Իշիասի բնորոշ նշանը գոտկային շրջանի ցավն է, որ ճառագայթվում է հետույքով ու ոտքի ետին շրջանով դեպի ներքև:
Դուք կարող եք անհարմարավետություն զգալ նյարդի ուղղությամբ գրեթե ամենուրեք, սակայն ավելի հավանական է, գանգատները վերաբերվեն գոտկատեղից դեպի հետույք և ազդրերի ետին մակերևույթով դեպի սրունքի ետին շրջաններ:
Ցավը կարող է լինել ամենատարբեր բնույթի՝ սկսած թույլ ծակծկոցներից մինչև սուր, այրող զգացողություն կամ անտանելի ուժգության մկանացավ: Երբեմն կարող է ի հայտ գալ ցնցման կամ էլեկտրահարության զգացողություն: Ցավը կարող է սաստկանալ հազալիս, փռշտալիս, զուգարանից օգտվելիս կամ երկարատև նստած վիճակից հետո: Իշիասին բնորոշ է մարմնի մի կողմին վերաբերող գանգատները:
Որոշ մարդիկ նաև կարող են նշել ախտահարված ոտքում կամ ոտնաթաթում թմրածություն, ծակծկոցներ կամ մկանային թուլություն: Այլ դեպքերում կարող է մի ոտքի որևէ շրջանի ցավը զուգակցվել մյուս շրջանի թմրածության զգացողությամբ:
Ե՞րբ դիմել բժշկին
Թույլ իշիասը սովորաբար ժամանակի ընթացքում ինքնուրույն անհետանում է: Տեղեկացրեք բժշկին, եթե մեկ շաբաթվա ընթացքում սովորական տնային միջոցներով ցավերը չեն մեղմանում, ուժեղ են կամ աստիճանաբար ուժեղանում են:
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե՝
- ունեք հանկարծակի ցավ գոտկային կամ ոտքի շրջանում, որոնք ուղեկցվում են ոտքերի թմրածությամբ կամ մկանային թուլությամբ
- ցավերը սկսվել են ակնհայտ վնասվածքից հետո, օրինակ՝ ճանապարհատրանսպորտային պատահար
- ունեք միզապարկի կամ աղիների գործունեության վերահսկման խնդիրներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024