Գրադարան
Իշիաս. պատճառներ

2 րոպե
Իշիասը դրսևորվում է տարբեր պատճառներով նստանյարդի սեղմվելու-ճնշվելու արդյունքում։
Դեպքերի գերակշռող մեծամասնությունում նստանյարդը ճնշվում է ողնաշարի միջողնային սկավառակովի ճողվածքով կամ ողնաշարի ոսկրային գերաճով (ոսկրային կոշտուկ): Ավելի հազվադեպ նյարդը կարող է սեղմվել ուռուցքով կամ ախտահարվել որպես մեկ այլ հիվանդության հետևանք, օրինակ՝ դիաբետի դեպքում:
Ռիսկի գործոններ
Կան մի շարք գործոններ, որոնք բարձրացնում են իշիասի զարգացման հավանականությունը։
- Տարիք. ողնաշարի տարիքային փոփոխությունները (միջողնային սկավառակներ, ոսկրային գերաճեր) համարվում են իշիասի ամենատարածված պատճառները:
- Գիրություն. ավելորդ քաշը մեծացնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը, ուստի կարող է նպաստել ողնաշարային փոփոխությունների զարգացմանը, որոնք ընկած են իշիասի զարգացման հիմքում:
- Մասնագիտություն. որոշ աշխատանքներ պահանջում են ողնաշարի երկարատև հարկադրված դիրք կամ գերծանրաբեռնվածություն։ Օրինակ, բեռնակիր աշխատանքը, վարորդությունը, կռացած աշխատանքը տարիների ընթացքում կարող են նպաստել իշիասի զարգացմանը (թեև հստակ տվյալներ չկան):
- Երկարատև նստած վիճակ. մարդիկ, ովքեր ժամանակի մեծ մասն անցկացնում են նստած վիճակում (գրասենյակային աշխատողներ, վարորդներ) ավելի հավանական է, որ կունենան իշիաս: Սա կարող է բացատրվել նաև հետույքի շրջանում նստանյարդի երկարատև ճնշվածությամբ:
- Դիաբետ. շաքարային դիաբետի ժամանակ, հատկապես եթե լավ չի վերահսկվում, արյան գլյուկոզի կայուն բարձր մակարդակը կարող է նպաստել ինչպես բոլոր նյարդերի, այդպես էլ նստանյարդի վնասմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2018 վերանայվել է՝ 30-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: