Առողջական խնդիրներ

Մանկական ռոզեոլա (վարդացան)

Մանկական ռոզեոլա (վարդացան)

Time Read 3 րոպե

Մանկական ռոզեոլան կամ վարդացանը նորածին և մանկահասակ երեխաների մոտ առաջացող վարակային հիվանդություն է, որը հարուցվում է վիրուսներով:

Վարդացանը հայտնի է նաև այլ անվանումներով, օրինակ՝ «հանկարծակի էկզանթեմա» (еxanthema subitum), «մանկական ռոզեոլա» (roseola infantum), «վեցերորդ հիվանդություն», «կեղծ կարմրախտ» (pseudorubella) և «մանկական եռօրյա տենդ»:

Ի՞նչ է մանկական ռոզեոլան

Մանկական ռոզեոլան կամ վարդացանը վարակ է, որը կարող է առաջացնել բարձր ջերմություն, որին հաջորդում է մաշկացանը (էկզանթեմա):

Այն սովորաբար հանդիպում է նորածինների և 6 ամսականից մինչև 2 տարեկան մանկահասակ երեխաների շրջանում: Հիվանդությունը տևում է 3-5 օր, որի ընթացքում ձեր երեխան կարող է ջերմել և դրսևորել վատ ինքնազգացողության նշաններ:

Մանկական ռոզեոլայի պատճառները

Վարդացանը պատճառվում է վիրուսով (մարդկային հերպես վիրուս 6 (HHV-6) կամ 7-ով (HHV-7)) և վարակիչ է: Այն տարածվում է թքի միջոցով՝ հազալիս, փռշալիս և ուղղակի շփման միջոցով: Կարող է նաև փոխանցվել մորից պտղին:

Երեխան կարող է տարածել վարակը մինչև որևէ նշան հայտնվելը, իս ախտանիշների ի հայտ գալուց նա ալևս դադարում է վարակիչ համարվելուց:

Մանկական ռոզեոլայի ախտանիշները

Եթե ձեր երեխան վարակվել է մանկական ռոզեոլայով, դուք կարող եք նրա մոտ գրանցել հետևյալ ախտանիշները՝

  • թեթև ըմպանացավ, քթից արտադրություն կամ հազ՝ մինչև մարմնի ջերմության բարձրացումը
  • հանկարծակի բարձր ջերմություն կամ տենդ (մարմնի ջերմությունը կարող է հասնել մինչև 40°C և ավելի բարձր), որը մինչև արագ անհետանալը կարող է շարունակվել 3-4 օր
  • վարդագույն, մաշկից բարձրացած ցանավորում երեխայի կրծքավանդակին, որովայնին և թիկունքին, որը կարող է նաև տարածվել դեպի ձեռքեր և ոտքեր, ընդ որում, վարդագույն ցանը սովորաբար ի հայտ է գալիս մարմնի ջերմությունը նորմալանալուց հետո և շարունակվում 2 օր
  • պարանոցի ավշային գեղձերի (հանգույցներ) այտուց:

Երբեմն երեխայի մոտ տենդի ընթացքում կարող են զարգանալ ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ, որը սովորաբար շարունակվում է մինչև 5 րոպե: Ֆեբրիլ ցնցումը խիստ ծանր վիճակ չէ, սակայն դուք պետք է տեղեկացնեք ձեր բժշկին՝ ավելի լուրջ հիվանդությունները (մենինգիտ, կարմրուկ) բացառելու համար:

Որոշ դեպքերում ձեր երեխան կարող է ունենալ ցանավորում՝ առանց որևէ այլ ախտանիշի կամ բարձր ջերմություն՝ առանց մաշկացանի:

Վարդացանը կարող է երբեմն շփոթվել այլ հիվանդությունների հետ: Անհապաղ դիմեք ձեր բժշկին կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե ձեր երեխայի մոտ առկա է շշմածություն, ավելորդ քնկոտություն կամ նա ունի ուժեղ գլխացավ կամ գլխացավ՝ պարանոցի լարվածությամբ կամ եթե ցանը որոշ տեղերում դարձել է մանուշակագույն:

Մանկական ռոզեոլայի բուժումը

Վարդացանը որևէ պատճառային բուժում չունի, սակայն, եթե երեխան բարձր ջերմում է կամ ունի ցանավորում, ապա դուք կարող եք այցելել ձեր բժշկին:

Բժիշկը հավանաբար խորհուրդ կտա անկողնային ռեժիմ, իսկ բարձր ջերմության դեպքում (39°C և ավելի բարձր)՝ Պարացետամոլ կամ Իբուպրոֆեն, ինչպես նաև առատ ջուր, որպեսզի կանխարգելվի ջրազրկումը:

Դուք պետք է տեսնեք ձեր բժշկին, եթե՝

Կարո՞ղ է արդյոք մանկական ռոզեոլան կանխարգելվել

Վարդացանի դեմ պատվաստանյութ չկա:

Անձնական լավ հիգիենան, այդ թվում՝ երեխայի և ընտանիքի բոլոր անդամների կողմից ձեռքերը կանոնավոր լվանալը կարող է նվազեցնել վիրուսի տարածումը:

Իմացե՛ք ավելին ձեքերի լվացման հմտությունների մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-05-2020 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: