Բժիշկները հաճախ նշանակում են մի քանի թեստեր և հետազոտություններ՝ փորձելով պարզել հիմքում ընկած վարակը:
Արյան թեստեր
Արյան նմուշը կարող է օգտագործվել, որ ստուգվի՝
- վարակի ապացույցը
- արյան մակարդման հետ կապված խնդիրները
- լյարդի կամ երիկամների գործառույթների խանգարումները
- թթվածնի ավելի ցածր մակարդակը, քան անհրաժեշտ է օրգանիզմին
- էլեկտրոլիտների անհավասարակշռությունը:
Այլ լաբորատոր թեստեր
Վարակի աղբյուրը գտնելու այլ լաբորատոր թեստերի համար կարող են հետազոտվել հետևյալ նմուշները՝
- մեզ
- վերքից հեղուկ արտադրուկ
- շնչառական ուղիներից լորձ և թուք:
Պատկերային հետազոտություններ
Եթե վարակի շրջանը (աղբյուրը) հեշտությամբ չի հայտնաբերվում, ձեր բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ: Պատկերային հետազոտությունների որոշ օրինակները ներառում են հետևյալը:
- Ռենտգեն հետազոտություն. կրծքավանդակի ռենտգենը կարող է ցույց տալ ձեր թոքերի վարակները:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). այս սարքը օգտագործում է ձայնային ալիքներ՝ տեսաէկրանի վրա իրական ժամանակում պատկերներ ստեղծելու համար: Գերձայնային հետազոտությունը կարող է ցույց տալ լեղապարկի և երիկամների վարակները:
- Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). այս սարքը ռենտգենյան ճառագայթներ է ուղարկում տարբեր անկյուններից և միավորում է դրանք՝ ցույց տալու մարմնի ներքին կառուցվածքների խաչաձև հատված շերտավոր պատկերները: Լյարդի, ենթաստամոքսային գեղձի կամ որովայնի այլ օրգանների վարակներն ավելի հեշտ են հայտնաբերվում ԿՏ-ի ժամանակ:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). այս սարքն օգտագործում է ռադիոալիքներ և ուժեղ մագնիս՝ խաչաձև կամ եռաչափ (3D) պատկերներ ստանալու համար: Այն կարող է օգտակար լինել փափուկ հյուսվածքներ կամ ոսկրային վարակներ հայտնաբերելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-07-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024