Անհանգիստ ոտքերի համախտանիշի (ԱՈՀ) գլխավոր ախտանիշը ոտքերը շարժելու ցանկությունն է:
ԱՈՀ-ի ընդհանուր ուղեկցող բնութագրիչները ներառում են հետևյալը:
- Զգացողություններ, որոնք սկսվում են հանգստի ժամանակ. զգացողությունը սովորաբար սկսվում է այն բանից հետո, երբ դուք երկար ժամանակ պառկած կամ նստած եք, օրինակ՝ մեքենայում, ինքնաթիռում կամ կինոդահլիճում:
- Շարժումով թեթևացում. ԱՈՀ-ի զգացողությունը թուլանում է շարժման հետ, ինչպիսիք են ձգվելը, ոտքերը շարժելը, տեղում քայլքը կամ քայլելը:
- Երեկոյան ախտանիշների վատթարացում. ախտանիշներն առաջանում են հիմնականում գիշերը։
- Գիշերային ոտքի ցնցում. ԱՈՀ-ը կարող է կապված լինել մեկ այլ, ավելի տարածված վիճակի հետ, որը կոչվում է քնած ժամանակ ոտքերի պարբերական շարժում, որը հանգեցնում է ոտքերի կարճատև ռիթմիկ ակամա ձգումների (օրինակ՝ ոտնաթաթի բութ մատի առաջ ձգումը, երբեմն՝ մյուս մատների հովհարաձև տարածումով կամ ամբողջ ողտնաթաթի ձգումը) և հարված հիշեցնող կտրուկ շարժումների, երբեմն՝ ամբողջ գիշերվա ընթացքում, երբ դուք քնած եք:
Մարդիկ սովորաբար նկարագրում են ԱՈՀ-ի ախտանիշները որպես անդիմադրելի, տհաճ զգացողություններ ոտքերում կամ ոտնաթաթերում: Դրանք սովորաբար առաջանում են մարմնի երկու կողմերում: Ավելի հազվադեպ, զգացողություններն ազդում են ձեռքերի վրա:
Զգացողությունները, որոնք սովորաբար առաջանում են վերջույթների ներսում, այլ ոչ թե մաշկի վրա, նկարագրում են հետևյալ կերպ՝
- մզմզոց կամ ծակծկոց
- տհաճ խուտուտ
- ձգում
- ծանրության զգացում
- այրոց կամ ցավոտություն
- քորի առաջացում
- էլեկտրահարություն։
Երբեմն զգացողությունները դժվար է բացատրել: ԱՈՀ ունեցող մարդիկ սովորաբար չեն նկարագրում վիճակը որպես մկանային ջղաձգություն կամ թմրածություն: Նրանք, սակայն, մշտապես նշում են ոտքերը շարժելու ցանկությունը:
Սովորաբար ախտանիշները տատանվում են ծանրության աստիճանով: Երբեմն ախտանիշները որոշ ժամանակով անհետանում են, հետո՝ վերադառնում:
Ե՞րբ դիմել բժշկին
ԱՈՀ-ով որոշ մարդիկ երբեք չեն դիմում բժշկի, քանի որ կարծում են, որ իրենց լուրջ չեն վերաբերվի: Սակայն ԱՈՀ-ը կարող է խանգարել ձեր քունը և առաջացնել ցերեկային քնկոտություն և ազդել ձեր կյանքի որակի վրա: Խոսեք ձեր բժշկի հետ, եթե կարծում եք, որ կարող եք ունենալ ԱՈՀ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024