Անհանգիստ ոտքերի համախտանիշ. բուժում
27-04-2021
3 րոպե

Երբեմն պատճառային հիվանդության, օրինակ՝ երկաթի դեֆիցիտի բուժումը, զգալիորեն մեղմացնում է անհանգիստ ոտքերի համախտանիշի ախտանիշները:
Երկաթի պակասը կարող է փոխլրացվել ներքին ընդունման կամ ներերակային ճանապարհով երկաթի հավելումների կամ պատրաստուկների նշանակմամբ՝ համապատասխան արյան թեստ հանձնելուց և բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Եթե անհանգիստ ոտքերի համախտանիշը կապված չէ որևէ այլ հիվանդության հետ, բուժումը կենտրոնանում է ապրելակերպի փոփոխությունների վրա:
Ապրելակերպի առողջացում
Բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ պարզ միջոցները՝
- կրճատեք կոֆեինի ընդունումը (սուրճ, կոֆեին պարունակող ըմպելիքներ)
- կտրուկ սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը (հատկապես երեկոյան ժամերին)
- եթե ծխող եք, դադարեցրե՛ք ծխելը
- կիրառե՛ք առողջ քնի սովորույթներ
- կառավարե՛ք սթրեսը։
Դեղորայքային բուժում
Եթե ապրելակերպի առողջացումը բավարար չէ, բժիշկը կարող է նշանակել որոշ դեղամիջոցներ, հատկապես, եթե «պարող ոտքերը» խաթարում են ձեր քունը և բացասաբար ազդում ցերեկային առօրյա գործառույթների վրա։
Անհանգիստ ոտքերի համախտանիշի բուժման մեջ նշանակվող դեղամիջոցների մեծ մասը ստեղծվել է այլ հիվանդությունների բուժման համար:
- Ուղեղի դոֆամինի քանակը շատացնող դեղամիջոցներ. այս դեղերն ազդում են գլխուղեղային նեյրոմեդիատոր համարվող դոֆամինի մակարդակի վրա: Ռոպինիրոլը (Ռեքուիպ), Ռոտիգոտինը (Նեյպրո) և Պրամիպեքսոլը (Միրապեքս) հաստատվել են ԱՄՆ Դեղերի և սննդի գործակալության (FDA) կողմից որպես չափավորից մինչև ծանր անհանգիստ ոտքերի համախտանիշի բուժման դեղեր: Դրանց կարճաժամկետ կողմնակի ազդեցությունները սովորաբար թույլ են և ներառում են՝ սրտխառնոց, գլխապտույտ և թուլություն: Սակայն, այս դեղերը նաև կարող են առաջացնել իմպուլսիվ վերահսկման խանգարումներ, օրինակ՝ սևեռուն խաղամոլություն և ցերեկային քնկոտություն:
- Կալցիումական անցուղիների վրա ազդող դեղամիջոցներ. անհանգիստ ոտքերի համախտանիշով որոշ մարդկանց կարող են օգտակար լինել Գաբապենտինը (Նեյրոնտին, Գրալիսե), Գաբապենտին էնակարբիլը (Հորիզանտ) և Պրեգաբալինը (Լիրիկա)։
- Օփիոիդներ. թմրաբեր դեղամիջոցները կարող են մեղմացնել թույլից մինչև ծանր ախտանիշները, սակայն բարձր դեղաչափերով օգտագործելիս առաջացնում են կախվածություն: Օրինակներից են՝ Տրամադոլ (Ուլտրամ, ԿոնԶիպ), Կոդեին, Օքսիկոդոն (Օքսիկոնտին, Ռոքսիկոդոն և այլն) և Հիդրոկոդոն (Հիսինգլա ER, Զոհիդրո ER)։
- Մկանային ռելքսանտներ և քնաբերներ. այս դեղամիջոցներն օգնում են ավելի լավ քնելուն, սակայն չեն հանում ոտքերում առկա տհաճ զգացողությունները: Որպես կողմնակի ազդեցություն, քնաբերները առաջացնում են ցերեկային քնկոտություն: Բժիշկը կարող է նշանակել քնաբերներ, եթե որևէ այլ բուժում չի բերում ախտանիշների մեղմացման:
Ձեզ ամենահարմար դեղամիջոցի կամ դրանց ամենաարդյունավետ զուգակցման ընտրությունը կարող է որոշակի ժամանակ պահանջել:
Որոշ նախազգուշացումներ
Երբեմն անհանգիստ ոտքերի համախտանիշի գանգատները մեղմացնող դոֆամինային դեղամիջոցները որոշ ժամանակ անց դառնում են անարդյունավետ կամ կարող եք զգալ, որ գանգատները սկսել են ի հայտ գալ ավելի շուտ՝ մինչև երեկոյան ժամերը կամ սկսել են ներառել ձեռքերը: Սա կոչվում է աուգմենտացիա, և նման դեպքերում բժիշկը կարող է մի դեղամիջոցը փոխարինել մյուսով:
Անհանգիստ ոտքերի համախտանիշի բուժման դեղերի մեծ մասը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում: Այսպիսի իրավիճակում բժիշկը կարող է խորհուրդ տալ ինքնօգնության և տնային միջոցներ, իսկ դեղեր նշանակել միայն ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից:
Պետք է նաև նկատի ունենալ, որ որոշ դեղամիջոցներ կարող են վատթարացնել հիվանդության ընթացքը, օրինակ՝ հակադեպրեսանտներ, հակադոֆամինային ազդեցության հակափսիխոտիկ դեղեր, որոշ հակափսխեցուցիչ, մրսածության կամ ալերգիայի դեղեր: Սա նշանակում է, որ որևէ դեղամիջոց օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ խուսափելու տարբեր դեղամիջոցների միջև անցանկալի փոխազդեցության դրսևորումներից:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022