Հաճախ անհանգիստ ոտքերի համախտանիշի (ԱՈՀ) որևէ հայտնի կամ ակնհայտ պատճառ չկա:
Հետազոտողները կասկածում են, որ հիվանդությունը կարող է առաջանալ գլխուղեղի քիմիական նյութերից դոֆամինի անհավասարակշռությունից, որը ազդանշաններ է ուղարկում մկանների շարժումը վերահսկելու համար:
Ժառանգականություն
Երբեմն ԱՈՀ-ն առաջանում է ընտանիքներում, հատկապես, եթե հիվանդությունը սկսվում է մինչև 40 տարեկանը: Հետազոտողները հայտնաբերել են քրոմոսոմների այն վայրերը, որտեղ կարող են առկա լինել ԱՈՀ-ի գեները:
Հղիություն
Հղիությունը կամ հորմոնային փոփոխությունները կարող են ժամանակավորապես վատթարացնել ԱՈՀ-ի գանգատներն ու ախտանիշները: Որոշ կանայք հղիության ընթացքում, հատկապես վերջին եռամսյակում առաջին անգամ են առնչվում ԱՈՀ-ի հետ: Այնուամենայնիվ, ախտանշանները սովորաբար անհետանում են ծննդաբերությունից հետո:
Ռիսկի գործոններ
ԱՈՀ-ը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, նույնիսկ մանկության տարիներին: Վիճակն ավելի հաճախակի է դառնում տարիքի հետ և ավելի հաճախ կանանց, քան տղամարդկանց մոտ:
ԱՈՀ-ը սովորաբար կապված չէ հիմքում ընկած լուրջ առողջական խնդրի հետ: Այնուամենայնիվ, այն երբեմն ուղեկցվում է այլ հիվանդություններով ու վիճակներով, ինչպիսիք են ստորև թվարկվածները:
- Ծայրամասային (պերիֆերիալ) նեյրոպաթիա. ձեռքերի և ոտքերի նյարդերի այս վնասումը երբեմն պայմանավորված է քրոնիկ հիվանդություններով, ինչպիսիք են շաքարային դիաբետը և ալկոհոլիզմը:
- Երկաթի պակաս (դեֆիցիտ). նույնիսկ առանց սակավարյունության (անեմիայի), երկաթի անբավարարությունը կարող է առաջացնել կամ վատթարացնել ԱՈՀ-ը: Եթե դուք ստամոքսային կամ աղիքային արյունահոսության պատմություն ունեք, ուժեղ դաշտաններ եք ունենում կամ պարբերաբար արյուն եք նվիրաբերում, կարող եք երկաթի պակասություն ունենալ:
- Երիկամային անբավարարություն. եթե ունեք երիկամային անբավարարություն, կարող եք նաև ունենալ երկաթի անբավարարություն, հաճախ՝ անեմիա: Երբ երիկամները նորմալ չեն գործում, արյան մեջ երկաթի պաշարները կարող են նվազել: Այս և օրգանիզմի քիմիական հավասարակշռության այլ փոփոխությունները կարող են առաջացնել կամ վատթարացնել ԱՈՀ-ը:
- Ողնուղեղային հիվանդություններ. վնասման կամ վնասվածքի հետևանքով ողնուղեղի ախտահարումները կապված են ԱՈՀ-ի հետ: Ողնուղեղային անզգայացում ունենալը նույնպես մեծացնում է ԱՈՀ-ի զարգացման ռիսկը:
- Պարկինսոնի հիվանդություն. մարդիկ, ովքեր ունեն Պարկինսոնի հիվանդություն և ընդունում են որոշակի դեղամիջոցներ, որոնք կոչվում են դոպամիներգիկ ագոնիստներ, ունեն ԱՈՀ-ի զարգացման բարձր ռիսկ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024