Սեզոնային աֆեկտիվ խանգարման (ՍԱԽ) կոնկրետ պատճառը մնում է անհայտ:
Որոշ գործոններ, որոնք կարող են դեր խաղալ, հետևյալն են:
- Ձեր կենսաբանական ժամացույցը (ցիրկադային ռիթմ). աշնանը և ձմռանը արևի լույսի նվազեցված մակարդակը կարող է առաջացնել ձմեռային ՍԱԽ: Արևի բնական լուսավորության այս նվազումը կարող է խաթարել ձեր օրգանիզմի ներքին ժամացույցը և հանգեցնել ընկճվածության (դեպրեսիայի) զգացողության:
- Սերոտոնինի մակարդակը. սերոտոնինի՝ գլխուղեղի քիմիական նյութի (նեյրոմեդիատոր) մակարդակի անկումը, որն ազդում է տրամադրության վրա, կարող է դեր խաղալ ՍԱԽ-ի զարգացման մեջ: Արևի լույսի կրճատումը կարող է առաջացնել սերոտոնինի նվազեցում, որն էլ իր հեթին՝ դեպրեսիա:
- Մելատոնինի մակարդակը. սեզոնի փոփոխությունը կարող է խաթարել օրգանիզմի մելատոնինի մակարդակի հավասարակշռությունը, որը դեր է խաղում քնի և տրամադրության վրա:
Ռիսկի գործոններ
Սեզոնային աֆեկտիվ խանգարումն ավելի հաճախ է ախտորոշվում կանանց, քան տղամարդկանց մոտ: Եվ ՍԱԽ-ն ավելի հաճախ է առաջանում երիտասարդ չափահասների, քան տարեցների մոտ:
Գործոնները, որոնք կարող են մեծացնել ՍԱԽ-ի ռիսկը, ներառում են հետևյալը:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). ՍԱԽ ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ ՍԱԽ-ով կամ դեպրեսիայի այլ ձևով արյունակից հարազատներ ունենան:
- Մեծ դեպրեսիա կամ բիպոլյար խանգարում ունենալը. դեպրեսիայի ախտանիշները կարող են սեզոնային վատթարանալ, եթե ունեք այս վիճակներից մեկնումեկը:
- Հասարակածից հեռու բնակվելը. ըստ որոշ տվյալների ՍԱԽ-ն ավելի տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են հասարակածից շատ հյուսիս կամ հարավ: Դա կարող է պայմանավորված լինել ձմռանը արևի լույսի նվազմամբ և ամառային ամիսներին ավելի երկար երեկոներով:
- Վիտամին D-ի ցածր մակարդակ. վիտամին D-ի մեծ մասն արտադրվում է մաշկի մեջ, երբ այն ենթարկվում է արևի ճառագայթների ազդեցությանը: Վիտամին D-ն կարող է օգնել սերոտոնինի ակտիվության բարձրացմանը: Արևի լույսի պակասը և սննդամթերքից և այլ աղբյուրներից բավարար վիտամին D չստանալը կարող է հանգեցնել օրգանիզմում վիտամին D-ի ցածր մակարդակի:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024