Ցրտի դեմ տաք շերտավոր հագուստը և ձեռնոցներ կամ տաք գուլպաներ կրելը սովորաբար կարող են օգնել Ռեյնոյի մեղմ ախտանիշներին:
Դեղորայքը կարող է բուժել ավելի ծանր ախտանիշները: Ռեյնոյի համախտանիշի բուժման նպատակներն են՝
- նվազեցնել նոպաների (գրոհների) քանակը և ծանրության աստիճանը
- կանխարգելել հյուսվածքների վնասումը
- բուժել հիմքում ընկած հիվանդությունը կամ վիճակը:
Դեղորայքային բուժում
Կախված ախտանիշների պատճառներից, դեղամիջոցները կարող են օգնել: Ռեյնոյի հիվանդություն ունեցող մարդկանց բուժման համար օգտագործվող դեղամիջոցները կարող են ներառել հետևյալ խմբերը:
- Կալցիումական անցուղու պաշարիչներ. այս դեղամիջոցները թուլացնում և բացում են ձեռքերի և ոտնաթաթերի փոքր արյունատար անոթները: Դրանք նաև կարող են օգնել ձեռքերի կամ ոտքերի մատների վերքերի (խոցերի) բուժմանը: Օրինակներից են՝ Նիֆեդիպին (Պրոկարդիա), Ամլոդիպին (Նորվազկ), Ֆելոդիպին և Իսրադիպին:
- Անոթալայնիչներ (վազոդիլատատորներ). այս դեղամիջոցները թուլացնում և լայնացնում են արյունատար անոթները: Օրինակներից են՝ բարձր արյան ճնշման դեղամիջոց Լոզարտան (Կոզաար), էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ նշանակվող Սիլդենաֆիլ (Վիագրա, Ռեվատիո), հակադեպրեսանտ Ֆլուոքսետին (Պրոզակ) և պրոստագլանդիններ կոչվող դեղամիջոցների դասը:
Վիրահատություն և բժշկական միջամտություններ
Ծանր ընթացքով Ռեյնոյի համախտանիշը բուժելու համար կարող են անհրաժեշտ լինել վիրահատություն կամ ներարկումներ:
- Նյարդի վիրահատություն. ձեռքերի և ոտնաթաթերի նյարդերը վերահսկում են մաշկի արյունատար անոթների լայնացումը (բացումը) ու նեղացումը: Այս նյարդերը հատելը դադարեցնում է այդ արձագանքները: Ախտահարված դաստակների կամ ոտնաթաթերի վրա իրականացվող փոքր կտրվածքների միջոցով բժիշկը վնասում է արյունատար անոթների շուրջ գտնվող փոքրիկ նյարդերը: Այս վիրահատությունը, եթե հաջող արդյունք ապահովի, կարող է հանգեցնել ավելի հազվադեպ և կարճատև Ռեյնոյի նոպաների:
- Քիմիական նյութերի ներարկում. անզգայացնող դեղամիջոցների կամ ՕնաբոտուլինումտոքսինA-ի (Բոտոքս) ներարկումները կարող են արգելափակել ախտահարված ձեռքերի կամ ոտքերի նյարդերը: Որոշ մարդիկ կարիք ունեն ստանալու կրկնակի ներարկումներ, եթե ախտանիշները պահպանվում կամ կրկնվում են:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024