Ցնցումային նոպայից հետո բժիշկը մանրակրկիտ կերպով կուսումնասիրի ձեր գանգատները և մյուս ախտանիշները, ինչպես նաև հիվանդության պատմությունը:
Բժիշկը կարող է առաջարկել մի շարք հետազոտություններ, որպեսզի պարզի ցնցումների պատճառը և գնահատի դրանց կրկնման հավանականությունը:
Վերոնշյալ հարցերի պատասխանները գտնելիս ավելի հաճախ նշանակվում են հետևյալ հետազոտությունները:
- Նյարդաբանական զննում. բժիշկը կարող է գնահատել ձեր վարքագծերը, շարժողական ունակությունները և մտավոր գործունեությունը՝ որոշելու, թե արդյոք դուք ունեք ուղեղի կամ նյարդային համակարգի հետ կապված որևէ խնդիր:
- Արյան թեստեր. բժիշկը կարող է չափել ձեր արյան գլյուկոզի մակարդակը կամ առաջարկել արյան նմուշառում՝ վարակներ, գենետիկական հիվանդություններ կամ էլեկտրոլիտային շեղումներ հայտնաբերելու համար:
- Գոտկային պունկցիա. եթե բժիշկը կասկածում է, որ ցնցումային նոպայի հավանական պատճառը ուղեղի վարակային ախտահարումն է, ապա ձեզ կարող է առաջարկել գոտկային պունկցիայի միջոցով ողնուղեղային հեղուկի նմուշառում, որն էլ ուղարկվում է լաբորատորատորիա:
- Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ). սա անցավ և անվտանգ հետազոտություն է, որի ժամանակ ձեր գլխամաշկին դրվում են էլեկտրոդներ և հատուկ սարքի միջոցով գրանցվում ուղեղի էլեկտրական ակտիվությունը: ԷԷԳ-ն կարող է օգնել բժշկին, որպեսզի գնահատի ապագայում ցնցումների կրկնման հավանականությունը կամ բացառի էպիլեպսիային նմանվող հիվանդությունները:
Որոշ, դժվար ախտորոշվող դեպքերում բժիշկը կարող է առաջարկել նաև պատկերային հետազոտություններ՝
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
- համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)
- պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ)
- եզակի-ֆոտոնային էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիա (SPECT):
Ձեր բժշկի հետ նախապես քննարկեք այս հետազոտություններից յուրաքանչյուր օգուտները, առավելությունները և հնարավոր ռիսկերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024