Քութեշի ախտանիշները սովորաբար ի հայտ են գաիս վարակվելուց հետո 1-3 օրվա ընթացքում։
Քութեշի գանգատները և ախտանիշները ներառում են հետևյալը:
- Կարմիր ցան. քութեշանման ցանը բնորոշվում է կարմրած (հիպերեմիկ) մաշկի ֆոնին առաջացած մանր կետային պապուլաներով, որոնք հակում ունեն միաձուլման: Այսպիսի ցանը նմանվում է հղկաթղթի (շուշաթուղթ) և տիպիկ դեպքերում սկսվում է դեմքից կամ պարանոցից և տարածվում ներքև՝ դեպի իրան, ձեռքեր և ոտքեր: Մաշկի կարմիր հատվածները սեղմելիս գունատվում են, իսկ բաց թողնելիս վերականգնում կարմիր գույնը։
- Կարմիր գծեր. բնական ծալքերի շրջանում (աճուկային, անութային, արմնկային, ծնկային և պարանոցային) ցանն ավելի կարմրած է, քան հարակից ցանը և ավելի ցայտուն է երևում՝ նմանվելով կարմիր գծերի: Բնորոշ է նաև Պաստիայի բծերի առաջացումը, որոնք իրենցից ներկայացնում են գծային դասավորությամբ պետեխիալ (կետային) ցանավորում:
- Շառագունած դեմք. որպես կանոն, դեմքին ցանավորում չի դիտվում, սակայն դեմքը դառնում է կարմրած (հիպերեմիկ)՝ հատկապես այտերի շրջանում, իսկ բերանի շուրջը՝ օղակաձև գունատված:
- Ելականման լեզու. հիվանդության վաղ շրջանում լեզուն սպիտակ փառակալած է, իսկ լեզվի պտիկները՝ այտուցված ու արտահայտված: Կարմիր պտկիկների արտահայտվելը սպիտակ փառի տակից լեզվին տալիս է սպիտակ մորու կամ ելակի տեսք:
Ցանը և դեմքի ու լեզվի կարմրությունը սովորաբար տևում են մոտ մեկ շաբաթ, որից հետո այս ախտանիշներն աստիճանաբար անհետանում են և հաջորդում է մաշկի ցանավորված շրջանների գունատումը և թեփոտումը: Թեփոտումը հիմնականում սկսվում է դեմքից և տարածվում վայրէջ ուղղությամբ ամբողջ մարմնով։ Վերջույթներին դիտվում է խոշոր, իսկ իրանին մանր թեփոտում։ Թեփոտումից հետո մաշկը նմանվում է արևայրուք ստացածի մարդու մաշկին։
Քութեշի հետ կապված այլ գանգատներից և ախտանիշներից են՝
- բարձր ջերմություն՝ 38,3° C կամ ավելի բարձր, որը հաճախ ուղեկցվում է դողով և սարսուռով
- խիստ ցավոտ և կարմրած կոկորդ, երբեմն սպիտակավում կամ դեղնավուն բծերով
- կլման դժվարացում
- մեծացած պարանոցային գեղձեր (ավշային հանգույցներ), որոնք շոշափելիս պնդացած են
- սրտխառնոց կամ փսխում
- գլխացավ:
Ե՞րբ դիմել բժշկին
Զրուցեք բժշկի հետ, եթե երեխան ունի կոկորդի ցավ և՝
- 38,9° C կամ ավելի բարձր ջերմություն
- այտուցված կամ պնդացած պարանոցային ավշային հանգույցներ
- կարմրավուն ցան:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024