Դուք կարող եք քայլեր ձեռնարկել՝ ուղղված Ռեյնոյի նոպաների նվազեցմանը և ձեր ինքնազգացողության բարելավմանը:
- Խուսափեք ծխելուց. ծխելը, վեյփինգը կամ ուրիշի ծխախոտի ծուխը շնչելը կծկում է արյունատար անոթները: Սա հանգեցնում է մաշկի ջերմաստիճանի նվազմանը:
- Վարժանքներ. ֆիզիկական վարժանքները մեծացնում են արյան հոսքը։ Եվ դրանք ունեն բազմաթիվ այլ առողջական օգուտներ: Եթե ունեք երկրորդային Ռեյնո, խոսեք ձեր բժշկի հետ նախքան ցուրտ եղանակին դրսում մարզվելը:
- Կառավարեք սթրեսը. սթրեսը կարող է նպաստել Ռեյնոյի ախտանիշների դրսևորմանը: Գտեք մեթոդներ, որոնք կօգնեն նվազեցնելու հուզական սթրեսը: Ավելի շատ ֆիզիկական վարժանքներ կատարելը, գիտակցվածությամբ զբաղվելը և փոխօգնության խմբերին միանալը սթրեսի նվազեցման և կառավարման որոշ օրինակներ են:
- Խուսափեք ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից. փորձեք արագ չանցնել շոգից դեպի սառը օդորակիչ:
Ի՞նչ անել նոպաների ժամանակ
Տաքացրեք ձեր ձեռքերը, ոտնաթաթերը կամ այլ տուժած տարածքները: Ձեր ձեռքի և ոտքի մատները զգուշորեն (ոչ կտրուկ) տաքացնելու համար արեք հետևյալը՝
- մտեք տուն կամ մեկ այլ տաք տարածք
- շարժեք ձեր ձեռքերի և ոտքերի մատները
- պահեք դաստակները թևատակերում
- շրջանաձև պտտեք ձեր դաստակները
- ձեռքի և ոտքի մատները պահեք գոլ (ոչ տաք) ջրի տակ
- մերսեք ձեր դաստակներն ու ոտնաթաթերը:
Եթե սթրեսն առաջացնում է Ռեյնոյի նոպա, փորձեք հեռանալ նման իրավիճակից և խաղաղվել: Կիրառեք սթրեսը թեթևացնող միջոցներ, որոնց օգտակարության մեջ համոզված եք: Տաքացրեք ձեր ձեռքերը կամ ոտնաթաթերը գոլ ջրով, որ օգնեք նոպայի մեղմացմանը:
Այլընտրանքային բժշկություն
Որոշ միջոցներ և հավելումներ, որոնք օգնում են արյան ավելի լավ հոսքին, կարող են օգնել Ռեյնոյի կառավարմանը: Այնուամենայնիվ, այլընտրանքային բժշկության մեթոդներն ավելի շատ ուսումնասիրության կարիք ունեն՝ հաստատելու, թե որքանով դրանք կարող են օգնել Ռեյնոյի համախտանիշին: Եթե հետաքրքրված եք, նախ խոսեք ձեր բժշկի հետ հետևյալի մասին:
- Ձկան յուղ. ձկան յուղի հավելումներ ընդունելը կարող է մեծացնել արյան հոսքը:
- Գինկգո. գինկգոյի հավելումները կարող են օգնել Ռեյնոյի նոպաների քչացմանը:
- Ասեղնաբուժություն. այս մեթոդը կարծես բարելավում է արյան հոսքը, ուստի կարող է օգնել Ռեյնոյի նոպաներին:
- Կենսահետադարձ կապ (բիոֆիդբեք). մտքի օգտագործումը մարմնի ջերմաստիճանը վերահսկելու համար կարող է օգնել Ռեյնոյին: Բիոֆիդբեքը օգտագործում է ուղղորդող մտապատկերներ՝ ձեռքերի և ոտքերի ջերմաստիճանը բարձրացնելու համար, ինչպես նաև խորը շնչառություն և հուզական թուլացման այլ վարժանքներ: Ձեր բժիշկը կարող է առաջարկել թերապևտի, ով կօգնի ձեզ, որ սովորեք կենսահետադարձ կապի տեխնիկան: Թեմայի վերաբերյալ նաև կան գրքեր և տեսանյութեր:
Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ցանկանում եք փորձել այլընտրանքային բուժումներ: Նա կարող է զգուշացնել ձեզ, եթե կան հնարավոր կողմնակի ազդեցություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024