Երբ անձը միջուկային վթարի կամ հարձակման հետևանքով ստացել է ճառագայթման բարձր դոզայի հայտնի կամ հավանական ազդեցություն, բժշկական անձնակազմը մի շարք քայլեր է ձեռնարկում կլանված ճառագայթման չափը որոշելու համար:
Այս տեղեկատվությունը կարևոր է հիվանդության ծանրության աստիճանը, բուժման միջոցները որոշելու և ողջ մնալու հավանականությունը գնահատելու համար:
Կլանված ճառագայթման դոզան որոշելու համար կարևոր է հետևյալ տեղեկատվությունը:
- Հայտնի ազդեցություն. ճառագայթման աղբյուրից հեռավորության և ազդեցության տևողության մասին մանրամասները կարող են օգնել ճառագայթային հիվանդության ծանրության աստիճանի նախնական գնահատմանը:
- Փսխում և այլ ախտանիշներ. ճառագայթման ազդեցության և փսխման սկզբի միջև ընկած ժամանակահատվածը բավականին հավաստի տեղեկություն է տրամադրում կլանված ճառագայթման դոզան գնահատելու համար: Որքան շուտ է սկսվել փսխումը, այնքան մեծ է կլանված դոզան: Այլ ախտանիշների ծանրության աստիճանը և առաջացման ժամկետները նույնպես կարող են օգնել բժշկական անձնակազմին կլանված դոզան գնահատելիս:
- Արյան թեստեր. մի քանի օրվա ընթացքում կրկնակի արյան թեստերը բժշկական անձնակազմին հնարավորություն են տալիս որոնել հիվանդության դեմ պայքարող արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) թվաքանակի անկումներ և արյան բջիջների ԴՆԹ-ի ախտաբանական փոփոխություններ: Դրանք ցույց են տալիս ոսկրածուծի վնասման աստիճանը, որն էլ թույլ է տալիս գնահատել կլանված դոզայի մակարդակը։
- Դոզիմետր. դոզիմետր կոչվող սարքը կարող է չափել կլանված ճառագայթման դոզան, բայց միայն այն դեպքում, եթե սարքը ենթարկվել է նույն ճառագայթման ազդեցությանը, ինչ տուժած անձը:
- Դիտարկման չափիչ. Գեյգերի հաշվիչի նման սարքը կարող է օգտագործվել ստուգելու, թե տուժած անձի մարմնի որ շրջանում են կուտակվել ռադիոակտիվ մասնիկները:
- Ճառագայթման տեսակը. այս տեղեկատվությունը կարող է օգնել, որ ճառագայթային հիվանդության բուժման վերաբերյալ կայացվեն ճիշտ որոշումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024