախված է ճառագայթող էներգիայի ուժգնությունից, դրա ազդեցությանը ենթարկվելու տևողությունից և ձեր և ճառագայթման աղբյուրի միջև եղած հեռավորությունից:
Ախտանիշների վրա նաև ազդում է ազդեցության ձևը, ինչպիսին է ամբողջ մարմնի կամ մի մասի ճառագայթումը: Ճառագայթային հիվանդության ծանրության աստիճանը նաև կախված է ախտահարված հյուսվածքի զգայունությունից: Օրինակ, ստամոքս-աղիքային համակարգը և ոսկրածուծը ճառագայթման նկատմամբ խիստ զգայուն են:
Նախնական ախտանիշներ
Ճառագայթային հիվանդության առաջին ախտանիշները սովորաբար սրտխառնոցն ու փսխումն են (ընդհանուր նախնական հակազդեցության փուլ): Ճառագայթման ազդեցությանը ենթարկվելու և այս ախտանիշների զարգացման միջև ընկած ժամանակահատվածը հուշում է, թե որքան ճառագայթում է օրգանիզմը կլանել:
Ախտանիշների առաջին փուլից հետո ճառագայթային հիվանդություն ունեցող անձը կարող է ունենալ կարճ ժամանակահատված՝ առանց նկատելի գանգատների և ախտանիշների (գաղտնի կամ թաքնված փուլ): Այս կարծեցյալ բարելավմանը հաջորդում է նոր, ավելի ծանր ախտանիշների ի հայտ գալը (արտահայտված կլինիկական երևույթների փուլ):
Եթե ենթարկվել եք թեթև ճառագայթման, ախտանիշները կարող են սկսվել ազդեցությունից ժամեր կամ շաբաթներ անց: Սակայն, բարձր ազդեցության դեպքում ախտանշանները կարող են սկսվել ճառագայթման ազդեցությունից րոպեներից մինչև օրեր անց:
Հնարավոր ախտանիշներից են՝
- սրտխառնոց և փսխում
- փորլուծություն
- գլխացավ
- ջերմություն
- գլխապտույտ և ապակողմնորոշում
- թուլություն և հոգնածություն
- մազաթափություն
- արյունային փսխում և արյունային լուծ՝ պայմանավորված ներքին արյունահոսությամբ
- վարակներ
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա):
Վերականգնման փուլը տևում է մի քանի ամիս կամ ավելի երկար։
Ե՞րբ դիմել բժշկին
Ճառագայթային հիվանդություն առաջացնող վթարը կամ հարձակումը կհանգեցնի մեծ ուշադրության և հանրային անհանգստության: Եթե նման իրադարձություն տեղի ունենա, լսեք ռադիո, հեռուստատեսություն կամ առցանց զեկույցներ՝ ծանոթանալու ձեր տարածաշրջանի արտակարգ իրավիճակների հրահանգներին:
Եթե գիտեք, որ ենթարկվել եք չափից շատ ճառագայթման, դիմեք անհետաձգելի բուժօգնության:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024