Հեշտոցի հետին պատի արտանկում (ռեկտոցելե)
28-05-2020
3 րոպե

Ռեկտոցելեն տեղի է ունենում, երբ ուղիղ աղիքը (ռեկտում՝ հաստ աղու ամենաստորին հատված) արտափքվում է դեպի հեշտոցի հետին պատ, որի պատճառը օժանդակող հյուսվածքի թուլացումն է:
Այն հայտնի է նաև որպես «հետին պրոլափս» (արտանկում):
Ռեկտոցելեյի պատճառները
Պրոլափսը հեշտոցի մեջ արտափքումն է: Ռեկտոցելեն կամ հետին հեշտոցային պրոլափսն ի հայտ է գալիս, երբ արտափքումը պատճառվում է ուղիղ աղիքի մի մասով: Այն զարգանում է, երբ հեշտոցի և ուղիղ աղիքի միջև բարակ հյուսվածքային պատը թուլանում է: Պրոլափսն առաջանում է մանկական հասակում կամ որևէ այլ պատճառով, որը մեծացնում է փոքր կոնքի այս հյուսվածքների վրա ճնշումը:
Բոլոր այն պատճառները, որոնք թուլացնում են հեշտոցը կամ ուղիղ աղիքը շրջապատող մկանները, կարող են առաջացնել ռեկտոցելե:
Ռեկտոցելեն ավելի տարածված է հղի, ծննդաբերած կամ դաշտանադադարն անցած կանանց շրջանում:
Ռեկտոցելեն կարող է նաև առաջանալ հետևյալ պատճառներով՝
- քրոնիկ փորկապություն
- քրոնիկ հազ
- ավելցուկային քաշ կամ գիրություն
- ծանրությունների հաճախակի բարձրացում:
Ռեկտոցելեյի ախտանիշները
Հնարավոր է, որ դուք ունենաք ռեկտոցելե և չնշեք որևէ գանգատ:
Ռեկտոցելեյի գանգատներից ու նշաններից են՝
- հեշտոցի պատին ներքին ուռածություն կամ փքվածություն («գրպանիկի» առկայություն)
- հեշտոցի հետին պատը մատերով ուղղելու կարիք՝ ուղիղ աղիքը դատարկելու համար
- փորկապություն կամ ուղիղ աղիքի լրիվ դատարկելու դժվարություն
- կոնքահատակի վրա ճնշման, ծանրության կամ լցվածության զգացում
- հեշտոցի «թուլացում»:
Այս ախտանիշները կարող են ծանրանալ երկար ժաանակի ընթացքում ոտքի վրա մնալուց հետո:
Որոշ կանանց մոտ ռեկտոցելեի ախտանիշները թույլ են, սակայն մյուսների համար հիվանդությունը կարող է ազդել նրանց կյանքի որակի վրա:
Ռեկտոցելեի ախտորոշումը
Եթե ունեք ռեկտոցելեին բնորոշոր ախտանիշներից որևէ մեկը, ապա այցելեք ձեր բժշկին: Հիվանդության վերաբերյալ զրույց տանելուց հետո բժիշկը հավանաբար կիրականացնեի «ներքին զննում» և կարող է առաջարկել նաև գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա):
Ռեկտոցելեի բուժումը
Ռեկտոցելեի բուժումը կախված է հիվանդության ծանրության աստիճանից:
Եթե ձեր ախտանիշները թույլ արտահայտված են, ապա բժիշկը կարող է առաջարկել կոնքահատակի (Կեգելի) վարժություններ:
Դուք կարող եք նաև մեղմացնել ռեկտոցելեի ախտանիշները՝ լինելով ֆիզիկապես ավելի ակտիվ, խմելով մեծ քանակությամբ ջուր և սննդում ավելացնելով բջջանքով հարուստ տեսականին, որոնք բոլորն էլ կօգնեն փորկապության կանխարգելմանը:
Բժիշկը կարող է նաև առաջարկել այսպես կոչված «պեսարի» օգտագործում, որը ներհեշտոցային պլաստիկ պարագա է:
Ծանր դեպքերում, երբ վերոնշյալ միջոցառումները որևէ օգուտ չեն տալիս, իսկ գանգատները խիստ անհանգստացնող են, ձեզ կարող է առաջարկվել վիրահատական բուժում, որի նպատակը հեշտոցի թուլացած հյուսվածքները վերականգնելն է: Վիրահատությունը կարող է իրականացվել որովայնային (տրանս-աբդոմինալ) կամ հեշտոցային (տրանս-վագինալ) մոտեցումներով, թեև վերջինս բազմաթիվ երկրներում այլևս խորհուրդ չի տրվում:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021