Իշիասի ցավերը կարող են հեշտությամբ մեղմացվել տնային միջոցներով։
Եթե իշիասը նոր է սկսվել, կարող եք մեկ-երկու օր ձեզ հանգիստ տալ, որը կօգնի, որ ցավերը շուտ մեղմանան։ Այս ընթացքում օրվա մեծ մասն անցկացրեք պառկած վիճակում և խուսափեք ծանրություն բարձրացնելուց, կռանալուց և ֆիզիկական գործ կատարելուց։ Սակայն, նկատի ունեցեք, որ երկար ժամանակով պասիվանալը կարող է ավելի սրացնել հիվանդության ախտանիշները։
Ահա մի քանի միջոցներ, որոնք կարող եք ձեռնարկել տանը։
- Սառը և տաք միջոցներ. սկզբի օրերին ցավող շրջանին դրեք սառեցնող միջոցներ (օրինակ՝ սառցե պարկ կամ մաքուր և բարակ սրբիչով փաթաթած սառցե խորանարդիկներ)։ Թողեք սառցե պարկը 20 րոպե և կրկնեք օրը մի քանի անգամ։ Երկու-երեք օր անց, նույն այդ շրջանների համար անցեք տաքացնող միջոցների (օրինակ՝ ջեռակ, տաքացնող լամպ և այլն)։ Եթե ցավերը շարունակվում են, կարող եք անցնել հաջորդաբար սառը տաքով փոխարինող միջոցառումների։
- Ձգող վարժանքներ. գոտկատեղի մկանները ձգող վարժությունները կարող են օգնել, որ ձեզ ավելի լավ զգաք և մեղմացնեք նյարդարմատների ճնշված վիճակը։ Աստիճանաբար հասեք 30 վրկ.-ոց տևողությամբ ձգումներին։ Խուսափեք գոտկատեղը ձգած վիճակում իրանը պտտելուց, թռիչքներ կատարելուց և մեջքի այլ «անհաջող» կտրուկ շարժումներից։
- Դեղատոմս չպահանջող դեղամիջոցներ. սովորական ցավազրկող դեղերը կարող են օգտագործվել չափավոր և ուժեղ ցավերի ժամանակ (օրինակ՝ Իբուպրոֆեն կամ Նապրոքեն):
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024