Պրոլափսը հեշտոցի մեջ արտափքումն է: Ռեկտոցելեն կամ հետին հեշտոցային պրոլափսն ի հայտ է գալիս, երբ արտափքումը պատճառվում է ուղիղ աղիքի մի մասով:
Այն զարգանում է, երբ հեշտոցի և ուղիղ աղիքի միջև բարակ հյուսվածքային պատը թուլանում է, սովորաբար՝ կոնքի հատակի վրա ճնշման կամ վնասվածքի հետևանքով:
Կոնքահատակի վրա ճնշման բարձրացման պատճառները ներառում են՝
- ծննդաբերության հետ կապված պատռվածքներ
- ծննդաբերական աքցանների օգտագործում կամ վիրահատական հեշտոցային ծննդաբերություններ
- երկարաժամկետ փորկապություն կամ երկարատև ու գերլարված ջանքերով կղազատում
- երկարաժամկետ հազ կամ բրոնխիտ, որը հանգեցնում է ներորովայնային ճնշման անընդհատ բարձրացման
- ծանրությունների հաճախակի բարձրացում
- գիրություն:
Ռեկտոցելեն ավելի տարածված է հղի, ծննդաբերած կամ դաշտանադադարն անցած կանանց շրջանում:
Հղիություն և ծննդաբերություն
Հղիության և ծննդաբերության ընթացքում ձգվում են այն մկանները, կապանները և շարակցական հյուսվածքը, որոնք ապահովում են հեշտոցի ճիշտ դիրքը: Սա կարող է այդ հյուսվածքները դարձնել ավելի թույլ և ավելի քիչ օժանդակող: Որքան շատ հղիություններ ունենաք, այնքան կմեծանա հետին հեշտոցային պրոլապս առաջանալու հավանականությունը:
Եթե դուք միայն կեսարյան հատումով եք ծննդաբերել, ավելի քիչ հավանական է, որ զարգանա հետին հեշտոցային պրոլապս: Սակայն, սա չի նշանակում, որ ձեզ մոտ նման վիճակ չի կարող առաջանալ:
Ռիսկի գործոններ
Հետին հեշտոցային պրոլապս կարող է զարգանալ ցանկացած կնոջ մոտ: Այնուամենայնիվ, հետևյալ գործոնները կարող են մեծացնել այս խնդրի առաջացման ռիսկը:
- Գենետիկա (ժառանգականություն). որոշ կանայք ծնվում են փոքր կոնքի շրջանի ավելի թույլ շարակցական հյուսվածքներով: Բնականաբար, սա նրանց դարձնում է հետին հեշտոցային պրոլապսի նկատմամբ ավելի խոցելի:
- Ծննդաբերություն. հեշտոցային ճանապարհով մեկից ավելի երեխա ծննդաբերելը մեծացնում է հետին հեշտոցային պրոլապսի առաջացման ռիսկը: Ծննդաբերության ժամանակ հեշտոցային բացվածքի և հետանցքի (անուսի) միջև ընկած հյուսվածքի պատռվածքները (պերինալ պատռվածքներ) կամ հեշտոցի բացվածքն ավելի լայն դարձնող կտրվածքները (էպիզիոտոմիաներ) նույնպես կարող են մեծացնել ռիսկը: Վիրահատական հեշտոցային ծննդաբերությունները և հատկապես ծննդաբերական աքցանների օգտագործումը մեծացնում են այս վիճակի զարգացման ռիսկը:
- Ծերացում. ծերանալը հանգեցնում է մկանային զանգվածի, առաձգականության և նյարդային գործառույթների կորստի, որի հետևանքով մկանները ձգվում կամ թուլանում են:
- Գիրություն. մարմնի ավելորդ քաշը ճնշում է կոնքի հատակի հյուսվածքները:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024