Skip to main content

Ոչ միշտ է, որ ցնցումային նոպա ունեցած անձը հետագայում ևս կունենա նմանատիպ կամ այլ ցնցումներ:

Ոչ հազվադեպ ցնցումը կարող է լինել լինել եզակի դրվագ, և բժիշկը որոշի չսկսել բուժումը, քանի դեռ չեք ունեցել նոր նոպա:

Ցնցումների բուժման նպատակը դրանց դադարեցնող լավագույն բուժումը գտնելն է, որն ունի նվազագույն կողմնակի ազդեցություններ:

Դեղամիջոցներ

Ցնցումների դեղորայքային բուժումը ներառում է հակացնցումային դեղեր ընդունելը: Այս խմբի դեղերն այլ կերպ կոչվում են «հակակոնվուլսանտներ»:

Կան բազմաթիվ տարբեր հակացնցումային դեղեր, օրինակ՝ FDA-ի կողմից հաստատված Կաննաբիդիոլը (Էպիդիոլեքս), որը ստացվում է մարիխուանայից և նշանակվում է 2 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաներին:

Ցնցումների դեղաբուժման նպատակն այնպիսի դեղամիջոց ընտրելն է, որը լավագույն կերպով կանխարգելում է նոր նոպայի առաջացումը և միևնույն ժամանակ դրսևորում նվազագույն կողմնակի ազդեցություններ: Որոշ դեղեպքերում բժիշկը կարող է նշանակել մի քանի հակացնցումային դեղեր:

Դեղի և դեղաչափի ընտրությունը բարդ գործընթաց է և կարող է խլել որոշակի ժամանակ: Չի բացառվում, որ բժիշկը ժամանակ առ ժամանակ փոփոխի նշանակված դեղամիջոցը կամ դեղաչափերը՝ մինչև գտնի ձեզ առավելագույնս համապատասխանող դեղն ու դրա դեղաչափը: Այս ընթացքում նա հիմնվում է ձեր հիվանդության, տարիքի, ընդհանուր առողջական վիճակի, ցնցումների հաճախականության, ձեր կողմից ընդունվող այլ դեղերի հետ հնարավոր փոխազդեցության և այլ գործոնների վրա:

Սննդակարգ

Պարզվել է, որ ճարպերով հարուստ և ածխաջրերից աղքատ այսպես կոչված «կետոգեն» սննդակարգը կարող է բարելավել ցնցումների կառավարմանը: Սակայն նման սննդակարգը շատ խիստ է և հետևելու համար՝ դժվար: Կետոգեն սննդակարգի ձևափոխումներից է այսպես կոչված «Ատկինյան սննդակարգը», որը ավելի փոքր արդյունավետություն ունի, սակայն ավելի հեշտ է հետևել:

Վիրահատություն

Եթե այլ բուժումները ցանկալի արդյունք չեն տալիս, բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն, որի նպատակը ցնցումային օջախը վերացնելն է: Վիրահատությունը լավագույն արդյունք է տալիս, երբ ցնցումները ծագում են ուղեղի նույն շրջանից:

Կան ցնցումային նոպայի վիրահատական բուժման տարբեր տեսակներ, այդ թվում՝

  • լոբէկտոմիա (լեզիոնէկտոմիա)
  • բազմակի սուբպիալ տրանսեկցիա
  • կորպուս կալլոզոտոմիա
  • հեմիսֆերէկտոմիա (հեմիսֆերոտոմիա)
  • ջերմային աբլացիա (լազերային ինտերստիցիալ ջերմային բուժում):

Եթե բժիշկը ձեզ առաջարկում է վիրահատություն, ապա քննարկեք նրա հետ վիրահատական այս մեթոդներից յուրաքանչյուրի ցուցումները, օգուտները, առավելությունները և հնարավոր ռիսկերն ու հետևանքները:

Էլեկտրական խթանում

Ցնցումային նոպաները կարող են մեղմացվել էլեկտրական խթանման որոշ մեթոդներով, այդ թվում՝

  • թափառող (վագուս) նյարդի խթանում
  • ռեսպոնզիվ նեյրոստիմուլյացիա
  • խոր ուղեղային խթանում:

Եթե բժիշկը ձեզ առաջարկում է էլեկտրական խթանում, ապա քննարկեք նրա հետ այս մեթոդներից յուրաքանչյուրի ցուցումները, օգուտները, առավելությունները և հնարավոր ռիսկերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024