Ցնցումային նոպան երբեմն կարող է բերել իրավիճակների, որոնք վտանգավոր են ինչպես տվյալ մարդու, այնպես էլ մյուսների համար:
Ցնցումային նոպայի ավելի հաճախ հանդիպող վտանգները կամ բարդությունները ներկայացված են ստորև:
- Տրավմաներ. ցնցման սկզբում վայր ընկնելով կարող եք վնասել ձեր գլուխը կամ ստանալ կոտրվածքներ:
- Ջրախեղդություն. եթե լողալիս կամ լոգարանում սկսվում է ցնցումային նոպա, կարող եք ենթարկվել ջրախեղդ լինելու վտանգին:
- Ավտովթարներ և դժբախտ պատահարներ. գիտակցության խանգարում կամ ուշադրության կենտրոնացման կորուստ առաջացնող ցնցումը կարող է վտանգավոր լինել, եթե մեքենա եք վարում կամ որևէ սարքով գործ եք անում:
- Հղիության բարդություններ. հղիության ընթացքում ցնցումները կարող են վտանգ ներկայացնել ինչպես կնոջը, այնպես էլ չծնված երեխային: Որոշ հակաէպիլեպտիկ (հակացնցումային) դեղեր կարող են բարձրացնել նորածնի մոտ բնածին արատների հավանականությունը: Եթե ունեք էպիլեպսիա և ցանկանում եք հղիանալ, քննարկեք այս հարցը ձեր բժշկի հետ:
- Հուզական առողջության խնդիրներ. ցնցումներ ունեցող անձինք ավելի հավանական է, որ կունենան հոգեբանական խնդիրներ, օրինակ՝ դեպրեսիա և տագնապ: Նման խնդիրները կարող են կապված լինել ինչպես բուն հիվանդությանը դիմակայելու դժվարությունների, այնպես էլ դեղերի կողմնակի ազդեցությունների հետ:
Ցնցումային նոպայի այլ՝ կյանքին սպառնացող բարդությունները թեև հազվադեպ, սակայն կարող են հանդիպել:
- Էպիլեպտիկ վիճակ (status epilepticus). սա այն վիճակն է, երբ ցնցումները շարունակվում են 5 րոպեից երկար կամ առանց լիարժեք գիտակցության գալու ցնցումները հաճախակի հաջորդում են մեկը մյուսին (մեկ ժամվա ընթացքում՝ առնվազն երկու անգամ): Էպիլեպտիկ վիճակում հայտնված մարդու մոտ բարձրանում է ուղեղի անդառնալի վնասման և մահվան ռիսկը:
- Էպիլեպտիկ հանկարծամահություն (անգլերեն հավապումը՝ SUDEP). էպիլեպսիայով մարդկանց մոտ առկա է հանկարծամահության փոքր ռիսկ, որի հստակ պատճառը պարզ չէ, սակայն ըստ որոշ հետազոտությունների կարող են լինել սրտային կամ շնչառական հիվանդությունները: Հաճախակի տոնիկ-կլոնիկ ցնցումներով և բուժումից դուրս մնացած անձանց մոտ SUDEP-ի ռիսկը աճում է: Ընդհանուր առմամբ, էպիլեպսիայով անձանց մոտ 1 տոկոսը մահանում է այս բարդությունից:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024