Սեզոնային աֆեկտիվ խանգարման (ՍԱԽ) բուժումը կարող է ներառել լուսային թերապիա, հոգեթերապիա և դեղորայք:
Եթե ունեք բիպոլյար խանգարում, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին և հոգեկան առողջության մասնագետին. սա կարևոր է իմանալ լուսային թերապիա կամ հակադեպրեսանտ նշանակելիս: Երկու բուժումներն էլ կարող են նպաստել մանիայի դրվագի առաջացմանը:
Լուսային թերապիա
Լուսային թերապիայի ժամանակ, որը նաև կոչվում է լուսաբուժություն (ֆոտոթերապիա), դուք նստում եք հատուկ լուսատուփից որոշ հեռավորության վրա, որ ամեն օր արթնանալուց հետո առաջին ժամվա ընթացքում ենթարկվեք վառ լույսի ազդեցությանը: Լուսային թերապիան ընդօրինակում է բնական բացօթյա լույսը և, ըստ երևույթին, առաջացնում է գլխուղեղի քիմիական կազմի փոփոխություն՝ կապված տրամադրության հետ:
Լուսային թերապիան աշնանային ՍԱԽ-ի առաջին գծի բուժումներից մեկն է: Այն սովորաբար սկսում է ազդել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթվա ընթացքում և շատ քիչ կողմնակի ազդեցություններ է առաջացնում: Լուսային թերապիայի վերաբերյալ հետազոտությունները սահմանափակ են, սակայն, հաճախ այն արդյունավետ կերպով թեթևացնում է ՍԱԽ-ի ախտանիշները մարդկանց մեծ մասի համար:
Նախքան լույսատուփ գնելը, խոսեք ձեր բժշկի հետ ձեզ համար լավագույն տեսակի մասին և ծանոթացեք տարբեր հնարավորությունների և տարբերակների հետ, որ գնեք բարձրորակ արտադրանք, որն անվտանգ և արդյունավետ է: Հարցրեք նաև, թե ինչպես և երբ օգտագործել լուսատուփը:
Հոգեթերապիա
Հոգեթերապիան (փսիխոթերապիա), որը նաև կոչվում է խոսակցական թերապիա, ՍԱԽ-ի բուժման մեկ այլ տարբերակ է: Հոգեթերապիայի մի տեսակ, որը հայտնի է որպես կոգնիտիվ վարքային թերապիա, կարող է օգնել ձեզ, որ՝
- սովորեք ՍԱԽ-ի դեմ պայքարելու առողջ ուղիներ, հատկապես խուսափողական վարքագիծը նվազեցնելու և խելամիտ գործեր նախատեսելու հարցում
- բացահայտեք և փոխեք բացասական մտքերն ու վարքագծերը, որոնք կարող են ավելի վատթարացնել ձեր վիճակը և տրամադրությունը
- սովորեք, թե ինչպես կառավարել սթրեսը
- ստեղծեք առողջ վարքագիծ, ինչպիսիք են ֆիզիկական ակտիվության բարձրացումը և քնի ռեժիմի բարելավումը:
Դեղորայքային բուժում
ՍԱԽ ունեցող որոշ մարդիկ օգտվում են հակադեպրեսանտային բուժումից, հատկապես, եթե ախտանիշները ծանր են:
Հակադեպրեսանտ Բուպրոպիոնի երկարաժամկետ ազդեցության տարբերակը (Վելբուտրին XL, Ապլենզին) կարող է օգնել կանխել դեպրեսիվ դրվագները ՍԱԽ-ի պատմություն ունեցող մարդկանց մոտ դեպրեսիվ դրվագների կանխարգելմանը: Այլ հակադեպրեսանտներ նույնպես կարող են նշանակվել ՍԱԽ-ի բուժման համար:
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ սկսել հակադեպրեսանտներով բուժումը՝ մինչև ձեր ախտանիշները սովորաբար սկսվում են ամեն տարի: Նա կարող է նաև խորհուրդ տալ, որ դուք շարունակեք ընդունել հակադեպրեսանտն այն ժամանակից հետո, երբ ձեր ախտանիշները սովորաբար անհետանում են:
Հիշեք, որ հակադեպրեսանտների լիարժեք օգուտները զգալու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Բացի այդ, դուք կարող եք փորձել տարբեր դեղամիջոցներ, նախքան գտնելը, որն է ձեր դեպքում ավելի լավ ազդում և ունի նվազագույն կողմնակի ազդեցություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024