Եթե ձեր երեխան շփվել է ռոզեոլա կամ վարդացան ունեցող որևէ մեկի հետ և վարակվել է վիրուսով, վարակի գանգատների և ախտանիշների դրսևորման համար հավանաբար կպահանջվի 1-ից 2 շաբաթ:
Որոշ դեպքերում գանգատներ և ախտանիշներ կարող են ընդհանրապես չառաջանալ: Հնարավոր է վարակվել մանկական ռոզեոլայով, բայց դրա որևէ գանգատ չունենալ:
Մանկական ռոզեոլայի հիմնական ախտանիշները հետևյալն են:
- Ջերմություն. մանկական ռոզեոլան հաճախ սկսվում է բարձր ջերմությամբ կամ տենդով՝ հաճախ 39.4° C-ից բարձր (103 F): Ջերմությունը բարձրացնում է հանկարծակի և տևում է 3-ից 5 օր: Որոշ երեխաներ ջերմության հետ կամ դրանից առաջ կարող են ունենալ կոկորդի ցավ, քթահոսություն կամ հազ: Ձեր երեխայի մոտ նաև կարող է զարգանալ պարանոցի ավշային հանգույցների մեծացում (այտուցվածություն):
- Ցան. հաճախ ջերմության նորմալացումից հետո առաջանում է վարդագույն ցանավորում։ Ռոզեոլայի ցանը բազմաթիվ մանր կետեր են կամ բծեր, որոնք հակված են հարթ լինել: Ցանը հաճախ սկսվում է կրծքավանդակից, մեջքից և որովայնից, այնուհետև տարածվում է պարանոցի և ձեռքերի վրա և կարող է հասնել ոտքեր և դեմք: Ցանը սովորաբար քոր կամ անհանգստություն չի պատճառում: Այն կարող է մնալ ժամեր կամ օրեր (հաճախ՝ 1-2 օր): Որոշ դեպքերում ցանը կարող է առաջանալ առանց ջերմության:
Մանկական ռոզեոլայի այլ հնարավոր գանգատներից և ախտանիշներից են՝
- դյուրագրգռություն
- թեթև փորլուծություն
- ախորժակի անկում
- կոպերի այտուցվածություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության
Ձեր երեխան կարող է ունենալ ցնցումներ (տենդային կամ ֆեբրիլ ցնցումներ), եթե ջերմությունը խիստ բարձր է կամ կտրուկ բարձրանում է: Եթե երեխայի մոտ առկա են անբացատրելի ցնցումներ, անմիջապես զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ դիմեք անհետաձգելի բուժօգնության Տենդային ցնցումը ծանր վիճակ չէ, սակայն պետք է տեղեկացնել բժշկին՝ ավելի լուրջ հիվանդությունները բացառելու համար (մենինգիտ, կարմրուկ և այլն):
Դիմեք անհետաձգելի բուժօգնության նաև այն դեպքերում, եթե երեխայի մոտ նկատում եք շփոթվածություն, ավելորդ քնկոտություն կամ նա ունի ուժեղ գլխացավ, գլխացավ՝ պարանոցի լարվածությամբ կամ եթե վարդագույն ցանը որոշ տեղերում դարձել է մանուշակագույն:
Զանգեք ձեր երեխայի բժշկին
Կապ հաստատեք ձեր երեխայի բժշկի հետ, եթե՝
- նա ունի 39.4° C-ից (103 F) բարձր ջերմություն
- ցանը չի թեթևանում երեք օրվա ընթացքում և բարձր ջերմությունը կրկնվում է:
Զանգեք ձեր բժշկին
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ձեր ընտանիքում որևէ մեկն ունի իմունային համակարգի հետ կապված խնդիրների և շփվել է մանկական ռոզեոլայով հիվանդի հետ: Նրանք կարող են հնարավոր վարակի համար որոշակի ժամանակ դիտարկման կարիք ունենալ, քանի որ վարակային հիվանդությունները թուլացած իմունիտետով մարդկանց մոտ կարող է ավելի ծանր ընթանալ, քան մյուսների մոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024